ՀՈԴՎԱԾՆԵՐ: ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՏԵԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
բժշկ. գիտ. դոկ.


Հայաստանի բժշկությունը իր հազարամյա պատմության ընթացքում ստեղծեց բնական դեղամիջոցների հարուստ գանձարան։ Սնվելով ժողովրդական բժշկությունից՝ այն կուտակեց բազում սերունդների փորձն ու գիտելիքները բուսական, կենդանական և հանքային աշխարհի բուժիչ զորության մասին։ Հնում հատկապես մեծ համբավ ունեին Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և հիշատակված են անտիկ ու արաբ հեղինակների գործերում (Հերոդոտ, Ստրաբոն, Քսենոֆոն, Տակիտոս, Պլինիոս Ավագ, Դիոսկորիդես, Գալեն, Իբն Սինա, Բիրունի և այլն)։ Հայ պատմիչները (Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, Թովմա Արծրունի) ուշագրավ տեղեկություններ են հայտնել հին հայկական բժշկության մասին։

Հայաստանի վայրի բուժիչ բույսերն աճեցվում էին հատուկ պարտեզներում, որ հիմնվել էին դեռևս Արտաշես և Վաղարշակ թագավորների օրոք (մ.թ.ա. Ա-Բ դդ.)։ Որոշ բույսերի (լոշտակի, սև գնդիկի, համասփյուռի) բուժիչ հատկությունները առաջացրին նրանց պաշտամունքը հին Հայաստանում։ Դրա հետ միասին հին հայկական բժշկության մեջ կիրառվել են մի շարք հանքային նյութեր (հայկավ, հայքար, սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի միացություննենր), ինչպես նաև կենդանական ծագում ունեցող որոշ դեղամիջոցներ (սեռական գեղձերի, ուղեղի, լյարդի, փայծաղի էքստրակտներ, նապաստակի խախաց, “խոնավ զուֆա” և այլն)։ Վերոհիշյալ դեղանյութերն օժտված են հորմոնալ, տոնուսը բարձրացնող, հակաուռուցքային, հականեխիչ, հակաթունային և այլ բուժիչ հատկություններով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում արդի բժշկության համար։

Հայ դասական բժշկությունը իր զարգացման արշալույսին  կրեց հելլենական մշակույթի բարերար ազդեցությունը։ Հին աշխարհի դասականների՝ Պլատոնի, Արիստոտելի, Հիպոկրատի, Գալենի և այլոց երկերը, որոնք հայերեն թարգմանվեցին հունաբան թարգմանչական դպրոցի ներկայացուցիչների ջանքերով, մեծ դեր խաղացին հայ բժիշկների աշխարհայացքի ձևավորման գործում։ Միջնադարյան հայ բժշկապետները, ուսումնասիրելով անտիկ բժշկության դասականների աշխատությունները, նրանց տեսությունների լույսի տակ վերլուծեցին հայ ժողովրդական բժշկության ավանդները։ Հայ մատենագրության մեջ չորս տարրերի և հեղահյութերի անտիկ ուսմունքը առաջին անգամ հանդես եկավ Եզնիկ Կողբացու “Եղծ աղանդոց” երկում։ Հիվանդությունների ծագումը Եզնիկը կապում էր հիմնական հեղահյութերի հավասարակշռության խախտման հետ։ Սակայն հեղուկներից բացի նա հաշվի էր առնում արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը, այսպիսով, ընտրելով ինքնուրույն գիտական հետազոտությունների ուղին, որը հետագայում հանգեցրեց Մխիթար Հերացուն “բորբոսի” տեսությանը։ Միջնադարյան Հայաստանի ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը հրաշալի ծանոթ էր հիպոկրատյան բժշկության սկզբունքներին։ “Սահմանք իմաստասիրութեան” գրքում նա անդրադարձել էր մարդակազմության, ախտաբանության, դեղագիտության ու նամանավանդ բժշկական բարոյագիտության հարցերին, նորովի զարգացնելով “Հիպոկրատի երդման” հիմնադրույթները։ Բժշկության տեսական հարցերի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև Անանիա Շիրակացին (VII դ.), որը միաժամանակ զբաղվում էր պրակտիկ բուսաբուժությամբ։

