ՀՈԴՎԱԾՆԵՐ: ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
փիլ. գիտ. թեկ.


Ա. ՆԱԽԱԲԱՆ
Բ. ՀԻՆ ՇՐՋԱՆ
Գ. Ե-Զ ԴԱՐԵՐ
Դ. Ը-ԺԱ ԴԱՐԵՐ
Ե. ԺԱ-ԺԲ ԴԱՐԵՐ
Զ. ԺԳ ԴԱՐ
Է. ԺԴ-ԺԵ ԴԱՐԵՐ
Ը. ԺԷ ԴԱՐ
Թ. ԺԸ-ԺԹ ԴԱՐԵՐ



Ա. ՆԱԽԱԲԱՆ

Մատենադարանի ձեռագրային ֆոնդում նշանակալից տեղ է զբաղեցնում փիլիսոփայական գրականությունը, ինչը պերճախոս վկայում է միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի զարգացածության մասին։ Մատենադարանում պահվում են բազմաթիվ հայ փիլիսոփաների՝ Մեսրոպ Մաշտոցի (մոտ 362-340), Եզնիկ Կողբացու (5-րդ դ.), Դավիթ Անհաղթի (5-6-րդ դ.), Անանիա Շիրակացու (595-685), Հովհան Օձնեցու (մահ. 728), Հովհաննես Սարկավագի (1050-1129), Մխիթար Գոշի (մահ. 1213), Հովհաննես Պլուզ Երզնկացու (մահ. 1293), Վահրամ Րաբունու (13-րդ դ.), Հովհան Որոտնեցու (1315-1386), Գրիգոր Տաթևացու (1345-1409), Առաքել Սյունեցու (14-15-րդ դ.), Սիմեոն Ջուղայեցու (մահ. 1675), Ստեփանոս Լեհացու (մահ. 1687), Հովհաննես Ջուղայեցու (1643-1715) և ուրիշների աշխատություններ։

Դրանք մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայ, այլև արևելաքրիստոնեական, մուսուլմանական և արևմտաեվրոպական փիլիսոփայության պատմության ուսումնասիրության համար։ Բացի դրանից, Մատենադարանում պահվում են անտիկ և միջնադարյան նշանավոր փիլիսոփաների՝ Պլատոնի, Արիստոտելի, Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուր Փյունիկեցու, Պրոկլես Դիադոխոսի, Նեմեսիոս Եմեսացու, Կեղծ-Դիոնիսիոս Արեոպագացու, Հովհան Դամասկացու, Ժիլբերտ Պոռետացու, Ալբերտ Մեծի, Թովմա Աքվինացու, ինչպես նաև հայկական միջավայրում ստեղծագործած լատի մտածողներ Բարդուղիմեոս Բոլոնիացու(մահ. 1333), Պետրոս Արագոնացու(մահ. 1347), Կղեմես Գալանոսի(1610-1666) և այլոց երկերի արգմանությունները։

Բացառիկ գիտական արժեք են ներկայացնում այն թարգմանությունները, որոնց բնագրերը պահպանվել են միայն հայերեն լեզվով։ Դրանցից են՝ առասպելական Հերմես Եռամեծին վերագրվող «Առ Ասկղեպիոս Սահմանք», Փիլոն Ալեքսանդրացու «Յաղագս նախախնամության», «Յաղագս բան ունել և անասուն կենդանեացդ», «Այնոցիկ որ ի լինելութեանն խնդրոց և լուծմանց», Արիստոտելի «Կատեգորիաներ» և «Մեկնության մասին» երկերի անանուն մեկնությունները, Զենոն Իմաստասերի «Բնության մասին» և այլն։ Հայերեն պահպանված թարգմանությունները արժեքավոր են հատկապես այն առումով, որ դրանց զգալի մասը, լինելով ավելի հին, քան մայրենի լեզվով պահպանված բնագրերը, կարող են ծառայել դրանց բովանդակության ստուգման ու ճշգրտման, քննական բնագրերի հրատարակման գործին։

