ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
արվ. գիտ. դոկտ.
ԷՄՄԱ ԿՈՐԽՄԱԶՅԱՆ
արվ. գիտ. դոկտ.
Ա. ՆԱԽԱԲԱՆ
Հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ առանձնակի տեղ է գրավում ձեռագիր մատյանների գեղարվեստական հարդարանքը՝ մանրանկարչությունը։ Այստեղ է Հայաստանի միջնադարյան գեղանկարչությունը գտել իր ամենավառ արտահայտությունը, այստեղ են արտացոլվել միջնադարի գեղագիտական սկզբունքները և հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության բնորոշ գծերը։ Բացի դրանից, մատենական գեղանկարչությունն արվեստի այն տեսակն է, որի հուշարձանները, անտարակույս, ավելի լավ են պահպանվել ու հասել մեզ, քան, ասենք, որմնանկարչության հուշարձանները, որոնք ավելի շատ են տուժել պատմության արհավիրքներից։Մեզ հասած հայկական միջնադարյան ձեռագրերի զգալի մասը՝ շուրջ 11.000, պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում։ Այս մատյանները շատ լավ են ներկայացնում մանրանկարչությունը։ Հայկական ձեռագրերի խոշոր հավաքածուներ կան նաև արտասահմանում, մասնավորապես Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների մատենադարաններում, ինչպես նաև աշխարհի տարբեր գրադարաններում և թանգարաններում։ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն ինքնին հնարավորություն է տալիս ներկայացնելու հայ մատենական գեղանկարչության զարգացման ամբողջական ընթացքը։
Բ. ՀԱՅ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ Ե-Է ԴԱՐԵՐՈՒՄ
Հայկական մանրանկարչությունը սկզբնավորվել է հայ գրերի գյուտի ժամանակից (405 թ.)։ Պահպանված հնագույն նմուշները վերաբերում են Զ-Է դարերին։ Եվ չնայած 1512թ. տպագրվել է հայերեն առաջին գիրքը, ձեռագիր մատյաններ շարունակել են ստեղծել ընդհուպ մինչև ԺԹ դարը։ Գրեթե տասնհինգ հարյուրամյակ Հայաստանում զարգացել են գրչության արվեստը և մատենական գեղանկարչությունը։ Առանձին գրչօջախներ տարբեր ժամանակներում ապրել են ստեղծագործական վերելքի և վայրէջքի շրջաններ։Առաջատար դերը փոխնիփոխ պատկանել է մերթ այս, մերթ այն կենտրոնի, բայց, ընդհանուր առմամբ, ամեն մի դարաշրջան իր ավանդն է ներդրել ձեռագրերի ձևավորման պատմության մեջ։Հայկական մանրանկարչության վաղ շրջանի զարգացման ուղիների մասին կարելի է դատել մեզ հասած առանձին պատառիկների հիման վրա։ Դրանց թվում են Էջմիածնի Ավետարանի մեջ (ձեռ. N 2374) կարված թերթերի Զ-Է դարերով թվագրվող չորս մանրանկարները։ Կատարման բարձր մակարդակը վկայում է վաղ միջնադարյան Հայաստանում գոյություն ունեցող կերպարվեստի արդեն կայունացած ավանդույթների մասին։ Մանրանկարները կատարված են հանդիսավոր, կոթողային ոճով, գունաշարը վառ է և հագեցած։ Տաճարների կառուցման սկզբունքներին համապատասխանող զարդարված սյուները, մարդկանց զգեստները և կեցվածքը վկայում են անտիկ շրջանի արվեստի ավանդույթների հետ նրանց ունեցած խոր կապի մասին։ Ի դեպ, սերտ նմանություն կա այդ մանրանկարների և դրանց ժամանակակից հայկական որմնանկարների միջև (օրինակ՝ Լմբատավանքի Է դարի որմնանկարները)։
![]() |
| «Էջմիածնի Աւետարան», ձեռ. 2374, էջ 228ա, Ե-Է դդ. |
Գ. ՀԱՅ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ Ժ-ԺԱ ԴԱՐԵՐՈՒՄ