Բժշկության և բնագիտության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայոց Վերածննդի դարաշրջանում (X-XIV դդ.) Անիի Բագրատունյաց և Կիլիկիայի Ռուբինյան-Հեթումյան  թագավորություններում։ Անիի, Հաղպատի, Սանահինի, Սսի բարձրագույն դպրոցներում փիլիսոփայության և բնական գիտությունների կողքին ուսումնասիրում էին նաև բժշկություն։ Մեծ րաբունապետ Հովհաննես Սարկավագը (1045-1129) քարոզում էր գիտության աշխարհականացում և փորձի կարևորությունը գիտնականի համար, ինչպես այդ արեցին հետագայում եվրոպական Ռենեսանսի ներկայացուցիչները։ Անիի դպրոցի բժշկական պատկերացումները առավել ամբողջությամբ արտահայտվել են Գրիգոր Մագիստրոսի աշխատություններում, որը ոչ միայն տեսական հարցերով տարված փիլիսոփա-գիտնական էր, այլև հմուտ պրակտիկ բժիշկ։ Նրա “Թղթերում” մեր առջև հառնում է նուրբ մասնագիտական զգացողությամբ օժտված փորձառու բժշկի կերպարը, որ քաջածանոթ էր հիվանդությունների մահճաբուժությանը, դեղագիտությանը և հատկապես բուսաբուժությանը։ Անիական շրջանում սկիզբ դրվեց ախտաբանության, թերապիայի և դեղագործության հարցերին նվիրված ուրույն աշխատությունների ստեղծմանը։ Դրանցից աչքի էր ընկնում “հաղթող Գագիկ” թագավորի  օրոք (989-1020) գրած բժշկարանը, որը հետագայում խմբագրվեց Կիլիկյան Հայաստանում՝ կոչվելով “Գագիկ-Հեթումեան բժշկարան”։ Կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիր Մխիթար Հերացին ուսումնասիրեց ու ամփոփեց անցյալ դարերի փորձր ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական բժշկության բնագավառում, ստեղծելով աշխատություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքը։ Իր “Ջերմանց մխիթարութիւն” գլուխգործոցում (1184) նա առաջ քաշեց վարակիչ հիվանդությունների կենդանի հարուցիչի՝ “բորբոսի” գաղափարը, որը մինչմանրէաբանական շրջանի վարկածներից առավել մոտ է կանգնած արդի պատկերացումներին։ “Մեծն Մխիթարը” փորձնական ճանապարհով մշակեց տենդային հիվանդությունների բուժման ուրույն մի համակարգ, որը հիմնված էր դեղային բուժման և մասնավորապես բուսաբուժության, ինչպես նաև սննդաբուժության, փսիխոթերապիայի ու ֆիզիկական մեթոդների վրա։ Այս ամենը իրավունք է տալիս հայ բժշկապետին դասելու  միջնադարյան բժիշկների առաջին շարքը։ Մխիթար Հերացու “բորբոսի” տեսությունը զարգացրեց կիլիկյան դպրոցի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գրիգորիս բժիշկը “Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց “ գրքում, ինչպես նաև Ահարոն Եդեսացու որդի Ստեփանոսը “Ծաղիկ” բժշկարանում (1232)։ ԺԳ-ԺԴ դարերում զգալի աշխուժություն էր նկատվում պատմական Հայաստանի բարձրագույն դպրոցների գործունեության մեջ։ Երզնկայում, Գլաձորում, Տաթևում, որտեղ ուժեղ էին անտիկ գիտության ավանդները, ուսուցանում էին բնական գիտությունների հիմունքներ և բժշկություն։ Պատմական Հայաստանի դպրոցներից աչքի էր ընկնում Տաթևի բարձրագույն դպրոցը, որի րաբունապետներից մեկը՝ Գրիգոր Տաթևացին “Գիրք հարցմանցում” վերլուծեց մարդակազմության, հոգեբանության և սաղմնաբանության հարցերը։  Կիլիկյան Հայաստանի անկումից հետո միայն մի քանի մշակութային կենտրոններում պահպանվեցին հայ դասական բժշկության ավանդույթները, որի վերջին պայծառ կայծը եղավ ԺԵ դարի հռչակավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծագործությունը։ “Օգուտ բժշկութեան” (1469), “Անգիտաց անպէտ”(1482), “Ախրապատին” (1459, 1481) և այլ գործերում նա անդրադարձել էր տեսական և գործնական բժշկության մի շարք կարևոր հարցերին։ “Անգիտաց անպէտի” ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ժամանակակից բժշկին ծանոթանալու  միջնադարյան հայկական բժշկության դեղամիջոցների և առաջին հերթին բուսաբուժության հետ։ Հայ բժշկապետը փորձնական ճանապարհով կարողացել էր բացահայտել մի շարք դեղաբույսերի ու նրանց խեժերի հակաուռուցքային, տոնուսը բարձրացնող, հակաթունային և հակասկլերոտիկ հատկությունները (մարգացնծու, երնջակ, կուսածաղիկ, սորնջան, արևադարձ, լոշտակ, նարդոս, վաղենակ, քաղբան, սեքպինաճ և այլն)։ Սրանցից շատերը զգալի հետաքրքրություն են ներկայացնում արդի բժշկության համար։ Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթները ԺԶ-ԺԷ դարերում զարգացրին Սեբաստիայի բժշկական դպրոցի խոշոր ներկայացուցիչներ Բունիաթ և Ասար Սեբաստացիները, որոնք, սեփական երկեր ստեղծելուց բացի, զբաղվել են խմբագրական աշխատանքով։ Սեբաստիո դպրոցի բժիշկների գործունեությամբ ավարտվեց միջնադարյան հայկական բժշկության զարգացման վերջին փուլը, սակայն նույնիսկ ԺԸ դարի նշանավոր բժիշկների՝ Պ. Քալանթարյանի և Ս. Շահրիմանյանի գործերում իրեն զգացնել է տալիս Ամիրդովլաթի “Անգիտաց անպէտի” ազդեցությունը։ Հայ ժողովրդական և դասական բժշկության փորձը պատմականից բացի լուրջ գործնական արժեք է ներկայացնում մի շարք հիվանդությունների բուժման համար, որոնց պրոբլեմը տակավին լուծված չէ արդի բժշկության մեջ (չարորակ ուռուցքներ, ալերգիաներ, վաղաժամ ծերություն, նյարդա-հոգեկան հիվանդություններ և այլն)։                       