Թեև հայերն ունեցել են իրենց անտիկ փիլիսոփայության շրջանը (հայ և օտարազգի աղբյուրներում դրա մասի պահպանվել են սուղ տեղեկություններ), այնուհանդերձ, հայալեզու ազգային փիլիսոփայական միտքը ձևավորվում է հայոց գրերի գյուտից (405թ.) հետո։ Ինչպես քրիստոնեական մյուս ժողովուրդների, այնպես և միջնադարյան հայոց փիլիսոփայության զարգացման հիմքում ընկած են եղել երկու աղբյուր՝ Սուրբ Գիրքը, եկեղեցու հայրերի կրոնափիլիսոփայական վարդապետությունները և անտիկ հունական փիլիսոփայությունը։ Հայ փիլիսոփայության ձևավորմանն ու զարգացմանը նպաստեցին Սուրբ Գրքի, կրոնադավանաբանական և անտիկ փիլիսոփայական երկերի թարգմանությունները, որոնց միջոցով հայոց տեսական միտքը հաղորդակցվեց և յուրացրեց անտիկ և քրիստոնեական փիլիսոփայության արժեքները։

5-9-րդ դդ. Հայ փիլիսոփայության մեջ ձևավորվեցի երեք ուղղություն՝ քրիստոնեական ջատագովությունը, նորպլատոնականությունը և բնափիլիսոփայությունը։ Ջատագովական ուղղության ներկայացուցիչների (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ կողբացի, Եղիշե և ուրիշներ) առաջնահերթ խնդիրը քրիստոնեության ոգուն հարիր տիեզերաբանական, գոյաբանական, մարդաբանական, իմացաբանական և բարոյագիտական աշխարհատեսության մշակումն էր։

Եզնիկ կողբացին «Եղծ աղանդոց» երկում, քննադատելով անտիկ փիլիսոփաների, հեթանոսական կրոնների, գնոստիկական-աղանդավորական ուսմունքների դուալիստական նյութապաշտական և ճակատագրապաշտական դրույթները, հիմնավորում է միաստվածապաշտության, արարչագործության, մարդու կամքի ազատության սկզբունքները։Աստվածարդարացման իրենց տեսություններում հայ ջատագովները մերժում են չարիքի գոյացական բնույթի մասին միտքը, կարծելով, որ չարիքի պատճառը ոչ թե Աստված է, այլ անձնիշխան մարդու գործունեությունը։

Հայ փիլիսոփայության մեջ աշխարհիկ ուղղության հիմնադիր է նորպլատոնականության Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ Դավիթ Անհաղթը։ 5-6-րդ դդ., երբ Արևմուտքում փակվում էին անտիկ փիլիսոփայական դպրոցները, և փիլիսոփաները հալածվում էին, երբ հաղթանակած քրիստոնեական գաղափարախոսությունը վերապահումով էր ընդունում փիլիսոփայությունը, նա հանդես եկավ որպես փիլիսոփայության ջատագով։ Համոզված լինելով, որ փիլիսոփայությունը Աստծուց մարդուն տրված ամենամեծ պարգևն է, Դավիթ Անհաղթը «Փիլիսոփայության սահմանումներ» երկում, նախ, վարպետորեն հերքում է փիլիսոփայության գոյությունը ժխտող սկեպտիկների փաստարկները, այնուհետև, ներկայացնելով փիլիսոփայության վեց սահմանում, դրանց միջոցով բացահայտում է փիլիսոփայության էությունը, առարկան, խնդիրները, նպատակն ու նշանակությունը։

