ՀՈԴՎԱԾՆԵՐ: ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ԱԶԱՏ ԲՈԶՈՅԱՆԻ
պատ. գիտ. դոկ.


Ա. Եկեղեցական կանոններ
Բ. Է-ԺԱ դարերի Հայոց միջնադարյան իրավունքի այլ հուշարձաններ
Գ. Խառը հուշարձաններ (քաղաքացիական և եկեղեցական)
Դ. Քաղաքացիական օրենսգրքեր
Ե. Թարգմանական իրավունքի համահայկական հուշարձաններ
Զ. Թարգմանական այլ կանոնագրքեր (Ծադ-արքայուն-հոռոմների և կաթոլիկների)
Է. «Եղբարց միութիւնների» կանոնադրություններ
Ը. Հայոց իրավունքի ընդունելությունը այլ երկրներում
Թ. Պայմանագրեր
Ժ. Կտակներ և մուրհակներ
ԺԱ. Հայոց իրավունքի նոր ժամանակների հուշարձանները
 


Հայոց իրավական միտքն սկիզբ է առել հայ ժողովրդի՝ պատմության ասպարեզ մտնելու պահից ի վեր՝ ստեղծելով ազգային իրավունքի յուրօրինակ կոթողներ։ Տարբեր գավառների սովորութային բազմաթիվ յուրօրինակություններ, որոնք արտացոլված են ժողովրդի կյանքում, այսօր էլ գրավում են ազգագրագետների ուշադրությունը։ Հայոց ազգային իրավունքի մի յուրօրինակ շերտ՝ սովորույթի և բարոյական կաղապարների ձևով, պահվում է ժողովրդական մտածողության մեջ(1), որի վերհանումը կօգնի Հայոց իրավունքի հուշարձանների ուսումնասիրությանը, ինչպես նաև ազգային կառույցների համակարգի լիակատար ուսումնասիրությանը։ Սակայն այստեղ մեզ ավելի շատ զբաղեցնում է իրավունքի գրավոր հուշարձանների դասակարգումը, որը, սկսած ԺԹ դարից, գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Իհարկե նախագրային շրջանից մեզ են հասել փոքրաթիվ վիմագիր արձանագրություններ (ուրարտերեն, արամեերեն, հունարեն, լատիներեն), որոնք կարգավորել են իրավական որոշակի փոխհարաբերություններ։ Այդ նորմերից շատերն արտացոլված են հարևան ժողովուրդներից հասած իրավական հուշարձաններում (օր. Ավեստա, հունա-հռոմեական օրենսդրություն և այլն)։ Դրանց պետք է գումարել նաև վաղ միջնադարյան պատմիչների մոտ պահպանված արժեքավոր վկայությունները, որոնք ընդարձակում են մեր գիտելիքները նախաքրիստոնեական դարաշրջանի հայոց իրավական մտքի մասին։ Այնուամենայնիվ, գրավոր օրենսդրության առաջին հիշատակությունները Հայաստանում առկա են միայն գրերի գյուտից (406 թ.) հետո։ Այդ շրջանից է մեզ հասել քրիստոնյա հայկական համակեցության հիմքը կազմող Աստվածաշնչի թարգմանությունը, որը հասարակության բարոյական նորմերի և իրավական մոտեցումների ձևավորման համար կարևոր խթան է հանդիսացել։ Ազգային ավանդների հիմքի վրա առաջացած հայ քրիստոնեական մատենագրության մի շարք հուշարձաններ ևս իրենց մեջ ամբարել են իրավական մտածողության տարրեր, որոնք շուտով իրենց արտացոլումն են գտել ավատական հասարակության պայմաններում ձևավորված կանոնագրքերում և դատաստանագրքերում։ Դարերի ընթացքում իրավունքի գրավոր հուշարձանների քանակն աճել է նոր երկերով։ Հայոց իրավունքն օրինադրելու իմաստով ավելի աչքի ընկնող է եղել եկեղեցու դերը, քանի որ թագավորության կորստի երկարատև դարաշրջաններում (Ե-Թ, ԺԱ-ԺԲ, ԺԴ-Ի դդ.) եկեղեցին է գրավել ազգային պետականության թափուր տեղը։ Հայոց իրավունքի հուշարձանները ողջ միջնադարի ընթացքում անցել են ազգային հանրակեցության իրավաճանաչողության բովով, իսկ նրա սկզբունքները դարերի ընթացքում կիրառվել են հայ ժողովրդի հասարակական կյանքում։