Ժ-ԺԱ դարերի մանրանկարչության մասին մենք ավելի ամբողջական պատկերացում ունենք։ Դա քաղաքական վերելքի մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանը, թոթափելով արաբական լուծը, թևակոխել էր ծաղկման նոր փուլ։ Այդ վերելքը դրսևորվել է թե՛ գիտությունների և թե՛ արվեստի ու գրականության զարգացման մեջ։ Մատենադարանում պահպանվում են այդ դարաշրջանից հասած մանրանկարչական արվեստի ոչ քիչ մեծարժեք հուշարձաններ։ Ըստ ձևավորման ընդհանուր բնույթի և ոճի՝ այդ մանրանկարները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խումբը ներառում է նկարազարդման հարստությամբ և կատարման վարպետությամբ աչքի ընկնող մի շարք ձեռագրեր, որոնք աղերսվում են արքունական արհեստանոցների կամ հարուստ ու խոշոր վանքերի գրչատների հետ։ Այդպիսի ձեռագրերի պատվիրատուները, որպես կանոն, լինում էին բարձր դասերի ներկայացուցիչները։ Նրանք հնարավորություն ունեին ձեռք բերել թանկարժեք նյութեր և աշխատանքի համար դիմել մասնագետ հայտնի նկարիչներին։Մատենադարանում պահվող այդպիսի ձեռագրերից են Էջմիածնի 989 թ. Ավետարանը (ձեռ. N 2374), Մողնու Ավետարանը՝ ԺԱ դար (ձեռ. N 7736), Հովհաննես Սանդղկավանեցու ձեռքով նկարազարդված 1053 թ. Ավետարանը (ձեռ. N 3793) և այլն։ Էջմիածնի 989 թվականի Ավետարանի՝ հյութեղ գույներով, թարմությամբ և նրբագեղությամբ կատարված մանրանկարներն աչքի են ընկնում վեհ հանդիսավորությամբ և ընդհանուր ձևավորման տոնական տրամադրությամբ։ Քրիստոսի, առաքյալների, մանուկը գրկին Մարիամի վեհաշուք կերպարները հիշեցնում են քրիստոնեական Արևելքի որմնանկարչության հին նմուշները։ Փոքր-ինչ ավելի զուսպ է Մողնու Ավետարանի գունաշարը, թեև այստեղ էլ մեր առջև նույն Բագրատունյաց դարաշրջանի ճոխ ու վսեմ հուշարձանն է։ Այդ ձեռագրի ողջ հարդարանքը վկայում է մեծահարուստ պատվիրատուի և կատարող վարպետների նուրբ ճաշակի մասին։ Մանրանկարներում իշխում է մուգ կապույտ գույնը, որին առանձնակի ճոխություն է հաղորդում ոսկու և արծաթի չափավոր գործածությունը։ Այստեղ ներկայացված ավետարանական նկարաշարը հայկական մանրանկարչության ամենավաղ օրինակներից է։
![]() |
| «Մողնու Աւետարան», ձեռ. 3793, էջ 3բ, ԺԱ դ. |
![]() |
| «Աւետարան», ձեռ. 10780, էջ 5ա, ԺԱ դ. |
Դ. ՀԱՅ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԺԲ-ԺԳ ԴԱՐԵՐՈՒՄ
ԺԲ դարի վերջին և ԺԳ դարի սկզբին, երբ ամրապնդվում է Զաքարյանների գլխավորած հայկական իշխանությունը, Հայաստանի մշակութային կյանքում նկատվում է նոր վերելք։ Վերստին բարգավաճում է Անին։ Հիմա էլ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մոտ, Ախուրյան գետի հանդիպակաց ափին, կարելի է տեսնել քաղաքի երբեմնի հոյաշեն կառույցների ավերակները, որոնց ճարտարապետությունը մասամբ է ուսումնասիրված։ Ներկայումս, սակայն, դժվար է ամբողջական գաղափար կազմել Անիի մանրանկարչական արվեստի և գրչության օջախների մասին, քանի որ հատուկենտ և պատահականորեն փրկված ձեռագրեր են մեզ հասել, որոնք, իրենց ծագմամբ, առնչվում են Հայաստանի երբեմնի մայրաքաղաքի հետ։ ԺԳ դարի սկզբին Անիում աշխատող նկարիչներից են եղել Մարգարեն և Իգնատիոսը։ Առաջինը նկարազարդել է մի մատյան (ձեռ. N 6288), որը Հաղպատի վանքում