ՀԱՅԿ ԱՄԱԼՅԱՆ
Բան. գիտ. դոկտ., պրոֆ.
Ա. Ե-Է դարեր
Բառարանագրությունը հայ մշակույթի հին և հարուստ մի բնագավառ է։ Հայ մատենագրության գրեթե բոլոր բնագիր ու թարգմանական գործերում հանդիպում են բազմաթիվ ստուգաբանություններ, բառամեկնություններ, օտար բառերի թարգմանություններ, առանձին ոճերի ու դարձվածների բացատրություններ, որոնք բնագրերի շարադրանքում կամ լուսանցքներում կատարվել են հեղինակների, հետագայում նաև այլ անձանց կողմից։Հինգերորդ դարի երկրորդ կեսում հայ մատենագրությունը հարստանում է գիտությունների տարբեր բնագավառներին վերաբերող նոր բնագրերով. հանդես են գալիս մեկնողական երկեր, ուսուցողական նպատակներ հետապնդող համառոտ շարադրանքներ, գրոց լուծումներ, որոնք վերաբերում են փիլիսոփայությանը, քերականությանը, ճարտասանությանը և այլ գիտություններին։ Մատենագրության և դպրոցի ընդհանուր վերելքի պայմաններում ծնվեցին հայ բառարանագրության առաջին գործերը՝ սահմանումների հավաքածուներն ու զանազան բառացանկեր։ Սահմանումների ցանկերը գրված են հունաբան շրջանի հայ նեոպլատոնական փիլիսոփաների կողմից։ Այդ ցանկերը, որոնք, ըստ լեզվաոճական առանձնահատկությունների, գրված են 5-6-րդ դարերում, վերաբերում են Արիստոտելի, Պլատոնի, Պորփյուրի և այլ փիլիսոփաների հայերեն թարգմանություններին և մեկնություններին։ Այնուհետև, 7-8-րդ դարերում, Նեմեսիոս Եմեսացու և Գրիգոր Նյուսացու երկերի հայերեն թարգմանություններից հետո ի հայտ են գալիս նոր ցանկեր՝ բնագիտական ու բժշկական աշխատություններից վերցված սահմանումներով։ Ցանկերի նախագաղափար օրինակները, որոնք հավանաբար ավելի ընդհարձակ են եղել, չեն պահպանվել։
Վաղ միջնադարում բառարանագրական ամբողջ աշխատանքը սահմանափակվում է բնագրերի շարադրանքում և լուսանցքներում կատարվող բառամեկնություններով, ապա բառացանկերի կազմությամբ։ Այն միակողմանի է, վերաբերում է հիմնականում փիլիսոփայական և բնագիտական աշխատություններին և ուսումնական նպատակներ ունի։
Հայ մշակույթի մեջ առաջին այբբենական բառարանը հունարեն մի երկաթագիր ձեռագրից թարգմանված Աստվածաշնչի բառարանն է, որն անհայտ հայ թարգմանչի կողմից անվանվել է «Բառք Եբրայեցւոց»։ Դրան հաջորդում է «Բառք Գաղիանոսի» կոչվող բառարանը։ Այդ երկուսն էլ հունաբան շրջանում, հավանաբար 6-7-րդ դարերում գրված գործեր են։ Չի բացառվում այլ հին բառարանների (մասնավորապես «Բառք քերթողականք», «Հանդէս բանաստեղծաց», «Բառք քերականին» և այլն) մինչև 10-րդ դարը գրված լինելու հավանականությունը։ Հայտնի է միայն Եվրոպայում կազմված լատիներեն-հայերեն "Verba seu dictiones armeniorum" բառացանկը, որը հավանաբար գրվել է 9-րդ դարի վերջերին կամ 10-րդ դարի սկզբներին։ Հիշատակված բառարանների գրության ստույգ ժամանակներն ու հեղինակները հայտնի չեն. մինչև 11-րդ դարը կազմված բառարանագրական հուշարձաններ պարունակող ձեռագրեր չեն պահպանվել։