Հայ մատենագրությունը հարուստ է աշխարհիկ և եկեղեցական իրավունքի հուշարձաններով, որոնցով կանոնակարգվել է միջնադարյան Հայաստանի եկեղեցաքաղաքական կյանքը։ Այս հուշարձանների մի նշանակալի մասը թարգմանվել է հարևան քրիստոնյա ժողովուրդների մատենագրություններից, հարմարեցվել է հայկական միջավայրի կարիքներին ու սերտաճել Հայաստանում ստեղծված օրենսդրական ժառանգության հետ։ Նկատելի է նաև մեկ այլ գործընթաց. ԺԴ դարից հետո պատմական Հայաստանի սահմաններից դուրս ձևավորված հայկական գաղութներում գործածության մեջ գտնվող օրենսդրական հուշարձանները թարգմանվել են ղփչաղերեն (Ղրիմ), լատիներեն և լեհերեն (Ռեչ Պոսպոլիտա), վրացերեն (Վրաստան) և ռուսերեն (Ռուսաստան)՝ հայկական իրավունքի հուշարձանները դարձնելով այդ ժողովուրդների իրավական մտածողության սեփականությունը։ Միջնադարյան իրավունքի հայկական հուշարձանների ընդօրինակությունները պահպանվում են Երևանի Մաշտոցի անվ. Մատենադարանում, աշխարհի մի շարք ձեռագրատներում (Վենետիկի Մխիթարյան Ս.Ղազար վանք, Վիեննայի Մխիթարյան վանք, Երուսաղեմի Ս.Հակոբյանց, Զմմառի վանք, Վատիկանի գրապահոց, Փարիզի ազգային գրադարան, Բրիտանական թանգարան, Բեռլինի կայսերական գրադարան և այլուր) և մասնավոր հավաքածուներում։ Այս հրապարակման մեջ կփորձենք հնարավորության սահմաններում պատկերացում տալ Հայոց իրավունքի տարաբնույթ հուշարձանների և նրանց ստեղծման ու գործառության ժամանակի մասին՝ ակնկալելով, որ իրավունքի պատմաբանների համար օգտակար կլինի մեր ձեռնարկումը։ Հայկական օրենսդրական երկերի մի մասի բնագրերը հրապարակված են, իսկ մյուսները՝ սպասում են իրենց ուսումնասիրողներին և հրատարակիչներին։