Բնության ուսումնասիրության անհրաժեշտությամբ հանդես եկավ բնափիլիսոփայական ուղղության հիմնադիր Անանիա Շիրակացին։ Ելակետ ընդունելով Ս. Գրքում գիտությունը և իմաստությունը փառաբանող մտքերը՝ Շիրակացին «Բնական իմաստության» ճշմարտությունները ներառում է հավատի տեսության մեջ, կարծելով, որ դրանք չեն հակասում Հայտնության ճշմարտություններին։ Նա ընդունում է երկրի գնդաձևության գաղափարը, կարևորում փորձի և մաթեմատիկական գիտելիքների դերը աշխարհաճանաչության գործընթացում, քննադատում աստղագուշակների ճակատագրապաշտական դրույթները և բնության մասին սնոտիապաշտական պատկերացումները։

Հայ փիլիսոփայական միտքը զարգացման նոր մակարդակի է հասնում 10-15-րդ դդ.։ Այս շրջանում հիմնվում են փիլիսոփայական նոր դպրոցներ (Անիի, Երզնկայի, Քռնայի, Տաթևի), զարգանում է դպրոցական փիլիսոփայությունը, կատարվում են նոր թարգմանություններ։ Փիլիսոփայական մտքի աշխուժացման գործում կարևոր դեր խաղացին կաթոլիկ առաքյալների թարգմանական և ինքնուրույն երկերը։ Հայ փիլիսոփաները քննարկում են Աստծո և աշխարհի, Աստծո և մարդու, Աստծո կեցության հիմնավորման, հավատի և բանականության, աստվածաբանության և փիլիսոփայության, ընդհանուրի և անհատի գոյակցությունների (ունիվերսալիաների) հարաբերակցության հարցերը։ Յուրացնելով արևմտաեվրոպական դպրոցական իմաստասիրման եղանակները, ինչպես նաև հենվելով ազգային փիլիսոփայական ավանդույթների վրա, Տաթևի դպրոցի ներկայացուցիչները (Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի) ստեղծեցին համապարփակ աստվածաբանական – փիլիսոփայական ուսմունքներ, որում տեսականորեն հիմնավորում էին հայոց եկեղեցու ինքնուրույնության և անկախության գաղախարը։

15-րդ դ. երկրորդ կեսից սկսած հայ փիլիսոփայական միտքը անկում է ապրում, որը տևում է մինչև 17-րդ դ. սկիղբը։ Այս դարի առաջին տասնամյակներին սկսվում է ընդհատված փիլիսոփայական ավանդույթների վերականգնման գործընթացը, որն ավարտվում է 30-ական թվականներին։

Ուշ միջնադարյան հայ փիլիսոփայությունը զարգանում է ոչ միայն Հայաստանում, այլև հայկական գաղթօջախներում՝ Նոր Ջուղայում, Լվովում, Կ. Պոլսում, Վենետիկում, Ամստերդամում և այլուր։ Այս շրջանի փիլիսոփայության մեջ դեռևս տիրապետողը կրոնաիդեալական աշխարհայեցողությունն էր, սակայն, աստիճանաբար, եվրոպական փիլիսոփայության ազդեցությամբ, տարածում էին ստանում Նոր Ժամանակի փիլիսոփայության գաղափարները։։ Դարաշրջանի փիլիսոփաները՝ Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Հովհաննես Ջուղայեցին, Ղուկաս Վանանդեցին և ուրիշներ իրենց աշխատություններում, հատկապես սոցիալ-քաղաքական, առաջադրեցին մի շարք գաղափարներ, որոնք հող նախապատրաստեցին հայ իրականության մեջ լուսավորական փիլիսոփայության ձևավորման համար։