Բժշկությունը հին Հայաստանի մշակույթի կարևոր մասն է, որի արմատները հասնում են դարերի խորքը։ Սնվելով ժողովրդական բժշկության ակունքից՝ այն կուտակել է բժիշկների բազում սերունդների հազարամյա բանավոր փորձն ու գիտելիքները Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հանքային նյութերի բուժիչ հատկությունների մասին։

Հեթանոս հայերը սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկին ու պարկեշտության և առաքինության դիցուհի Անահիտին պաշտում էին որպես բժշկության հովանավորների։ Հիշյալ դիցուհիների տաճարները, ըստ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու վկայության, գտնվում էին երկրի գեղատեսիլ վայրերում՝ Բարձր Հայքում, Վասպուրականում, Տարոնում։ Տաճարների քրմերը, յուրացնելով ժողովրդական բժշկության փորձը՝ օգնություն էին ցույց տալիս բնակչությանը։

301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն։ Հին հեթանոսական տաճարների տեղերում հիմնադրվեցին քրիստոնեական վանքեր, որոնց կից բացվեցին առաջին հիվանդանոցները։ Համաձայն Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու, Ներսես Մեծը Հայոց աշխարհի բոլոր կողմերում կառուցեց ապաստարաններ, հիվանդանոցներ ու բորոտանոցներ։ Սակայն պետք է նշել, որ դեռևս 260 թ. հայ նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան Արբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ իր միջոցներով բորոտանոց կառուցեց։ Ի դեպ հիշենք, որ Եվրոպայում առաջին բորոտանոցները բացվել են դրանից երեք հարյուր տարի հետո միայն։

Հայկական ժողովրդական բժշկությունը, որ գրեթե երեք հազար տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղամիջոցների հարուստ գանձարան։ Հնում մեծ համբավ էին վայելում Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ։ Հերոդոտը, Ստրաբոնը, Քսենոֆոնը, Պլինիոս Ավագը և Դիոսկորիդեսը իրենց երկերում  անդրադարձել են Հայաստանի դեղամիջոցներին ու գովաբանել նրանց բուժական զորությունը։