Ա. Եկեղեցական կանոններ

Սկսած Ե դարից՝ Հայոց մատենագրության մեջ մուտք են գործում մի շարք թարգմանական կանոնախմբեր՝ տիեզերական (Նիկիայի, Կոստանդնուպոլսի, Եփեսոսի) և տեղական (Անկյուրիայի, Կեսարիայի(2), Նեոկեսարիայի, Գանգրայի և այլն) եկեղեցական ժողովների որոշումները։ Հայերեն են թարգմանվում առաքյալներին և եկեղեցու սուրբ հայրերին (Բարսեղ, Աթանաս և այլն) վերագրվող կանոնախմբերը։ Այդ կանոնախմբերի մի նշնակալի մասը մեզ է հասել ուրույն խմբագրությամբ և բնագրով, որը չի համապատասխանում մայր բնագրի այսօրվա վիճակին։ Արդեն հնագույն պատմական վկայություններում տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ մեր եկեղեցու առաջին հայրերը լրացրել են դրանք՝ հարմարեցնելով Հայաստանի իրավական դաշտի կարիքներին։ Առաջին անգամ Շահապիվանի (444 թ.) ժողովում այդ վավերագրերն ի մի են բերվում, և նրանց վրա ավելացվում են Հայոց ազգային եկեղեցու կողմից ստեղծված մի շարք կանոնախմբեր (Գրիգոր Լուսավորչի, Սահակ Պարթևի և այլն)։ Կանոնագրքի այս նախնական ժողովածուն հետևողական խմբագրության է ենթարկվում նախ Ե դարի վերջին՝ Հովհաննես Մանդակունի (478-490) կաթողիկոսի իշխանության տարիներին։ Զ-Է դարերում տիեզերական եկեղեցում սկիզբ առած դավանաբանական պայքարին մասնակցում էր նաև Հայոց եկեղեցին՝ հրավիրելով ժողովներ (Դվինի Բ, Կարին-Թեոդուսոպոլսի և այլն) և հստակեցնելով իր դիրքը հրապարակ եկած վարդապետությունների ու Տիեզերական եկեղեցու կանոնների նկատմամբ։

Արաբական արշավանքների հետևանքով փոխվեց ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։ Հայոց եկեղեցին հնարավորություն ստացավ ամրապնդելու իր ինքնուրույնությունը։ Ը դարի առաջին կեսին՝ արաբական տիրապետության ժամանակաշրջանում, Եկեղեցական կանոնների ժողովածուն նոր խմբագրության է ենթարկում Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը։ Իր շատ թե քիչ լիակատար տեսքով՝ մեր տրամադրության տակ ունենք «Հայոց Կանոնագրքի» միայն վերջին ժողովածուն։ Հայ եկեղեցական իրավունքի՝ մեզ հասած հնագույն հուշարձաններից է Հովհաննես Օձնեցու(3) կազմած Կանոնագիրք-ը(728 թ.), որտեղ ի մի են բերված ինչպես տիեզերական եկեղեցու ժողովների և սուրբ հայրերի հեղինակած, այնպես էլ հայոց եկեղեցու ներսում ստեղծված առանձին կանոնախմբեր (ընդամենը՝ 24)։ Հեղինակն այս ժողովածուի վերջում տեղադրել է իր կաթողիկոսության տարիներին տեղի ունեցած Դվինի եկեղեցական ժողովի կանոնները և ավարտել հավաքածուն՝զետեղելով սեփական հիշատակարանով։ Հովհաննես Օձնեցու Կանոնագրքում տեղ են գտել Առաքյալներին վերագրվող երեք, համընդհանուր եկեղեցու երեք տիեզերական և վեց տեղական ժողովների, Սուրբ հայրերին վերագրվող երեք կանոնախմբեր։ Այդ երկերի հիմնական մասը թարգմանված է հունարենից, մյուս մասը՝ ասորերենից։ Այդ կանոնախմբերը մեզ են հասել բազմաթիվ խմբագրական հավելումներով, որով և տարբերվում են իրենց նախատիպ բնագրերից։ Թարգմանական կանոնախմբերը 15-ն են և ընդգրկում են Տիեզերական եկեղեցու կողմից մինչև Քաղկեդոնի ժողովն ընդունված հիմնական ժողովների որոշումներն ու Սուրբ հայրերին վերագրվող կանոնախմբերը։ Դրանց ավելացված են Հայոց եկեղեցու Սուրբ հայրերի ստեղծած, ինչպես նաև Հայոց տեղական ժողովների կանոնախմբերը՝ ընդամենը 9 կանոնախումբ։