Հայ լուսավորական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչներից էին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծված խմբակի անդամները՝ Հովսեփ Էմինը (1736-1809), Մովսես Բաղրամյանը (18-րդ դ.), Շահամիր Շահամիրյանը (1723-1779)։ Եվրոպական լուսավորիչների նման նրանք քննադատում էին միապետական և բռնակալական կարգերը, պաշտպանում բոլոր մարդկանց ազատության և իրավահավասարության գաղափարը։ Հայ լուսավորիչները միաժամանակ ազգային – ազատագրական շարժման գործիչներ էին, այսինքն՝ ոչ միայն տեսականորեն մշակում էին օտար զավթիչների լծից Հայաստանի ազատագրության և հայկական պետության ստեղծման ծրագիրը, այլև ջանքեր էին թափում դա իրագործելու համար։ Լուսավորական փիլիսոփայությունն ավելի մեծ տարածում է ստանում 19-րդ դ. հայ իրականության մեջ, ընդսմին, կրելով թե՛ եվրոպական և թե՛ ռուսական լուսավորականության ազդեցությունը։




Բ. ՀԻՆ ԴԱՐԵՐ

Դարերի ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է մնայուն փիլիսոփայական արժեքներ։ Իր աշխարհագրական դիրքով գտնվելով տարբեր մշակույթների հատման խաչմերուկում, հայ ժողովրդի փիլիսոփայական միտքը ժամանակի ընթացքում կրել է թե արևելյան և թե արևմտաեվրոպական փիլիսոփայության բարերար ազդեցությունները, և ինքն էլ իր համեստ, բայց արժեքավոր լուման է ներդրել համաշխարհային փիլիսոփայական մտքի զարգացման գործում։ Անշուշտ, այդ ավանդն ավելի էական ու շոշափելի կլիներ, եթե պատմական հանգամանքները հնարավորություն տային իրականացնելու հայոց մտավոր ներուժի “սեղմված” ռեսուրսները։

Անտիկ շրջանի հայ փիլիսոփայության վերաբերյալ պահպանվել են շատ քիչ տեղեկություններ։ Սկզբնաղբյուրների բացակայության պատճառով հնարավոր չէ գոնե ընդհանուր պատկերացում ունենալ այն մասին, թե ինչպես է ծագել ու զարգացել հայ փիլիսոփայական միտքը, ինչպիսին է եղել դիցաբանության և փիլիսոփայության փոխհարաբերությունը և այլն։ Հայտնի է, որ հելլենիստական Հայաստանում մեծ հետաքրքրություն կար փիլիսոփայության հանդեպ. հայոց թագավորների արքունիքներում ապրում և ստեղծագործում էին բազմաթիվ գիտնականներ և փիլիսոփաներ։ Օրինակ, Մետրոդորոս Սկեպսացին (Ք.Ծ.Ա. 1-ին դար) Հայաստանում է գրել կենդանիների բանականություն ունենալու մասին աշխատությունը։ Պլուտարքոսի վկայությամբ հայոց արքա Արտավազդ Բ հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր և այլ երկեր։ Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում տարածում են գտնում արիստոտելականների, ստոիկների, էպիկուրականների և նորպլատոնականների ուսմունքները։ Այս շրջանում մեծ հռչակ է ձեռք բերում հայազգի փիլիսոփա և հռետոր Պարույրը (Պրոյերեսիոսը, 4-րդ դ.), որի արձանը կանգնեցվել էր Հռոմում և Աթենքում։ Նրա աշակերտներից էին Հուլիանոս կայսրը (331-363), արևելաքրիստոնեական եկեղեցու հայրեր Բարսեղ Կեսարացին (330-379) և Գրիգոր Նազիանզացին (330-390)։ Նրա դպրոցում սովորում էին նաև բազմաթիվ հայ երիտասարդներ։

Մատենադարանում պահվող ձեռագրերը հարուստ տեղեկություններ են հայտնում գերազանցապես միջնադարյան փիլիսոփայության մասին, որի պատմությունը ընդունված է բաժանել երեք շրջանի՝ վաղ (5-9-րդ դդ.), հասուն (10-15-րդ դդ.) և ուշ միջնադարյան փիլիսոփայություն (17-18-րդ դդ.)։