Հայ պատմիչներն ուշագրավ տեղեկություններ են հաղորդել հին հայկական բժշկության մասին։ Պատմահայր Մովսես Խորենացին գրել է, որ հայոց Վաղարշակ թագավորը (մ.թ.ա. Բ դ.) Տայքի և Կողի ճահճոտ վայրերում այգիներ ու բուրաստաններ էր հիմնել։ Համաձայն Թովմա Արծրունու վկայության, Հայաստանի բուժիչ բույսերը աճեցվում էին հատուկ պարտեզներում, որ հիմնվել էին Արտաշես թագավորի (մ.թ.ա. Ա դ.) նախաձեռնությամբ Արտամետ քաղաքի շուրջը։ Ըստ Ղազար Փարպեցու, “Այնտեղ (Արարատյան դաշտում) շատ կան զանազան բույսերի արմատներ, որ օգտագործում են ճարտար, հմուտ և գիտուն բժիշկները բուժող սպեղանիներ կամ ըմպելի դեղեր պատրաստելու համար, որոնցով բուժում էին երկար ժամանակ հիվանդությամբ տառապողներին”։ Որոշ բույսերի, ինչպես օրինակ, լոշտակի (Bryonia L.), սև գնդիկի (Nigella L.), համասփյուռի (Lychnis L.) հրաշալի բուժիչ հատկությունները առաջացրին սրանց պաշտամունքը, որի արձագանքները պահպանվել են հայ բանահյուսության մեջ։

Մեծ համբավ ունեին հնում Հայաստանի մի շարք հանքային դեղամիջոցներ՝ հայկական կավը, հայկական քարը, հայկական բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, արճճի միացությունները։ Հայկական կավը (Bolus armena), որը պարունակում է ալյումոսիլիկատներ և երկաթի օքսիդ, կիրառվում էր որպես հակաբորբոքային, հակաալերգիկ և հակաուռուցքային դեղամիջոց։ Այն քաջ հայտնի էր Գալենին և Իբն Սինային, ըստ որում վերջինս հետևյալն է գրել “Կանոնում”. “Հայկական կամ Անիական կավը զարմանալիորեն ներգործում է վերքերի վրա։ Այն առանձնապես օգտակար է թոքախտի և ժանտախտի դեմ։ Շատերը փրկվեցին մեծ համաճարակի ժամանակ, քանի որ սովորություն ունեին պարբերաբար խմել այն թույլ գինու հետ”։

Բուսական և հանքային դեղերից բացի հայկական ժողովրդական բժշկության ոլորտում օգտագործվել են նաև կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներ՝ պատրաստված կենդանիների օրգաններից ու հյուսվածքներից, որոնք օժտված են հորմոնալ ու ֆերմենտային հատկություններով։ Սրանց թվին էին պատկանում նապաստակի խախացը (coagulum) և խառը բուսական-կենդանական  ծագում ունեցող “խոնավ զուֆան”, որի մասին Իբն Սինան գրել է. “Այդ այն ճարպն է, որ հավաքվում է Հայաստանում ոչխարների դմակի բրդի վրա, որ քարշ է գալիս կաղնչանի (Euphorbia L.) վրայով։ Այն իր մեջ ներծծում է այդ խոտերի ուժը և կաթնահյութերը։ Երբեմն ճարպը նոսր է լինում, ուստի եփում և թանձրացնում են այն։ Այդ ճարպը մաշեցնում է կոշտ ուռուցքները և ուղղում է ծռված ոսկրերը, եթե նրանով վիրակապ դրվի”։ Վերոհիշյալ դեղանյութերը, որոնք օժտված էին հակաթունային, հակասկլերոտիկ և հորմոնալ հատկություններով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում արդի բժշկության համար։ Այսպիսով, հայկական ժողովրդական բժշկության փորձը հետագայում  անսպառ աղբյուր դարձավ մեր  դասական բժշկության զարգացման համար։