Այս 24 կանոնախմբերի մեջ Հովհաննես Օձնեցին չի մտցրել իր տրամադրության տակ եղած որոշ կանոնախմբեր, որոնց մի մասը, հավանաբար, ժամանակի ընթացքում կորել են (օրինակ՝ Աշտիշատի և Վաղարշապատի ժողովների և այլն), իսկ մյուս մասն էլ պահպանվել են կա՛մ առանձին կանոնախմբերի տեսքով (Ներսես Մեծի, Կոմիտասի և այլն), կա՛մ էլ մտել են Կանոնագրքի՝ հետագայում ընդարձակված խմբագրությունների մեջ (օրինակ՝ Կարին-Թեոդոսուպոլսի և Դվինի ժողովների կանոնախմբերը)։ Նման կանոնախմբերից ուշադրության արժանի է Կանոնագրքի հետագա խմբագրություններում պահպանված Երկրորդ Նիկիական կանոնախումբը, որն իրենից ներկայացնում է Ե դարում ստեղծված տիեզերական(Նիկիայի) և տեղական(Անկյուրիայի, Կեսարիայի, Գանգրայի) ժողովների որոշումների մի ինքնատիպ ժողովածու։ Նրա մեջ պահպանված հոդվածները հաճախ ավելի հարազատ են նույն կանոնների՝ մեզ հասած հունարեն խմբագրություններին, երբեմն էլ ավելի նախնական վիճակ են արձանագրում։ Հետևաբար, հայկական Կանոնագրքի ստեղծման պատմությունը պետք է բաժանել երեք փուլի. 1) Հովհաննես Օձնեցուց առաջ գոյություն ունեցած ժողովածուներ, 2) նրա կողմից ստեղծված հավաքածու, 3) այս ժողովածուի հիմքի վրա հետագայում կատարված ընդարձակումեր և նոր խմբագրություններ, որոնք իրենց կազմում ընդգրկում են նաև Հովհաննես Օձնեցու հավաքումից առաջ ստեղծված մի շարք կանոնախմբեր։ «Կանոնագիրք Հայոց»-ն ողջ միջնադարի ընթացքում դիտվել է իբրև իրավաբանական ակտերի պաշտոնական ժողովածու, որի կանոնները բազմիցս օգտագործվել են նաև քաղաքացիական օրենսգրքերում, հաստատագրվել են վիմագիր արձանագրություններում(4)։

Թեպետ Հովհաննես Օձնեցու կազմած «Կանոնագիրք Հայոց»-ն ունի անհատականացված բնույթ և կրում է այդ մեծ գործչի անհատականության ընդգծված կնիքը, այնուամենայնիվ իր ստեղծման օրից ժողովածուն ընդունվել է որպես պաշտոնական է օրենսգիրք, թեև այդ մասին չի պահպանվել որևէ հստակ վկայություն(5)։ Հովհաննես Օձնեցին վարում էր բացահայտ հակաքաղկեդոնական գործունեություն, որը նրան արաբների հետ փոխհարաբերություններում գործելու ազտություն կտար և կամրապնդեր Հայոց եկեղեցու ինքնավարությունը։ Այս մոտեցումը բազմիցս հաստավում է նրա ստեղծած Կանոնագրքի բովանդակությամբ։ Հետագայում առաջացել են Կանոնագրքի տարբեր խմբագրություններ, որոնց հիմքում միշտ առկա է Հովհաննես Օձնեցու ստեղծած կանոնական ժողովածուն, որն արդեն Ժ դարի վերջում ընդարձակվել էր և ուներ շուրջ 40 կանոնախումբ։ Սկզբնաղբյուրների անուղղակի վկայություններից պարզ է դարձել, որ Անանիա Մոկացին և Մխիթար Գոշն օգտագործել են Կանոնագրքի ընդարձակված այս խմբագրությունը(6)։ Ճշտված է այդ հեղինակների ունեցած Կանոնագրքի բնագրերի մոտավոր քանակը։ Տարբեր ժամանակաշրջաններում Կանոնագիրք մտած երկերի քանակը ճշտելու գործում բավական նուրբ բնագրագիտական աշխատանք է կատարված Հ.Տաշեանի(7), Ս.Տիգրանյանի(8), Ն.Ակինյանի(9), Վ.Հակոբյանի(10) և այլոց կողմից։