գրված լինելու պատճառով ստացել է «Հաղպատի Ավետարան» անունը։ Բնագիրն ընդօրինակվել է 1211 թվականին մեծահարուստ քաղաքացի Սահակի պատվերով։ Շատ չանցած ձեռագիրը բերվել է Անի, ուր և նկարազարդվել է։Նկարիչ Մարգարեի վրձնած թերթերը մաս են կազմում Հայաստանի մատենական գեղանկարչության մեջ հայտնված այն նոր ուղղության, որը կապված էր քաղաքային մշակույթի բուռն զարգացման հետ։ Այդ ուղղությունը բնութագրվում է թեմաների ընդլայնման որոշակի միտումով, նրանց ժանրային մանրամասնությունների հարստացմամբ, ինչպես նաև իրական կյանքից վերցված տարրերի և մոտիվների ներմուծմամբ ու, առհասարակ, այն յուրահատուկ աշխարհականացմամբ, որով ներթափանցված էր այդ ժամանակի Հայաստանի գրեթե ողջ մշակույթը։ Հաղպատի Ավետարանի լուսանցքներում մենք տեսնում ենք թե՛ նռնենու տակ նստած, երաժշտական գործիքը ձեռքին՝ ժողովրդական երգչին՝ գուսանին և թե՛ նկարչի ժամանակակիցների պատկերները, որոնց խնամքով նկարված զգեստները մեծ հետաքրքրություն են ներկայացնում դարաշրջանի տարազի ուսումնասիրման տեսանկյունից։ Ձեռագրում պահպանված միակ՝ «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» սյուժետային մանրանկարը գրեթե ընկալվում է որպես ցանկալի հյուրին դիմավորող քաղաքացիների առօրյա տեսարան։ Մանրանկարի տրամադրությունն ամբողջովին հագեցած է զվարթ, տոնական ջերմությամբ։
Իրենց զարդանախշային ձևավորման, բարձր նրբաճաշակության և կատարման վարպետության շնորհիվ՝ մեծ հետաքրքրություն են ներկայացնում Իգնատիոս ծաղկողի աշխատանքները։ Մատենադարանում պահվում են Իգնատիոսի նկարազարդած երկու ձեռագիր, որոնցից հատկապես տպավորիչ է 1232 թվականի (N 1519), անսովոր մեծ չափեր (42 X 29 սմ) ունեցող Ավետարանը։ Այն գրված է խոշոր երկաթագրով և ունի վեհաշուք, դասականորեն ավարտուն անվանաթերթեր։
ԺԳ դարի 30-40-ական թթ. հայ ժողովրդին նոր փորձություններ բաժին ընկան. սկսվեցին մոնղոլական արշավանքները, որոնց հետևանքով ծայր առան նոր արտագաղթերը, արտագաղթողների հետ՝ ձեռագրերի տեղափոխությունը։ Ներկայումս բավականին դժվար է որոշել այն մատյանների ստեղծման տեղը, որոնց գլխավոր հիշատակարանները չեն պահպանվել։ Այդպիսի ձեռագրերից է Թարգմանչաց Ավետարանը (Մատենադարան, ձեռ. N 2743), որը գրվել է 1232 թվականին և նկարազարդվել վարպետ Գրիգորի ձեռքով։ 12 Մանրանկարները, գեղարվեստական ողջ ինքնատիպությամբ հանդերձ, ոճական առումով աղերսվում են ինչպես Բարձր Հայքի արվեստի, այնպես էլ Բարձր Հայքին անմիջականորեն սահմանակից Կապադովկիայի վիմափոր տաճարների որմնանկարների հետ։ Բացառիկ տպավորիչ են նկարչի ստեղծած կերպարները՝ իրենց խոր և մուգ աչքերով, որոնք շրջագծված են գրեթե սև ստվերներով։ Այդ աչքերը թախծոտ են, երբեմն էլ՝ ուղղակի ողբերգական։ Ե՛վ գործող անձանց դեմքերը, և՛ կեցվածքների փոքր-ինչ կաշկանդվածությունը, և՛ մուգ կապույտի ու մանուշակագույնի երանգների հագեցվածությունը շեշտում են պատկերված տեսարանների ներքին ողբերգականությունը։ Զուսպ միջոցներով՝ նկարիչը հասնում է ներգործման մեծ ուժի։ Մուգ և թանձր գույներն առանձնահատուկ հնչեղություն են ստանում վառ կարմիրի և նուրբ վարդագույնի շողացող երփներանգների հազվադեպ արծարծման շնորհիվ։