Ե դարի սկզբին (404-405 թթ) Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որով և հայ մատենագրության հիմքը դրվեց։ Պատմափիլիսոփայական երկերի կողքին իրենց պատվավոր տեղը գրավեցին բնագիտական ու բժշկագիտական բնույթի աշխատություններ։ Հայ դասական բժշկությունը իր զարգացման արշալույսին կրել է հելլենական մշակույթի բարերար ազդեցությունը։ Հին աշխարհի դասականների՝ Պլատոնի, Արիստոտելի, Հիպոկրատի, Գալենի երկերը, որոնք հայերեն թարգմանվեցին հունաբան թարգմանչական դպրոցի ջանքերով, կարևոր դեր խաղացին հայ բժիշկների աշխարհայացքի ձևավորման գործում։ Դրանցից հատկապես ուշադրության արժանի է Պլատոնի “Տիմէոս” երկխոսությունը, որի մեջ հեղինակը, ելնելով չորս նախնական տարրերի (հող, ջուր, օդ, հուր) ուսմունքից, փորձել է բացատրել ոչ միայն տիեզերքի՝ մակրոկոսմոսի, այլև մարդու՝ միկրոկոոսմոսի առաջացման և զարգացման օրինաչափությունները։ Վաղ շրջանի թարգմանություններից մեզ են հասել “Բառք Գաղիանոսի” դեղաբանական բառարանը,Նեմեսիոս Եմեսացու “Յաղագս բնութեան մարդոյ” ու Գրիգոր Նյուսացու “Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն” գրքերը, ինչպես նաև Ասկղեպիադեսի, Դեմոկրատեսի և Օրիբազեսի բժշկագիտական ու բնագիտական երկերի պատառիկները։

Վաղ միջնադարի հայ բնափիլիսոփաները ու բժիշկները, լրջորեն ուսումնասիրելով անտիկ բժշկության դասականների աշխատությունները՝ սրանց լույսի ներքո վերլուծում էին հայ ժողովրդական բժշկության ավանդները։ Սակայն ուրույն բժշկական գրքերի ստեղծման գործընթացը, որ պիտի դառնար նախորդ շրջանի բնականոն շարունակությունը, որոշ չափով ուշացավ  արաբական նվաճումների հետևանքով, որոնք Ը-Թ դարերում հայ մշակույթի ընդհանուր անկման պատճառը դարձան։ Միայն Ժ դարում սկսեցին հանդես գալ հայ բժիշկների առաջին բժշկարանները, որոնք հիմնականում նվիրված էին հիվանդությունների դեղային բուժման հարցերին և որոնց մեջ հունականից բացի աստիճանաբար ի հայտ էր գալիս նաև արաբական բժշկության ազդեցությունը։
Միջնադարյան հայ մատենագրության մեջ չորս տարրերի և նրանց համապատասխանող չորս հեղահյութերի (արյուն, լորձ, դեղին ու սև մաղձեր) անտիկ տեսությունն առաջին անգամ հանդես եկավ Եզնիկ Կողբացու (380-450 թթ..) “Եղձ աղանդոց” երկում։ Հիվանդությունների առաջացումը Եզնիկը կապում էր հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ։ “Հիվանդություններ կան,- գրում է նա ,- որոնք առաջանում են ոչ թե մեղքերի պատճառով, այլ անկշիռ (հյութերի) խառնվածքներից։ Որովհետև մարդու մարմինը հանդիսանում է չորս տարրերի խառնուրդ... Եվ եթե նրանցից որևէ մեկը ավելանա կամ պակասի, ապա կառաջանա հիվանդություն”։ Սակայն հեղահյութերից բացի Եզնիկը հաշվի էր առնում նաև արտաքին ու ներքին միջավայրի գործոնների ազդեցությունը. “չափից ավելի կամ անխտիր ամեն բան ուտելը, խմելը, խիստ ժուժկալությունը, տոթ կամ ցուրտ եղանակին աշխատելը և այլ վնասակար հանգամանքները”։ Այս վնասակար ազդակներին նա մեծ նշանակություն էր տալիս մասնավորապես նյարդային ու հոգեկան հիվանդությունների առաջացման հարցում։ Հիպոկրատի նման, որը մերժում էր ընկնավորության (epilepsia) “սրբազան” բնույթը, նա հոգեկան հիվանդությունները համարում էր ուղեղի հյուծման արդյունք։ “Ուղեղի հյուծման հետևանքով մարդ կորցնում է գիտակցությունը, խոսում է պատերի հետ, կռվում է քամու հետ։ Այդ պատճառով էլ բժիշկները համառորեն պնդում են, որ ոչ մի դև էլ չի մտնում մարդու մարմնի մեջ, որ մարդու այդ բոլոր վիճակները հիվանդություններ են, որ իրենք կարող են բուժել”։