Կանոնագրքի հնագույն ձեռագիրը մեզ է հասել ԺԱ դարից։ Այն ընդօրինակվել է 1098 թ. տեր Խաչիկի օրինակից, սկզբում Սև լեռան Պառլահու վանքում, ապա Արմեն լեռան վրա գտնվող Հովհանա անապատում(11)։ Ժ դարում առկա 40 երկերին, 1098 թ. ընդօրինակված ձեռագրում ավելացված է շուրջ 17 նոր կանոնախումբ, և ըստ այդմ՝ «Հայոց Կանոնագրքում» դրանց թիվը հասել է 57-ի։ Այս նորամուծություններն արդյունք էին Հովհանա վանքի վանահայր Մելիտեի, փոխանորդ Գրիգորիսի և ձեռագրի գրիչ Հովհաննեսի աշխատասիրության(12)։ Կանոնագրքի ընդարձակված այս տարբերակն արդեն ԺԲ դարի երկրորդ կեսին շրջանառության մեջ է եղել Սկևռայում և օգտագործվել, հավանաբար, Ներսես Լամբրոնացու կողմից։ Հովհաննես Օձնեցու Կանոնագրքի այս ընդարձակված տարբերակի հիման վրա, սկսած ԺԳ դարից, առաջանում է մի նոր խմբագրություն, որը պայմանականորեն անվանվում է Բ խմբագրություն։ Այստեղ արդեն, ըստ ժամանակագրական հերթականության, փոխվում է 57 կանոնախմբերի դասավորությունը։ Իրար կողք են բերվում նույն հեղինակներին վերաբերող տարբեր կանոնախմբերը, ավելացվում են նորերը։ Համաձայն 1611 թ. Կ.Պոլսում ընդօրինակված մի մատյանի, որի ընդօրինակողը Հակոբ Քյոթահիացին է, տվյալ խմբագրության ստեղծողը Գեորգ (1245-1301) Լամբրոնացին կամ Սկևռացին է(13)։ Այս խմբագրության հնագույն ձեռագիրն ընդօրինակվել է 1353 թթ. հավանաբար Հովհաննես Երզնկացու՝ 1326/7 թ. կազմած նախօրինակից։ Նույն խմբագրության մի այլ ընդօրինակություն է Անկյուրիայի Կարմիր Վանքի թ.43 մատյանը, որն Ազարիա Սասնեցու պատվերով 1609 թ. ընդօրինակել է Սիմեոն Լեհացին։ Վերջինս էլ հայտնում է, որ այս օրինակի պակասները լրացրել է Գեորգ հռետորը։ Վազգեն Հակոբյանը, հիմնվելով ԺԵ դարում Կանոնագրքի նոր խմբագրության աշխատանքներին մասնակցած Հակոբ Ղրիմեցու վկայության վրա, կարծում է, որ այդ լրացումները պատկանում են վերջինիս ուսուցիչ, ԺԴ դարի վերջի և ԺԵ դարի սկզբի մատենագիր, Հովհան Որոտնեցու աշակերտ Գեորգ Երզնկացու գրչին(14)։ Կանոնագրքի այս օրինակն էլ օգտագործելով՝ 1609 թ. իր ընդօրինակության մեջ նոր հավելումներ է կատարել Գրիգոր Կեսարացու աշակերտ Ազարիա Սասնեցին(15), որի ստեղծած խմբագրությունն էլ 1609 թ. ընդօրինակել է Սիմեոն Լեհացին(16)։ Այս նույն ժողովածուից 1611 թ. Կանոնագրքի իր տարբերակն է ընդօրինակում Հակոբ Քյոթահիացին (Կուտինացի)։ Բացի հիշյալ խմբագրություններից, կան նաև Կանոնագրքի առանձին ձեռագրական խմբեր, որոնք մատենագրական այս հուշարձանի ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն։