Վաղ միջնադարում ձևավորվում և զարգանում է հայալեզու ազգային փիլիսոփայական միտքը։ 5-6-րդ դդ. հայ փիլիսոփայական մտքի արագընթաց վերելքը պայմանավորված էր ինչպես պատմա-քաղաքական ու ազգային (այդ ժամանակ հայերը ազգային ազատագրական պայքար էին մղում պարսիկների դեմ) և հոգևոր-մշակութային (451թ. Քաղկեդոնի տիեզերական ժողովից հետո օրախնդիր է դառնում Հայոց եկեղեցու դավանաբանության պաշտպանությունը) գործոններով։ Դրան մեծապես նպաստեց թարգմանական գրականությունը, որը ըստ բովանդակության կարելի է բաժանել երկու խմբի՝ կրոնա-աստվածաբանական, դավանաբանական և տեսական-փիլիսոփայական։ Դասական շրջանի (5-րդ դ.) թարգմանությունները գերազանցապես կրոնա-աստվածաբանական ու դավանաբանական, իսկ հունաբան դպրոցի (5-րդ դ. վերջ -8-րդ դ. սկիզբ) թարգմանությունները աշխարհիկ, տեսական-փիլիսոփայական բնույթ ունեին։ Դասական շրջանում հայերեն թարգմանվեց նախ՝ Սուրբ Գիրքը, որը աննախադեպ ազդեցություն ունեցավ հետագա դարերի հայոց մտածողության և փիլիսոփայության զարգացման վրա, այնուհետև ասորերենից ու հունարենից թարգմանվեցին քրիստոնեական ջատագովների և եկեղեցու հայրերի՝ Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Եվագրոս Պոնտացու, Արիստիդես Աթենացու, Եպիփան Կիպրացու, Եվսեբիոս Կեսարացու և այլոց աշխատությունները։ 8-րդ դ. սկզբներին Ստեփանոս Սյունեցին թարգմանեց Կեղծ-Դիոնիսոս Արեոպագացու (6-րդ դ.) (չորս երկերը) “Յաղագս երկնային քահանայապետութեան”, “Յաղագս եկեղեցական քահայանապետութեան”, “Յաղագս աստուածայնոց անուանց”, “Յաղագս խորհրդական աստուածաբանութեան”) և տասը Թղթերը։ Այս մեծաքանակ թարգմանությունների հիման վրա հայ իրականության մեջ ձևավորվեց քրիստոնեության ջատագովության փիլիսոփայական ուղղությունը, որի հիմնադիրն էր Մեսրոպ Մաշտոցը, իսկ երևելի ներկայացուցիչներից էին Եզնիկ Կողբացին, Եղիշեն (5-րդ դ.), Հովհան Օձնեցին (8-րդ դ.) և ուրիշներ։ Թարգմանություններին զուգընթաց հայ մտածողները հանդես եկան իրենց ինքնուրույն աշխատություններով, որոնց “թագուհին” էր Կողբացու “Եղծ աղանդոց” ջատագովական բնույթի երկը։

Իր գաղափարական միտվածությամբ, հարցադրումներով և խնդիրներով հայ քրիստոնեական ջատագովական փիլիսոփայությունը ընդհանրություններ ուներ հունալեզու և լատինալեզու ջատագովական մտքի հետ, բայց միևնույն ժամանակ ուներ իր առանձնահատկությունները։ Դրանք պայմանավորված էին նախ և առաջ այն բանով, որ քրիստոնեության հազթարշավը Հայաստանում ուղեկցվում էր հայրենասիրության, ազգային ինքնագիտակցության զարթոնքով, ազգային-ազատագրական շարժումներով և կրթալուսավորական գործունեությամբ։ Քրիստոնեական վարդապետության պաշտպանությունը նույնացվեց հայրենիքի, ազգային ինքնության և անկախության պաշտպանության հետ։