Հայ բառարանագրության ծավալումն սկսվում է 10-րդ դարի վերջերից, որը և տևում է մինչև 16-րդ դարը։ Այդ զարգացումը տեղի էր ունենում հայ մշակույթի աշխուժացման ու վերելքի պայմաններում։ Դպրոցներում սկսվում է նոր առարկաների դասավանդումը, մեծ ուշադրության են արժանանում բնագիտության, մաթեմատիկայի, օտար լեզուների ուսումնասիրությունը, խորացվում և բարձր մակարդակի վրա է դրվում փիլիսոփայության, քերականության, տրամաբանության, ճարտասանական արվեստի և այլ առարկաների դասավանդումը։
Ժամանակը, բնականաբար, ստեղծեց իր պահանջները բավարարող նոր բառարաններ։ Հայ միջնադարյան բառարանագրության մեջ 11-15-րդ դարերը ծավալման, հարստացման ու կատարելագործման ժամանակներ են։ Սակայն 16-րդ դարում գրված բառարաններ մեզ չեն հասել, իսկ հին բառարանների ընդօրինակությունները շատ չեն։
Բ. Է-ԺԵ դարեր
Բառարանագրության 7-15-րդ դարերի շրջանը բնութագրվում է հետևյալ գծերով։ա. Բառարանագրությունը գործառում է գիտության ու մշակույթի բոլոր ոլորտներում, ստեղծվում են նոր բառարաններ ու բառացանկեր։
բ. Բառարանների միացումով կազմվում են հավաքական բառարաններ։
գ. Զարգանում է բառարանագրական տեխնիկան։
դ. Բառարանագրությունն իր առաջընթացի մեջ դեռևս միակողմանի է. լեզվի կամ առանձին աշխատությունների, հեղինակային երկերի ամբողջ բառապաշարն ընդգրկող բացատրական, թարգմանական, հոմանիշների և այլ բնույթի լեզվական բառարաններ դեռևս չկան, լայն ընդգրկում ունեն մասնագիտական՝ գլխավորապես բժշկական բառարանները։
ե. Բառարանագրությունն արդեն ձևավորված, մշակութային ինքնուրույն բնագավառ է և կարևոր դեր է կատարում մատենագրության, գիտության, մանկավարժության մեջ, ինչպես նաև առօրյա կյանքում։
Գ. ԺԷ դար
17-րդ դարում վերստին շարունակվում է բառարանագրության առաջընթացը։ Սակայն նկատելի է, որ աշխատանքը թեքվում է դեպի բանասիրության և բժշկության ոլորտները՝ հատկապես դեպի Աստվածաշունչ և «Անգիտաց անպէտ»։ Ուշ միջնադարյան բառարանագրությունը մեծ նվաճումների է հասնում թարգմանական բառարանների ասպարեզում։ Ստեղծվում են ծավալուն ու կանոնավոր կառուցվածք ունեցող բառարաններ, սկսվում է տպագրությունը։Ձեռագրերում բառարանները ներկայանում են «բառք», «բառգիրք», «բառի գիրք», «լուծումն բառից», «թարգմանութիւն բառից», «մեկնութիւն բառից», «սահմանք հաւաքումն բառից», «գումարումն բառից» և այլ անվանումներով, որոնցից հնագույնը և առավել տարածվածը «բառքն» է։ Բառացանկը կոչվում է «տուն» կամ «համաշարումն»։
Ըստ բնույթի և նշանակության՝ մինչև 18-րդ դ. ձեռագրերով ավանդված բառարանները բացատրական, թարգմանական, ուղղագրական, հոմանիշների, ճարտասանական, հատուկ անունների, բարբառային (գավառական), մասնագիտական, հանրագիտական, բառա-դարձվածային և ուսումնա-վարժական բառարաններ են։
Դ. Բացատրական բառարաններ