ԺԶ-ԺԷ դարերում ստեղծվում են նաև հայկական առաջին համակարգված կանոնագրքերը։ Կանոնագրքի օգտագործման փաստեր կարելի է հանդիպել գրեթե ողջ միջնադարյան մատենագրության մեջ։ Բազմաթիվ քաղվածքների ենք հանդիպում հատկապես ԺԹ դ. կաթողիկոսական և հոգևոր իշխանությունների գրություններում։ Օրինակ՝ 1815 թ. Ներսես Աշտարակեցին պատժում է Սադախլուի Հովսեփ քահանային ապօրինի պսակ կատարելու համար՝ մեղադրանքը հիմնավորելով Կանոնագրքից բերված քաղվածքներով(17)։ 1915 թ. Գեորգ Ե կաթողիկոսը հիշեցնում է իր սինոդին, որ հարկավոր է, ամուսնական հարաբերությունները կարգավորելիս, հետևել Կանոնագրքին(18)։ Նմանատիպ դատական գործերում Կանոնագրքի օգտագործումը նախընտրում էին նաև գաղթօջախներում, ինչպես դա երևում է Մատթեոս Բ կաթողիկոսին 1909 թ. Մանչեստրից ուղարկված նամակից(19)։

«Կանոնագիրք Հայոց»-ում հստակորեն արձանագրված են հայոց ավատատիրական հասարակության դասակարգային առանձնահատկությունները, շեշտված է եկեղեցու տեղը հասարակական կյանքում։ Դարերի ընթացքում նորովի խմբագրված ժողովածուները կարգավորել են հասարակական փոխհարաբերություններն եկեղեցու ներսում և երբեմն էլ նրանից դուրս՝ առանձին դասակարգերի ու անհատների միջև, եկեղեցական կազմակերպության շրջանակներում։ Կանոնագրքի հոդվածների մի նշանակալի մասը վերաբերում է դավանանքին և պաշտամունքի ծիսական հարցերին, քանի որ ճիշտ դրանցով է Հայոց եկեղեցին և հասարակությունը պետականության բացակայության պայմաններում դիմակայել օտար ուժերին և պահպանել ազգային մշակույթի ինքնակայությունը։ Այս երկը պարունակում է նաև Հայոց նահապետական կենցաղին, ապրելակերպին և պատկերացումներին վերաբերող բազմաթիվ վկայություններ, որոնց դեմ դարերի ընթացքում պայքարել է եկեղեցին։ Կանոնագրքի մի շարք հոդվածներ ուղղված են միջնադարյան Հայաստանում տարածված աղանդավորական շարժումների դեմ։ Այս երկը կարգավորում է ամուսնության և բարոյականության, մարդկային արատների (գողության, կաշառակերության, հարբեցողության), հասարակական, տնտեսական կյանքի բազմազան խնդիրներ։ Այս հուշարձանն ընդլայնում է մեր պատկերացումները Հայաստանում գոյություն ունեցող հողային և ավատատիրական փոխհարաբերությունների, հարկային համակարգի, դատավարության մեջ կիրառված դրամական և մարմնական պատիժների մասին։