Հայ ջատագովական փիլիսոփայությանը բնորոշ չէր հախուռն մերժողական վերաբերմունքը անտիկ գիտության և փիլիսոփայության նկատմամբ։ Հայ ջատագովները ոչ միայն քրիստոնեական հավատքի պաշտպաններ էին, այլև լուսավորիչներ, գիտություն և կրթություն տարածող մարդիկ։ Այս իմաստով խորհրդանշական է Աստվածաշնչից հայերեն թարգմանված առաջին նախադասության ընտրությունը՝ “ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”։ Հայ մտածողները ոչ թե շեմքից մերժում էին անտիկ փիլիսոփայության արժեքները. այլ ձգտում դրանք “քրիստոնեացնել”, հարմարեցնել քրիստոնեական վարդապետության ոգուն։ Հավատի տեսությունը բարձր դասելով “բանական քննությունից”, այնուհանդերձ, դրանք իրար չէին հակադրում, կարծելով, որ Աստված մարդուն օժտել է բանականությամբ, գիտությամբ և իմաստությամբ։ Այսպիսի “հանդուրժողական” մոտեցման պատճառով հայոց մեջ երկար ժամանակ փիլիսոփայությունը և աստվածաբանությունը զարգանում էին կողք-կողքի, իսկ աստվածաբանները սիրով ընդունում էին “իմաստասեր” մականունը։

Քննադատելով անտիկ փիլիսոփայական ուսմունքները (պյութագորականների, Պլատոնի, Արիստոտելի, ստոիկների, էպիկուրականների, նորպլատոնականների) հեթանոս-աղանդավորական վարդապետությունների (Մարկիոնի) հիմնական սկզբունքները՝ դուալիզմը, նյութապաշտությունը, բազմաստվածությունը և այլն, հայ ջատագովները մշակեցին քրիստոնեության ոգուն համապատասխանող տիեզերաբանական, գոյաբանական, իմացաբանական, բարոյագիտական ու մարդաբանական աշխարհայացք, որի առանցքային գաղափարներից էին միաստվածությունը, արարչագործությունը, հավատապաշտությունը, վախճանաբանությունը և այլն։ Հայ ջատագովների աշխատություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում մարդու կամքի ազատության (անձնիշխանության) և ճակատագրի հարաբերակցության և դրա հետ կապված չարիքների գոյության արդարացման հարցը։ Ընդունելով մարդու անձնիշխանության մասին քրիստոնեական գաղափարը, նրանք մերժում են մարդուն կրավորականության դատապարտող ճակատագրապաշտական տեսությունները։ Ընդ որում, մերժում են ոչ միայն այն պատճառով, որ դա հակասում է փրկության մասին քրիստոնեական տեսությանը, այլ՝ ազգի, հայրենիքի անվտանգությանը։ Երբ թշնամին արշավում է երկիրը՝ մարդկանց կոտորելու և կողոպտելու համար, գրում է Կողբացին, ճակատագրին հավատացողները պետք է չդիմադրեն՝ պատճառաբանելով, թե “երկրի ճակատագիրն է ավազակից կոտորվել, մենք ինչու պիտի դեմ գնանք ճակատագրին”։ Բայց զորքեր գումարելով և երկրից թշնամուն վռնդելով, մարդիկ ցույց են տալիս, որ իրենք են որոշում իրենց ճակատագիրը և ոչ թե ճակատագիրը՝ իրենց բախտը։ Նույնիսկ Աստված չի կանխորոշում մարդու գործողությունները։ Մարդը ստեղծվել է անձնիշխան, այսինքն՝ ազատ է ընտրություն կատարելու չարի և բարու միջև, հետևաբար նա է պատասխանատու իր արարքների համար։ Չարիքները ո՛չ Աստծուց են, ո՛չ էլ գոյացական բնույթ ունեն, դրանք մարդու գործունեության արդյունք են։