Այս խմբին են դասվում հայ հին մատենագրության երկերի բառեր բացատրող բառարանները։ Գլխաբառին, որպես բացատրություն, առադրվում է նրա ավելի գործածական ու հասկանալի հոմանիշը, քիչ դեպքերում նաև երկրորդը, հաճախ նաև բնագրերից նույնությամբ քաղված բառամեկնություններ։ Առաջին բացատրական բառարանը՝ «Բառք յունարէն» խորագրով, հին ծագում ունի, սակայն ձեռագրերում դրա մասին վկայությունները 13-րդ դարից են։ Բացատրական բնույթի են նաև «Բառք Փիլոնի», «Բառք խորանին», «Բառք քերթողականք», «Եւթներորդ գլուխ», «Զաքարիա գրչի բառարան», «Բառք վարդապետացն», «Բառք սուրբ գրոց», «Լուծումն բառից յԱստուածաշունչ գրոց», «Այս բառք Աստուածաշունչ գրոց», «Անանուն բառգիրք», «Բառք հայոց», «Բառք Նարեկացւոյն», «Բառք մեկնութեան Սաղմոսաց», «Բառք Պիտոյից գրքի», «Բառարան գրքիս», «Բառգիրք հայոց», «Հովսեփ վարդապետի բառարան» բառարանները։Բացատրական, ինչպես նաև այլ բնույթի բառարանները, ըստ աղբյուրային վերաբերության, կարող են լինել երկու տեսակի՝ մատենակից՝ մի որոշակի աշխատությանն առընթեր կամ անկախ՝ տարբեր աղբյուրներից վերցված բառերից կազմված։ Մատենակից բառարանների մի մասը հեղինակային բննօրինակ է, իսկ մնացած մասը համահավաք բնույթ ունի։
Հնագույն բառարանների ընդգրկումը փոքր է՝ 260-450 գլխաբառ։ Հետագայում՝ 10-րդ դարից սկսած, բառարանների ծավալն աստիճանաբար մեծանում է, բառացանկի ընդարձակումն ուղեկցվում է խմբագրումներով, նոր հոմանիշների ավելացումով, բառացանկի կառուցվածքի որոշ փոփոխումով։
Հայ միջնադարյան բառարանագրության լավագույն գործերից է «Բառք քերթողականք»-ը։ Դա մատենագրության տարբեր աղբյուրներից ընտրված բառերի իմաստները բացատրող բառարան է, որն իր տեսակի մյուս գործերից տարբերվում է բառացանկում բարբառային բառերի առկայությամբ, գլխաբառերի այբբենական կարգի բարվոքությամբ, ընդհանուր բնույթով և այլ հանգամանքներով։ Այս բառարանը հիմք հանդիսացավ հայերեն առաջին տպագիր «Բառգիրք հայոց» բառարանի համար՝ «Լուծումն բառից յԱստուածաշունչ գրոց» բառարանի համադրությամբ։ Արժեքավոր է նաև 17-րդ դարի վերջերին գրված «Հովսեփ վարդապետի բառարանը», որը միաժամանակ ունի հատուկ անունների մեկնություններ և հանրագիտական բնույթի բառարանին հատուկ բառահոդվածներ։ Բառարանում բերվում են ավելի քան 650 տեղանուններ, որքան չունի մինչև 18-րդ դարը գրված ոչ մի այլ բառարան։ Բավականին շատ են միաժամանակ հայերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն հոմանիշների օգնությամբ թարգմանվող օտար բառերը, կան նաև ստուգաբանություններ, բառակապակցություններ ու դարձվածաբանական միավորներ։
Ե. Թարգմանական բառարաններ
Այս տեսակի բառարանները հայ մատենագրության մեջ հայտնի են 7-8-րդ դարերից։ Դրանք մեծ մասամբ մեկ հոմանիշով թարգմանող երկլեզվյա բառարաններ են։ Բառացանկերում ընդգրկված են որոշ քանակի դարձվածաբանական միավորներ, բաղադրյալ հատուկ անուններ, տերմիններ և մասնագիտական բառեր։ Օտարալեզու բառերը հայերեն են թարգմանվում ոչ միայն գրական, այլև բարբառային բառերի միջոցով։ Բառացանկերը փոքր են, իսկ գլխաբառերը հիմնականում հայերեն բնագրերում գործածվող օտար տերմիններ են։Հնագույն թարգմանական բառարանը Աստվածաշնչի հատուկ անուններ մեկնող «Բառք եբրայեցւոց» բառարանն է, որը հունարենից հայերեն է թարգմանվել հունաբան դպրոցի գործիչների կողմից հավանաբար 6-7-րդ դարերում։ Բառարանում