Բ. Է-ԺԱ դարերի Հայոց միջնադարյան իրավունքի այլ հուշարձաններ

Միջնադարյան Հայաստանում եկեղեցու գաղափարախոսական հիմքն Աստվածաշունչն էր, ուր արձանագրված բարոյախրատական սկզբունքները (պատկերացումները) կազմում էին այն օրենքը, որոնցով առաջնորդվում էր միջնադարյան հասարակությունը։ Իզուր չէ, որ այլակրոն մուսուլմանին միջնադարյան հասարակության մեջ անվանում են անօրեն, իսկ կրոնի, հավատի ու դավանանքի հիմնական հոմանիշը դառնում է օրենքը։ Այս հասկացության տակ հասկացվում էր բարոյախրատական սկզբունքների այն ամբողջությունը, որով առաջնորդվում էր կրոնական տվյալ համայնքը, այս դեպքում Հայոց եկեղեցին, որի բարոյախրատական ամենահզոր զենքն Աստվածաշունչն էր։ Քրիստոնեության առաջին դարերից Հայաստանում ստեղծվում էին կանոնական ժողովածուներ, որոնք վերաբերում էին եկեղեցու դավանաբանությանը և (Ագաթանգեղոսի պատմության հատված դարձած «Վարդապետութիւն»ը, Գրիգոր Լուսավորչի «Յաճախապատում» ճառերը) ունեին նաև բարոյախրատական նշանակություն և Աստվածաշնչից բերված բազմաթիվ քաղվածքներով կարգավորում էին քրիստոնյա հասարակության բարոյական ու դավանաբանական սկզբունքները։ Ե-Զ դարերի ընթացքում քրիստոնեական աշխարհը հուզած դավանաբանական վեճերն իրենց շրջապտույտի մեջ առան նաև Հայաստանը, որն ընտրեց իր սեփական ուղղությունը դավանաբանության մեջ և դրանք ամրագրեց իրավական նշանակություն ստացած ժողովածուներում (Կնիք Հավատո, Գիրք թղթոց)։ Դրանց նպատակն էր արձանագրել և պաշտպանել հայոց եկեղեցու ծիսական ու դավանաբանական առանձնահատկությունները քույր եկեղեցիների ոտնձգություններից։

Հայոց հնագույն, նախարարական կարգը պահպանելու միտումով էին ստեղծվում բազմաթիվ գահնամակներն ու զորանամակները, ուր հաստատագրվում էր տարբեր նախարարական տների դիրքը հասարակության կյանքում։ Այդ հուշարձանների հնագույն ընդօրինակությունները մեզ են հասել Ժ-ԺԱ դարերից, սակայն պահպանված նյութը թույլ է տալիս ասել, որ դրանք կազմվում էին հին վավերագրերի վրա, որոնց հետքերն առկա են Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու և Սեբեոսի Պատմություններում, նախամուսուլմանական Իրանի և Բյուզանդական կայսրության քաղաքական կառուցվածքում։

Երկրի բյուզանդական մասի կյանքում հասարակական հարաբերությունները կարգավորելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էին գալիս բյուզանդական կայսրերը, որոնք իրենց մի շարք նովելներով փորձում էին ձևափոխել ժառանգական և ամուսնական փոխհարաբերությունները Հայաստանում, և այդ տեղական սովորություններն ու օրենքները հարմարեցնել բյուզանդական օրենսդրությանը։ Նույն մտահոգությամբ իրավական գործունեություն էին ծավալել նաև Սասանյան արքաները, որոնք Հայաստանի պարսկական մասի ներքին կառուցվածքը փորձում էին հարմարեցնել սեփական իրավական պատկերացումներին։ Երկու պետություններն էլ Հայաստանի ներքին կառուցվածքը փորձում էին կառավարելի դարձնել իրենց պետական կառույցների կողմից։

Է դարում Արաբական խալիֆայության կողմից գրավված Հայաստանը երկար ժամանակ ստիպված էր հարմարվել այդ պետության իրավական դաշտին։ Այս հանգամանքը ստիպում էր հայկական հասարակության կառավարման բազմաթիվ սկզբունքներ հարմարեցնել մուսուլմանական շարիաթի սկզբունքներին։ Հիշատակված քաղաքական ազդեցությունների ուսումնասիրությունը Հայոց իրավունքի վրա դեռևս սպասում է իր հետազոտողին(20)։ Բագրատունյաց թագավորության շրջանում հայկական ծեսի կանոնականացման փայլուն օրինակ է Մաշտոց Եղվարդեցի(21) կաթողիկոսի (897-898) ստեղծած «Մաշտոց» ժողովածուն, որով եկեղեցին կարգավորում է եկեղեցական պաշտամունքի և գործունեության հիմնական խնդիրները։ Այստեղ են արձանագրված ծիսական կարևորություն ունեցող բոլոր խնդիրները, որոնց հայ հոգևորականը հանդիպում էր առօրյա կյանքում։ Ժողովածուն դարերի ընթացքում հետզհետե ընդարձակվել է, սակայն պահպանել է հեղինակի մտահաղացած կուռ կառուցվածքը։