Իրենց ծագմամբ՝ Բարձր Հայքի գրչատների հետ որոշակիորեն աղերսվող ձեռագրերից մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մատենադարանում պահվող ԺԳ դարի սկզբի երկու մատյաններ՝ 1201 թ. Ավետարանը (ձեռ. N 10359) և Մշո ճառընտիրը՝ գրված 1202 թվականին (ձեռ. N 7729), որն ամենամեծ հայկական ձեռագիրն է (70, 5 x 55,5 սմ)։
Այս ձեռագրի գեղարվեստական հարդարանքի մեջ հատուկ տեղ է տրված նախշազարդերին։ Դրանց մեջ իշխողը յուրահատուկ բուսական մոտիվներն են, որոնք հիմք են հանդիսացել լուսանցազարդերի բնորոշ տիպերի ձևավորման համար։ Խիստ բազմազան են զարդերը՝ ծաղկահյուսվածքներ, արմավատերևներ, գալարագծեր, բուսական և կենդանական մոտիվների տարբեր համակցումներ, ուր առատորեն օգտագործված են ինչպես իրական, այնպես էլ երևակայական կենդանական և բուսական աշխարհներից վերցված ձևեր։ Այդ ձեռագրի պատկերազարդումը, ըստ երևույթին, գործն է երեք վարպետների, որոնցից միայն մեկի՝ Ստեփանոսի անունն է հայտնի։ Նա ձևավորել է անվանաթերթը, լուսանցազարդերի մի մասը, որոնք ունեն ավելի գծանկարային բնույթ։ Բավականին մեծ խումբ են կազմում անանուն ծաղկողներից մեկի, թերևս ավելի կրքոտ ու վառ խառնվածքի տեր վարպետի, կատարած զարդանախշերը։ Ձեռագրի լուսանցքներին նա համարձակորեն տեղաբաշխել է բազմակերպ ձևերով հարուստ սաղարթանախշեր, դրանց հետ ներհյուսել է ինչպես իրական, այնպես էլ երևակայական թռչունների և կենդանիների պատկերներ։ Այդ լուսանցազարդերին առանձնահատուկ արտահայտչականություն է տալիս գծային պլաստիկան, որը զուգորդված է հյութեղ ու պայծառ գույների հետ։ Նկարիչը սիրում է երանգների հակադրությունների շեշտման սկզբունքը. նարնջագույնը համեմված է մուգ դարչնագույն երանգներով, կապույտը՝ թանձր լաջվարդի թավշյա երկնագույնով և այլն։
Երրորդ մանրանկարչի վրձնին են պատկանում սյուժետային սակավաթիվ մանրանկարները, որոնց հատկանշական են գունային թեթևակի մեղմացրած երանգները և կերպարների դեմքերի ու կեցվածքների արտահայտչականությունը։ Բայց և այնպես հիշյալ ձեռագրում ամենամեծ տպավորությունը թողնում են լուսանցազարդերը՝ միշտ միմյանցից տարբեր, անկրկնելի, ցայտուն և ակնապարար։ Թեև ինչ-որ չափով ոճավորված, սակայն նրանցից մի քանիսը բավականին հավատարմորեն են վերարտադրում իրական բույսերի ձևերը և դյուրին է ճանաչել նռնենին, թզենին, նշենին, ինչպես նաև զանազան ծաղիկները՝ պատատուկը, լոտոսը, շուշանը և այլն։ Ի դեպ, քանի որ այդ մոտիվների մի մասը հանդիպում են նաև բժշկական հին աշխատություններում, ուստի կարծիք է հայտնվել, թե «Մշո ճառընտիր»-ի բնույթի ձեռագրերի լուսանցազարդերի ակունքները պետք է փնտրել հենց բժշկարաններում։
Ե. ԲԱՐՁՐ ՀԱՅՔԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ
Բարձր Հայքի պատկերազարդ ձեռագրերը հաճախ խիստ այլազան են կատարման ոճով։ Եվ դա զարմանալի չէ ԺԳ-ԺԴ դարերի համար, մի ժամանակաշրջան, երբ հայ ժողովրդի կյանքում նկատելի անցուդարձեր էին կատարվում. շարժման մեջ էին մտել բնակչության ամբողջական խավեր, և ողջ գավառը, որը գտնվում էր տարանցիկ առևտրի կարևոր ուղիների խաչմերուկում, այն կենտրոններից մեկն էր, ուր քարավաններով գալիս իրար էին հանդիպում ինչպես բազմաթիվ վաճառականներ ու