ստուգաբանվում են Հին և Նոր Կտակարանների շուրջ 1000 հատուկ անուններ։ Ապա գալիս է 9-րդ դ. վերջում կամ 10-րդ դ. սկզբում կազմված լատիներեն-հայերեն բառացանկը՝ թեմատիկ եղանակով դասավորված 90 լատիներեն բառերի թարգմանությամբ։ Պարսկերեն-հայերեն բառարանի հնագույն փորձն է «Բառք Վարդան գրոց» բառարանը, նույնպիսի փորձ է 13-րդ դ. հայ պատմագիր Կիրակոս Գանձակեցու «Պամտութիւն հայոց» երկում ընդգրկված հայերեն-մոնղոլերեն բառացանկը։ Այնուհետև բավականին ընդհարձակ ու կարևոր են արաբերեն-պարսկերեն-հայերեն և հայերեն-ղպչաղերեն բառարանները։ Բազմաթիվ օտար բառեր ու տերմիններ են թարգմանվում մասնագիտական և այլ բնույթի բառարաններում։
Զ. Ուղղագրական բառարաններ
Հնագույն ուղղագրական բառարանը 12-րդ դ. քերական, բառարանագիր ու գրիչ Արիստակես վարդապետի «Գրչութեան արուեստ» նշանավոր աշխատության վերջին մասն է՝ տասներորդ կանոնը։ Բառարանը հայոց լեզվի տվյալ շրջանի ուղղագրությունը լրիվ ընդգրկող ու նորմավորող աշխատություն չէ, այլ վերաբերում է հեղինակի մշակած նախորդ ինը կանոններին՝ Յ-ի գրության բոլոր դեպքերին։ Օրինակներով ու մանրամասն վերլուծություններով՝ սահմանում է կանոններ Յ-ի, ինչպես նաև անկայուն կամ երկգրություն ունեցող բառերի ու բառաձևերի՝ թվականների, դերանունների, առանձին հատուկ անունների և օտար բառերի, հնչյունափոխությունների, ոճական, շարահյուսական և ուղղագրական նշանակություն ունեցող այլ երևույթների վերաբերյալ։Հայերենի այդ առաջին ուղղագրական բառարանը հիմք հանդիսացավ գրաբարի հին ուղղագրության վերականգնման և կայունացման համար։
Է. Աստիճանք բառից
Այս յուրօրինակ բառարանը գրել է Արիստակես Համադանցին 1699 թվականին։ Բառերը դասավորված են ըստ վանկերի քանակի՝ միավանկ, երկվանկ, եռավանկ և այլն։ Բառի մեջ առկա վանկերի քանակով որոշվում է բառի աստիճանը։ Առաջին աստիճանի են միավանկ, երկրորդ աստիճանի՝ երկվանկ, երրորդ աստիճանի՝ եռավանկ բառերը և այլն։ Բառարանում բերվում են 1500 բառեր։ Հեղինակի նպատակն է օգնել աշակերտներին բառերը ճիշտ վանկատելու և տողադարձը ճիշտ կատարելու համար։Ը. Հոմանիշների բառարան
Միակ հուշարձանը 10-11-րդ դդ. մի անհայտ հեղինակի «Հանդէս բանաստեղծաց» բառարանն է՝ բնագրի երկու տարբերակներով՝ հոմանիշային խմբերի խառը և այբբենական դասավորությամբ։ Բառարանի 3-ից 50 բառ պարունակող 135-150 հոմանիշային խմբերում բերվում են բացարձակ, հարաբերական, ինչպես նաև գործառական-խոսքային հոմանիշներ։ Բառարանային այդ միավորների ընդհանուր թիվը 1470-1570 է։Թ. Ճարտասանական (բառա-դարձվածային) բառարաններ
Այս տեսակի բառարաններ չեն հանդիպում ուշ միջնադարյան հայ բառարանագրության մեջ։ Դրանք վերաբերում են խոսքի արվեստին, բառապաշարի հարստացմանը, այսինքն հիմնականում ուսումնա-վարժական նպատակներ հետապնդող լեզվական բառարաններ են։ Կան նման բառարանների երկու տեսակներ՝ բառամատույց և բանամատույց։ Առաջին տեսակը՝ բառամատույցը, միայն առանձին բառերի հավաքածու է և ծառայում է բառապաշարի հարստացմանը, իսկ մյուսը՝ դարձվածաբանական