Գ. Ե-Զ ԴԱՐԵՐ

5-6-րդ դդ. հայ փիլիսոփայության մեջ ձևավորվում է նաև աշխարհիկ, նորպլատոնական ուղղությունը, որի կայացման գործում կարևոր դեր խաղացին հունաբան դպրոցի թարգմանությունները։ Դրանց շնորհիվ հայոց միտքը յուրացրեց անտիկ գիտության ու փիլիսոփայության արժեքները։ Հունաբան դպրոցի ջանքերով հայերեն թարգմանվեցին Պլատոնի “Թիմեոս”, “Եվտիփրոն”, “Մինոս”, “Սոկրատեսի պաշտպանությունը”, “Օրենքներ”, Արիստոտելի “Կատեգորիաներ”, “Մեկնության մասին”, Պորփյուրի “Ներածություն” աշխատությունները, Արիստոտելի վերոնշյալ երկերի անանուն մեկնությունները, Դավիթ Անհաղթի երկերը, ինչպես նաև Փիլոն Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու կրոնափիլիսոփայական ու մարդաբանական բնույթի ստեղծագործությունները և այլն։ Լինելով հունական գիտության և փիլիսոփայության ջատագովներ, հունաբան դպրոցի ներկայացուցիչները անգնահատելի դեր խաղացին Հայաստանում քերականության, ճարտասանության, տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության զարգացման գործում։

Հունաբան դպրոցի շրջանակներում ձևավորված նորպլատոնական ուղղության հիմնադիրը Դավիթ Անհաղթն էր, որը կրթություն էր ստացել Ալեքսանդրիայի նորպլատոնական դպրոցում։ Նրա գրչին են պատկանում “Փիլիսոփայության սահմանումներ” երկը, Պորփյուրի “Ներածության”, Արիստոտելի “Կատեգորիաների” և “Անալիտիկաների” վերլուծությունները, որոնք պահպանվել են հունարեն (բացառությամբ “Անալիտիկաների”) և հայերեն լեզուներով։ Դավիթ Անհաղթի փիլիսոփայությանը բնորոշ չէ պլոտին-պրոկլեսյան իմաստասիրման մտահայեցողական ոճը. նրա նորպլատոնիզմը դրսևորվում է անտիկ փիլիսոփայական գիտելիքների, հատկապես Պլատոնի և Արիստոտելի ուսմունքների համադրման ու համակարգման մեջ։ Համոզված լինելով, որ փիլիսոփայությունը մարդկային զբաղմունքներից ամենագեղեցիկն ու ամենապատվականն է, նա վարպետորեն հերքում է փիլիսոփայության գոյությունը ժխտող սկեպտիկների փաստարկները։ Ի մի բերելով փիլիսոփայության վերաբերյալ Պյութագորասի, Պլատոնի և Արիստոտելի սահմանումները, հայ փիլիսոփան դրանք դասակարգում է՝ նկատի ունենալով փիլիսոփայության առարկան ու նպատակը։ Ըստ մերձավոր առարկայի փիլիսոփայությունը գիտություն է գոյերի մասին, իսկ ըստ հեռավոր առարկայի՝ գիտություն է աստվածային և մարդկային իրողությունների մասին։ Ըստ մերձավոր նպատակի փիլիսոփայությունը մտածմունք է մահվան մասին, իսկ ըստ հեռավոր նպատակի՝ Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության։ Հինգերորդ սահմանման համաձայն՝ փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունն է։ Իսկ վեցերորդ սահմանումը հիմնվում է փիլիսոփայություն (իմաստասիրություն) բառի ստուգաբանության վրա՝ իմաստասիրությունը սեր է դեպի իմաստությունը։ Ըստ Անհաղթի փիլիսոփայությունը բաժանվում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Տեսական փիլիսոփայությունը իր հերթին բաժանվում է երեք մասի՝ բնագիտության (ֆիզիկայի), մաթեմատիկայի և աստվածաբանության (“առաջին փիլիսոփայության”), իսկ գործնական փիլիսոփայությունը՝ բարոյագիտության, քաղաքագիտության և տնտեսագիտության։ Ձևակերպելով տեսական և գործնական փիլիսոփայության դիալեկտիկական միասնության և փոխկապակցվածության գաղափարը, այնուհանդերձ, Անհաղթը նախապատվությունը տալիս է գործնական փիլիսոփայությանը։ Փիլիսոփայությունը, իբրև Աստծո կողմից մարդուն շնորհված ամենամեծ պարգև, գոյություն ունի հենց այն բանի համար, որ “ազնվացնի և գեղեցկացնի մարդկային հոգին և փոխադրի այն նյութական ու մառախլապատ կյանքից դեպի աստվածայինը և աննյութականը”։ Այսպիսով, ըստ Անհաղթի, ոչ թե հավատի, այլ փիլիսոփայության միջոցով մարդը կարող է հասնել աստվածայինին։