առևտրականներ, այնպես էլ բազմաթիվ գաղթած հայեր։ Բարդ ու հագեցած է այդ երկրամասի պատմությունը, բնականաբար, բազմազան է նաև այստեղ ստեղծված արվեստը։ Ներկայումս Մատենադարանում պահվող Բարձր Հայքի պատկերազարդ որոշ ձեռագրեր ոճի ակներև աղերսներ են դրսևորում պալեոլոգյան վերածնության արվեստի հետ։ Դա առանձնապես վերաբերում է ԺԴ դարի սկզբի ձեռագրերին (N 7630, 7599 և այլն)։ Դրանց մանրանկարներն աչքի են ընկնում հորինվածքների ազատ կառուցվածքով, ձևերի գունեղ մեկնաբանությամբ (մշակման ավելի սեղմ հնարանքներով հանդերձ), ինչպես նաև կատարման ակներև երփներանգությամբ։ Բարձր Հայքի գրքային արվեստի վրա որոշակի ազդեցություն է թողել նաև կիլիկյան մանրանկարչությունը, որի լավագույն նմուշները պահվում են Մաշտոցի անվան Մատենադարանում։Զ. ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ
Կիլիկյան Հայաստանի արվեստը բացառիկ ծաղկման է հասել հատկապես ԺԲ-ԺԳ դարերում և մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի ազգային մշակույթի զարգացման մեջ։ Դեռևս Մեծ Հայքը՝ Սելջուկների իշխանության տակ ընկնելու օրերից սկսած հայ ազգաբնակչության զգալի մասը ստիպված էր բռնել օտարության և պանդխտության ուղին։ Շատերը բնակություն հաստատեցին Փոքր Ասիայի տարածքում՝ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին։ Այստեղ կազմավորված Ռուբինյանների իշխանությունը շուտով հասավ այնպիսի հզորության, որ ԺԲ դարի վերջերին հիմնադրվեց Կիլիկյան անկախ հայկական թագավորությունը։ Միջերկրածովյան առևտրական խոշոր կենտրոնների հետ ունեցած կապերը, աշխարհագրական բարենպաստ դիրքը, կյանքի՝ համեմատաբար խաղաղ պայմանները բարենպաստ ազեցություն ունեցան Կիլիկյան Հայաստանի մշակույթի և արվեստի բուռն զարգացման վրա։ Մատենադարանում այժմ պահվում են կիլիկյան մանրանկարչության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Թորոս Ռոսլինի ստեղծագործությունները, Հեթում Բ թագավորի համար նկարազարդված «Ճաշոց»-ը, Սմբատ Գունդստաբլի համար գրված Ավետարանը, ութ նկարիչների Ավետարանը, Սարգիս Պիծակի ձեռագրերը և այլն։ Այդ ձեռագրերի մանրանկարները պատկանում են ոչ միայն միջնադարյան հայ գեղանկարչության լավագույն նվաճումների, այլև համաշխարհային արվեստի գլուխգործոցների թվին։Հիրավի, կիլիկյան մանրանկարիչների ստեղծագործական արտասովոր երևակայությունը, պատկերների կատարման վայելչագեղությունն ու նրբությունը, գծանկարի և գույնի ներդաշնակությունն ապշեցնում են նաև այսօր։ Նրանց ստեղծագործությունները, ընդհանուր ճանաչում գտնելով հայկական գրչության մյուս կենտրոններում, ստանում են նախագաղափար օրինակների նշանակություն։ Այդ գործերը նույնիսկ պատճենահանում էին, իսկ երիտասարդ նկարիչների համար դրանք ուսանելի էին։
Կիլիկյան ամենանշանավոր մանրանկարիչներից է Թորոս Ռոսլինը։ Մատենադարանում պահվում են նրա պատկերազարդած ձեռագրերից երկու Ավետարան (ձեռ. N 10450 և N 10675)։ Բացի այդ, Վասպուրականում գրված ԺԴ դարի մի այլ ձեռագրում (N 5458) Ս. Տեր-Ներսեսյանը հայտնաբերել է ԺԳ դարի մի Ավետարանից զետեղված պատառիկներ, որոնց մանրանկարները, ըստ նրա ենթադրության, վրձնել է Թորոս Ռոսլինը։