Հայաստանի տեղական իրավունքը միավորված հայկական պետության շահերի համար վերջին անգամ փորձեցին օգտագործել Բագրատունիները։ Այս ժամանակ երկրում առաջացավ Բագրատունյաց պետության հովանու տակ միավորված տերությունների մի լայն համակարգ, որի հիմնական սկզբունքը նախարարական տների տեղական իրավասությունների ընդլայնումն էր։ Ցավոք, այս գործընթացը չհասավ իր տրամաբանական վախճանին. Բագրատունյաց թագավորության կործանումով կանգ առավ հասարակական նոր կառուցվածքների ստեղծումը Մեծ Հայքի տարածքում։ Այնուամենայնիվ, այդ ժամանակներից մնացած մի շարք քաղաքական հաստատություններ կարողացան պահպանել իրենց կենսունակությունը դարերի ընթացքում։ Մինչև ԺԹ դարը պահպանվել էին բազմաթիվ իշխանական տներ, հատկապես Արցախում, որոնք մնացին Հայաստանում ազատագրական պայքարի հիմնական կրողները։ Ցավոք, Բագրատունյաց շրջանի իրավական սկզբունքները գրառման չարժանացան և մեր պատկերացումները Հայոց իրավունքի այս փուլի մասին սահմանափակվում են պատմիչների հաղորդած աղքատիկ տեղեկություններով և սակավաթիվ վիմագիր արձանագրություններով։ Իրավունքի պատմաբանի համար բազմաթիվ մութ դրվագներ ունի Հայոց օրինագիտության այս շրջանը, հատկապես տարօրինակ է, որ գրավոր քաղաքացիական օրենսդրություն չավանդած այս պետության կործանումից մեկ դար հետո հայոց հասարակության մեջ մեծ մտահոգություն է նկատվում քաղաքացիական իրավունքի հուշարձանների ստեղծման բնագավառում։ Հայոց իրավունքի գրավոր այդ հուշարձանների (մանավանդ Մխիթար Գոշի Դատաստանագրքի) բազմակողմանի ուսումնասիրության ընթացքում էլ ի հայտ են գալիս իրավական սկզբունքներ, որոնցով առաջնորդվում էին Հայաստանում մինչև ԺԱ դարի առաջին կեսը։




Գ. Խառը հուշարձաններ(քաղաքացիական և եկեղեցական)

Կանոնագրքի հիման վրա եկեղեցաքաղաքացիական օրենսդրական հուշարձանի ստեղծման առաջին փորձ կարելի է համարել Դավիթ Ալավկաորդի(22) Գանձակեցու «Կանոնական աւրէնսդրությունը»(ԺԲ դարի առաջին կես)։ Այս իրավական հուշարձանը մեզ է հասել մի քանի խմբագրություններով, որոնցից միայն մեկն է հրատարակված(23)։ Այս երկում հեղինակը բանաձևում է սուրբ, անսուրբ և պղծված մարդկանց, կերակուրների նկատմամբ վերաբերմունքը, սահմանում է այլակրոնի կարգավիճակը եկեղեցում (այլակրոնի մկրտություն) և ամուսնական փոխհարաբերություններում (այլազգի մարդու հետ ամուսնություն), անդրադառնում է քահանայի հիմնական պարտականություններին, ամուսնակա