միավորներ, ոճական կապակցություններ, ասույթներ և այլ նման միավորներ է ընդգրկում։ Բառարանների այդ խմբում իրենց յուրահատուկ կառուցվածքով մի առանձին ենթախումբ են կազմում այբուբեն-բառացանկերը կամ այբուբեն-բանացանկերը, որոնք նախատեսված են ցածր դասարաններում սովորող աշակերտների համար։Ճարտասանական կամ բառադարձվածային բառարաններն ու բառացանկերը՝ «Բառամատույց բառարան», «Բառք գովասականք», «Բառք գովասական վասն տղայոց ուսման», «Գովասական բառարան», ապա խոսքի և համարողական արվեստի այբուբեն-բառացանկերը՝ «Այլ ինչ բան ըստ այբուբենից իմաստիցս», «Այլ ինչ իմաստք», «Այլ նիւթք իմաստութեան այբուբենիս ըստ արփիցն բազմազանեալ իմաստ», «Այլ նիւթք իմաստութեան յանեղ բանն, որ ի հաւրէ», «Այլ նիւթք իմաստութեան տառիս», «Այլ ինչ իմաստ քերթողական բանից», «Այլ նիւթք իմաստասիրական տառիցս», «Այլ ինչ իմաստք տառիցս» հնագույն ծագում ունեն և ստեղծվել են նույնպես հայերենի հունաբան շրջանում։
Ժ. Հատուկ անունների բառարաններ
Աստվածաշնչի հատուկ անուններ են մեկնաբանում և ստուգաբանում «Բառք եբրայեցւոց», «Մեկնութիւն անուանց եբրայեցւոց լեզուէ ի հայ բարբառ» և հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչին կից՝ «Եբրայեցւոց, Քաղդեացւոց եւ Յունաց անուանց թարգմանութիւն» բառարանները։ Տեղանուններ են մեկնում «Անուանք քաղաքաց» և այլ ցանկերը։«Բառք Եբրայեցւոց»-ը 6-7-րդ դդ. հունարենից թարգմանված բառարան է։ Հունարեն օրինակն էլ թարգմանված է եբրայերենից։ Այդ հուշարձանն առաջին հայերեն ընդհարձակ բառարանն է, որ իր բառացանկում ունի 900-1000 բառահոդված՝ գլխաբառերի այբբենական դասավորությամբ։ Հատուկ անունները, ըստ իմաստի ու նշանակության, կարելի է բաժանել երեք խմբի՝ անձնանուններ (onomaetiաh), տեղանուններ (topwnumikh), ժողովուրդներ, ցեղեր, տոհմեր, հավատներ, աղանդներ և այլն։ Բառարանի աղբյուրն Աստվածաշունչն է։
ԺԱ. Մասնագիտական բառարաններ
Միջնադարյան մասնագիտական բառացանկերն ու բառարանները մեծ մասամբ վերաբերում են բժշկությանը և փիլիսոփայությանը։ Դրանք են՝ «Սահմանք փիլիսոփայականք», «Սահմանք իմաստասիրականք միջակք», «Բարոյական եղանակի սահմանք», «Բանականի մասին սահմանք», «Սահմանք մասանց պէսպէս շարժմանց և կրից», «Սահմանք իմաստասիրականք», «Անուանք յունարեն», «Մասունք մարմնոյ», «Յաղագս տնկոց», «Նիւսացւոյ», «Բառք Գաղիանոսի», «Թարգմանութիւն դեղոց», «Անուանք դեղերոյ», «Վասն դեղերուն», «Բառք բժշկական վարդապետաց», «Բառ և պատմութիւն մեկնած ամենայն ցավոց», «Վասն բառերու», «Ախրապատին Ա-Ք», «Բառք ի վերայ ամենայն բժշկական վարդապետացն, պատմութիւն վասն դեղերուն», «Անգիտաց անպէտ», «Քսանմեկ դուռն», «Բառք քերականին», «Հոլովք անուանց և խոնարհմունք բայից», «Քերականական բառարան» (Կղեմես Գալանոսի) և այլ բառարաններ։Սահմանումների ցանկերը երբեմնի ավելի ընդհարձակ ու ամբողջական ցանկերի հատվածներ են, գրված 5-7-րդ դարերում, բովանդակում են Արիստոտելի, Պլատոնի, Զենոնի, Էմպեդոկլեսի, Հերմեսի, Դավիթ Անհաղթի, Նեմեսիոսի, Նյուսացու և այլ հեղինակների աշխատություններից քաղված համառոտ և ընդհարձակ սահմանումներ։