Ծնված լինելով Այրարատում և հրաշալի ճանաչելով Հայաստանի դեղաբույսերի բուժիչ ու թունավոր հատկությունները, ինչպես նաև նրանց սիներգիկ ներգործությունը, նա գրել է.”Մոլախինդը (Cicuta L.) ինքնին հայտնի է որպես մահացու թույն, բայց բժիշկներն այն օգտագործում են լեղապարկի հին հիվանդւթյունները բուժելու ժամանակ։ Կաղնչանի մի տեսակը առանձին վերցրած թունավոր է, իսկ մյուս դեղամիջոցների հետ միասին բուժում է լեղապարկի հիվանդությունները և հիվանդին փրկում մահից”։

Միջնադարյան Հայաստանի ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը (Ե-Զ դդ.) հրաշալի ծանոթ էր հիպոկրատյան բժշկության  սկզբունքներին։Նրա “Սահմանք իմաստասիրութեան”, “Վերլուծութիւն “Ներածութեան” Պորփիւրի”, “Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի” երկերում շոշափված են անատոմիայի, ֆիզիոլոգիայի, դեղագիտության և բժշկական բարոյագիտության հարցերը։ Ավարտելով իր ուսումը անտիկ կենտրոններում և քաջածանոթ լինելով դիահերձման և կենդանահատության պրակտիկայի հետ, որ կիրառվում էր Ալեքսանդրիայի բժշկական դպրոցում, նա “Վերլուծութիւն” “Ներածութեան” Պորփիւրի” աշխատության մեջ հետևյալն է գրել.”Վերլուծության գործն է գոյի բաժանումը այն մասերի, որոնցից նա կազմած է, ինչպես օրինակ, երբ մեկը վերցնում է մարդուն և անդամահատում, հերձում նրա ոտքերը, ձեռքերը, գլուխը և այնուհետև մարմինը բաժանում  ոսկրերի, ջլերի, անոթների և նյարդերի”։

Բժշկության նկատմամբ սեր ու հետաքրքրություն է ցուցաբերել նաև հայ ականավոր աստղագետ, մաթեմատիկոս և փիլիսոփա Անանիա Շիրակացին (VII դ.)։ Իր հռչակաավոր “Քննիկոնում” (667 թ.) աստղաբաշխության, համարողական արվեստի, տոմարագիտության և փիլիսոփայության հարցերին նվիրված աշխատությունների կողքին նա մեծ տեղ էր տվել բժշկագիտական երկերին։ Հայ մատենագրության մեջ պահպանվել են տվյալներ, որ Անանիա Շիրակացին զբաղվել է բուսաբուժության հարցերով։ Այսպես օրինակ, Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 549 ձեռագրում ասված է, որ Անանիան հայտնաբերել էր իր օրերում հազվագյուտ դարձած համասփյուռ բույսը Այրարատյան նահանգի Ձողակերտ վայրում և ուսումնասիրել նրա բուժիչ ու թունավոր հատկությունները։

Արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած դարավոր պայքարն ավարտվեց հայկական պետականության վերականգնումով, որ նպաստեց տնտեսության վերականգնմանը, քաղաքների աճին, առևտրի, արհեստների, գիտության ու արվեստի բարգավաճմանը, որոնք բնորոշ էին Հայոց Վերածննդի դարաշրջանի համար (Ժ-ԺԴ դդ.)։ Արվեստի, գիտության և մանավանդ բժշկության զարգացման համար հատկապես նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Ժ-ԺԱ դարերում Անիի Բագրատունյաց թագավորությունում։ Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնադրվեցին բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ փիլիսոփայության և բնական գիտությունների կողքին ուսումնասիրում էին նաև բժշկություն։