Թորոս Ռոսլինի ստեղծագործությունը նոր դարագլուխ է բացում հայկական մանրանկարչության մեջ։ Քաջ ծանոթ լինելով իր ժամանակի բյուզանդական ու լատինական արվեստին՝ Թորոս Ռոսլինը ստեղծում է ոգու կորովով օժտված այնպիսի փայլուն գործեր, որոնց մեջ հմտորեն օգտագործված են թե՛ ազգային և թե՛ բյուզանդական գեղանկարչության ավանդները։ Նրա պատկերած գործող անձերը լի են կյանքով։ Նկարչին հաջողվել է կերպարներին հաղորդել հոգեկան այլազան վիճակներ. նրանք դիտում են, խորհում, թախծում են կամ հրճվում, աշխույժ շարժուձևերով զրուցում են իրար հետ։ Այդ կերպարներն օժտված են հոգեկան գեղեցկությամբ և խոր մարդկայնությամբ։ Վարպետը բավական ազատ է մոտենում ձեռագիր գրքի պատկերազարդմանը։ Նրա մանրանկարները երբեմն զբաղեցնում են ամբողջ էջի մակերեսը, երբեմն՝ միայն մի մասը, երբեմն էլ տեղադրվում են բնագրի մեջ՝ ներդաշնակ մնալով ընդհանուր ձևավորմանը։
ԺԳ դարի վերջը նշանավորվում է Թորոս Ռոսլինին հետևող նկարիչների ստեղծագործություններով։ Նրանցից մի քանիսն իրավամբ հասնում են իսկական կատարելության։ Նրանք ավետարանական շարքի տեսարանները հաճախ ներկայացնում են բարդ ու բազմակերպար հորինվածքներով, բուռն շարժումներով, գործող անձերը երբեմն պատկերվում են նույնիսկ բարդ կրճատումներով։ Խաղաղ և մեղմ երանգավորմանը, որը բնորոշ էր Թորոս Ռոսլինի աշխատանքներին, փոխարինելու է գալիս լարվածությունն ու սուր վիճակը, որն արտահայտվում է ոչ միայն գծանկարում, այլև գունաշարի մեջ։ Ասես քամուց քշված հագուստի ծալքերը տրված են քմահաճ, բայց, միևնույն ժամանակ, նրբագեղ ծածանումներով։ Լայնորեն օգտագործվում է ոսկու նուրբ ցոլքը՝ հատկապես հագուստների եզրագծերում։ Առհասարակ, ոսկին շատ ավելի առատորեն է գործածվում։ Ոսկեպատման արվեստը բավականին բարդ գործ էր։ Կիլիկյան վարպետները հմտորեն օգտվում էին ոսկու զանազան երանգներից՝ նրա ծավալային մակերևույթը երբեմն դաշնորեն զուգորդելով ներկապնակի պայծառ ու հարուստ գունաշարին։ Դա մի առանձին շքեղություն և ճոխություն է հաղորդում մանրանկարներին։
Կիլիկյան նկարիչները բացառիկ վարպետության էին հասել զարդանախշի ասպարեզում, ուր դրսևորվել է նրանց անսպառ երևակայության ողջ հարստությունը։ Զարդային բազմապիսի ձևեր ստեղծելու այդ վարպետությունը նրանք հմտորեն զուգակցում էին գրեթե անհատականության հասնող, որոշակի կերպարներ վրձնելու կարողության հետ։ Կիլիկյան նկարիչները պատկերել են նաև իրենց ժամանակակիցների, շատ հաճախ անվանի պատվիրատուների, երբեմն էլ արքունի տան ներկայացուցիչների դիմանկարները։ Հանդիպում են նաև ինքնանկարներ։ Այդ շրջանի վարպետներից շատերն աչքի են ընկնում մարդկային մարմինը ճիշտ պատկերելու կարողությամբ, ծավալայնությունը տալու ձգտումով, հատկանիշներ, որոնք թույլ են տվել հայ արվեստի մեծ երախտավոր Լ. Ա. Դուռնովոյին գրելու, թե «այստեղ կարելի է տեսնել այնպիսի միտումներ, որոնք վկայում են եվրոպական Վերածննդի նկատմամբ եղած ուշադրության մասին»։
ԺԴ դարի սկզբի կիլիկյան արվեստի մեջ որոշ չափով նկատվում է վարպետության նվազում և զարգացման նոր միտում դեպի պայմանականությունը։ Այս ժամանակաշրջանի ականավոր մանրանկարիչներից էր Սարգիս Պիծակը։ Բեղմնավոր վարպետը նկարազարդել է ավելի քան 50 ձեռագիր։ Նրա մանրանկա