ԺԲ. Բժշկագիտական բառարաններ
Բժշկական բառարաններից հնագույնը՝ «Բառք Գաղիանոսի», մեկնում է հռչակավոր բժիշկ Գաղիանոսի (Գալեն, 2-րդ դ. մ. թ. ա.) աշխատության 420, հետագա ավելացումներով՝ 550 հունարեն, նաև որոշ քանակի արաբերեն և անհայտ ծագման բառեր՝ բույսերի, կենդանիների, թռչունների, սննդանյութերի, ըմպելիքների, մարմնի մասերի, հիվանդությունների և այլ անուններ։«Բառք բժշկական վարդապետաց» բառարանի վերնագիրն ընդհարձակ է՝ «Բառք են այսոքիկ, որ յայժմ կոչի բառարան։ Շարայարեցեալ բժշկական վարդապետաց հնոց և նորոց արարեալ ի վերայ այբուբենի»։ Սա բառարան կոչվող առաջին հուշարձանն է՝ գրված 17-րդ դ. վերջերին մի բժշկական ժողովածուի մեջ։ Կառուցվածքով՝ այս բառարանը չի տարբերվում իր տեսակի նախորդներից, նորություն չի մուծում բառարանագրական տեխնիկայում։ Կարևորն այն է, որ բառարանը, որոշ բառերի կրկնումով, իր բառացանկում ու մեկնություններում պարունակում է 10600 բառ, այսինքն՝ երկուս ու կես անգամ ավելի «Անգիտաց անպէտի» բառերից։ Բառարանը մեր միջնադարյան բժշկական գրականության մասնագիտական բառապաշարն ամփոփոխ գանձարան է։
Իրենց տեսակի մեջ մասնագիտական բառարանները նույնպես տարբերվում են, օրինակ՝ բժշկական բառարանները լինում են ընդհանուր, դեղաբանական, ախտաբանական և այլն։
ԺԳ. Հանրագիտական բառարաններ
Այս բնույթի միայն երկու բառարան կա ամբողջ հայ միջնադարյան բառարանագրության մեջ՝ «Անգիտաց անպէտ» և «Հովսեփ վարդապետի բառարանը»։«Անգիտաց անպէտ»-ը հարուստ ու կատարյալ բառարան է, ստեղծվել է 1478-1482 թվականներին։ Հեղինակը՝ Ամիրդովլաթ Ամասիացին, այդ անզուգական բառարանը ստեղծել է՝ օգտագործելով ժամանակի բոլոր հայտնի բժշկական աշխատություններն ու բառարանները։ Գլխաբառերը դասավորված են այբբենական կարգով, բացատրվում են հայերեն, արաբերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն, թուրքերեն գրական, ինչպես նաև բարբառային ու խոսակցական լեզվի հոմանիշների օգնությամբ։ Բառահոդվածներն ընդարձակ են, մեկնություններից բացի հաղորդում են բազմապիսի տեղեկություններ՝ ամփոփելով այն ամենը, ինչ այն ժամանակ հայտնի էր բժշկությանը։ Բառարանը պարունակում է 3754 ընդհարձակ և համառոտ բառահոդված։ Այսինքն՝ ավելի շատ, քան այն ժամանակ արաբական ու հունական նմանօրինակ երկերը, որոնք օգտագործել է Ամիրդովլաթը։ Նա առաջին անգամ հայ բառարանագրության պատմության մեջ ստեղծեց իսկական բառարան՝ արդի իմաստով, ընդհարձակեց բառահոդվածը՝ այն օժտելով հղումներով, վկայություններով, մեկնության տարբեր եղանակների կիրառումով և այլ գծերով։
ԺԴ. Միջնադարյան բառարանների բնութագիրը