Իր տրամաբանական բնույթի երկերում Անհաղթը դիտարկում է հասկացության, սահմանման, բաժանման, դատողությունների, մտահանգումների տեսությանը վերաբերող բազմազան հարցեր, ինչպես նաև անդրադառնում է ունիվերսալիաների հիմնահարցին։ Քննադատելով դրա լուծման ծայրահեղ նոմինալիստական և ծայրահեղ ռեալիստական տեսակետները, նա հստակորեն ձևակերպում է ունիվերսալիաների եռակի գոյության բանաձևը, որը հետագայում պիտի որդեգրվեր միջնադարյան շատ մտածողների (Իբն Սինա, Թովմա Աքվինացի) կողմից։

Դավիթ Անհաղթի տեսական ժառանգությունը վիթխարի ազդեցություն է ունեցել հետագա դարերի հայ միջնադարյան փիլիսոփայության զարգացման վրա. Նրա աշխատությունները բազմիցս արտագրվել ու մեկնաբանվել են, օգտագործվել որպես դասագրքեր միջնադարյան համալսարաններում։ Նրա հայացքների ազդեցությունը նկատելի է նաև բյուզանդական, արաբալեզու, վրացական փիլիսոփայական մտքի վրա։

5-6-րդ դդ. հայ փիլիսոփայության մեջ բնության ուսումնասիրության հարցերը երկրորդական տեղ էին զբաղեցնում։ Սակայն, աստիճանաբար, հետաքրքրությունը դեպի բնությունը և բնական գիտությունները աճում է և 7-րդ դ. ձևավորվում է բնափիլիսոփայական ուղղությունը, որի հիմնադիրն էր մաթեմատիկոս, աստղագետ, աշխարհագրագետ Անանիա Շիրակացին։ Նրա բնափիլիսոփայության գլխավոր արժանիքն այն է, որ բնությունը ուսումնասիրում է “բնական իմաստության” տեսանկյունից, փորձում է բացահայտել բնության իրերի և երևույթների բնական պատճառները։ Նշելով, որ Ս.Գրքում շատ քիչ տեղեկություններ կան բնության վերաբերյալ, Շիրակացին արդարացված է համարում անտիկ մտածողների բնագիտական գաղափարների օգտագործումը։ Այդ կապակցությամբ նա անդրադառնում է “բնական իմաստության” և հավատի տեսության հարաբերակցության հարցին և մշակում է համադրական, փոխզիջումային մի տեսակետ։ Անտիկ մտածողներին դասակարգելով երկու խմբի մեջ՝ “խելագար, ցնդաբան իմաստուններ” և “բարի, աստվածաճանաչ գիտնականներ”, Շիրակացին միաժամանակ պնդում է, որ “առաջին իմաստասերները մեզ համար դաստիարակ են հանդիսանում։ Նրանց ասածները քննության առնելով, տեսնում ենք նրանց ճշմարտությունը”։ Շիրակացին ճշմարիտ է համարում նաև անտիկ մտածողների այն գաղափարները, որոնք հակասում են կամ Ս.Գրքի կամ քրիստ&#