Միջնադարյան բառարանների՝ վերևում կատարված դասակարգումը որոշ իմաստով պայմանական է և բառարանների միջև անթափանցելի անջրպետներ չի ենթադրում և չի բացառում ավելի հարմար դասակարգումների հնարավորությունը։ Բոլոր դեպքերում հին բառարաններն ինքնատիպ գործեր են և համապատասխան գիտական մոտեցում են պահանջում։ Դրանց դասակարգման և ուսումնասիրության համար ժամանակակից բառարանագրական նորմերն ու ըմբռնումները միայն ընդհանուր կողմնորոշող նշանակություն պիտի ունենան։Միջնադարյան բառարանագրության հիմնական աղբյուրը հայ մատենագրությունն է։ Կան նաև բառացանկեր և բառարաններ, որոնք, աղբյուրային վերաբերությամբ, օտար ծագում ունեն, ինչպես օրինակ՝ Հայատառ հունարեն բառացանկ, Լատիներեն-հայերեն բառացանկ, «Բառք Եբրայեցւոց, «Արաբերեն-պարսկերեն-հայերեն բառարան» և այլն։
Բառարաններ կազմվել են հայ մատենագրության թե՛ բնօրինակ և թե՛ թարգմանական երկերի վերաբերյալ։ Ընդ որում մինչև 14-րդ դ. ուշադրության կենտրոնում են թարգմանական երկերը՝ Աստվածաշնչի, Դիոնիսիոս Թրակացու, Արիստոտելի, Պլատոնի, Զենոնի, Հերմեսի, Էմպեդոկլեսի, Փիլոնի, Ոսկեբերանի, Բարսեղ Կեսարացու, Եփրեմի, Գաղիանոսի, Նյուսացու, Նեմեսիոսի և այլոց բնագրերն ու նրանց զանազան հայերեն մեկնությունները։ Այնուհետև, մինչև 18-րդ դ. բառարանագրական աշխատանքի հիմնական ուղղությունը բնօրինակ երկերն են՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհանես Երզնկացու, Ներսես Լամբրոնացու, Գրիգոր Տաթևացու, Ամիրդովլաթ Ամասիացու և այլ հեղինակների մատենագրությունները։ Այդ շրջանում Աստվածաշունչը միայն հատուկ անունների աղբյուր չէր, այլ, առհասարակ, դարձվածաբանական միավորների հարուստ շտեմարան։ Ուշադրության են արժանանում նաև հայերեն բարբառները։ Բառարանագրության համար, այնուամենայնիվ, առաջնահերթ կարևորություն են ունեցել այն երկերը, որոնք ուսումնասիրվել և օգտագործվել են որպես դասագիրք։
Լեզվի բառային կազմն ամբողջությամբ ընդգրկելը հայ միջնադարյան բառարանագրության խնդիրը չէ։ Բառարաններ կազմվում էին բնագրերում հանդիպող հնացած, անհասկանալի, բարբառային ու փոխառյալ բառային և դարձվածաբանական միավորների, տերմինների և այլ բառերի իմաստը բացատրելու, հասկանալի դարձնելու նպատակով։ Բառացանկերում ընդգրկված են նորաբանություններ, հնաբանություններ, բարբառային բառեր, օտար բառեր, տերմիններ, հատուկ անուններ, գովասանական բառեր և դարձվածներ, անվավեր բառեր։
ԺԵ. Միջնադարյան բառարանների կառուցվածքը
Հին բառարանների կառուցվածքի ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն բառարանագրության տեսության ու տեխնիկայի, այլև աղբյուր-բնագրերի բանասիրական և աղբյուրագիտական հարցերի լուսաբանման տեսակետից։ Բառարանագրության տեսություն արդի իմաստով գոյություն չուներ, սակայն մշակվել էին բառարաններ կազմելու ընդհանուր սկզբունքներ, փորձ ու ավանդույթ։ Բառարանները պարզունակ կառուցվածք ունեին՝ բառերի խառն դասավորությամբ, համառոտ, մեծ մասամբ միաբառ հոմանիշային մեկնություններով։ Սկսած 15-րդ դ. սկսվում է որոշ բարելավում բառացանկերում, նկատելի են բառերի դասավորության հետևյալ ձևեր։ա. Մասնակի այբբենական դասավորություն՝ գլխաբառերի երկրորդ, ապա երրորդ և նույնիսկ հաջորդ տառերի հաշվառումով։
բ. Բառերի խմբավորում բառացանկի մի որևէ հատվածում ըստ նախածանցների։
գ. Փնջային կամ բնային դա