Արտահայտելով Հայոց Վերածննդի դարաշրջանի ոգին՝ անվանի գիտնական Հովհաննես Սարկավագը (1045-1129 թթ.), որ դասավանդում էր Անիի և Հաղպատի բարձրագույն դպրոցներում, ասել է.”Հետազոտողը պետք է բազմակողմանի կրթություն և գիտելիքներ ունենա, նա պետք է յուրացնի ոչ միայն Սուրբ գիրքը, այլև արտաքին (աշխարհիկ) գիտությունները։ Եվ եթե նա նույնիսկ կատարելապես տիրապետի նրանց, միևնույն է, առանց փորձի իմացությունը չի կարող ստույգ լինել։ Միայն փորձն է, որ անսասանելի և անվիճելի է”։ Հայ փիլիսոփայի մտքերը, որ քարոզում էր գիտության աշխարհականացման և փորձի անհրաժեշտության գաղափարները, չաափազանց մոտ են եվրոպական Ռենեսանսի նախակարապետներից մեկի՝ Ռոջեր Բեկոնի (1214-1292) հայտնի ասույթին՝ “առանց սեփական փորձի չկա բավարար իմացություն “։

Հայոց Վերածննդի դարաշրջանի բժշկական պատկերացումները առավել ամբողջականությամբ արտացոլվել են Գրիգոր Մագիստրոսի (989-1058 թթ.) աշխատություններում, որ Իբն Սինայի (980-1037 թթ.) ժամանակակիցն էր։ Քաջատեղյակ լինելով անտիկ մշակույթին և հանդիսանալով բազմակողմանի զարգացած անձնավորություն, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին իրեն դրսևորեց հայ մշակույթի տարբեր ոլորտներում՝ իբրև բանաստեղծ, փիլիսոփա և բժիշկ։ Ապրելով Բագրատունյաց թագավորության վերջին փոթորկալից շրջանում՝ նա հաճախ ստիպված էր ընդհատել իր գիտական պրպտումները  ու դասախոսությունները մատենադարաններում և համալսարաններում զենք վերցնելու համար։ Իր հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու օրինակով նա սուրը ձեռքին պաշտպանեց հայրենիքը բազմաթիվ թշնամիներից՝ բյուզանդացիներից, թուրք սելջուկներից և այլ քոչվոր ցեղերից։ Իսկ երբ լռում էին ճակատամարտի ձայները և վրա էին հասնում խաղաղ տարիները, Մագիստրոսը կրկին նվիրվում էր գիտական ու շինարարական գործունեությանը, նորոգում վնասված կամ կործանված վանքերը Հայաստանի տարբեր վայրերում (Կեչառիս, Սանահին, Տարոն), կառուցում նորերը (Հավուց Թառ), որտեղ և դասավանդում էր ինքը։ Նա գիտական սերտ կապեր ուներ ոչ միայն Հայաստանի, այլև Բյուզանդիայի գիտնականների և պետական գործիչների հետ։

Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը, որ հարյուր հազարից ավելի բնակիչ ուներ և մի վաճառաշահ ու բարեկարգ քաղաք էր (ուներ կոյուղի, ջրմուղ, հոյակապ բաղնիքներ), աշխարհի տարբեր կողմերից դեպի իրեն էր ձգում վաճառականներին, արվեստագետներին ու գիտնականներին։ Գրիգոր Մագիստրոսը նամակագրական կապեր էր պահպանում նրանցից շատերի հետ։ Այդ նամակներում  կամ “Թղթերում”, որոնց մի մասը բարեբախտաբար պահպանվել ու մեզ է հասել, պատկերված են ժամանակի վարքն ու բարքը, հայոց մայրաքաղաքի մշակույթը, և վերջապես, Մագիստրսի՝ բժշկի և փիլիսսսոփայի գիտական նախասիրությունների լայն շրջանը։ Նրա նամակներից մեկը հասցեագրված էր բյուզանդացի բժիշկ Կյուրակոսին, որ Անիում դասախոսություններ էր կարդացել մարսողական օրգանների գործունեության մասին։ Վիճաբանության ժամանակ Մագիստրոսի հարցերից մեկի կապակցությամբ հույն բժիշկը հայտարարել էր, թե իրեն չի հետաքրքրում ոչ մի բան, որ դուրս է իր նեղ մասնագիտության շրջանակներից։ Փայլուն նամակ-պատասխանում, որ և նամակային ժանրի հրաշալի նմուշ է, Մագիստրոսը՝ անտիկ գիտության լույսի տակ ցույց է տվել նման միակողմանի մոտեցման սխալ լինելը և այն սերտ կապը, որ գոյություն ունի բնության բոլոր երևույթների միջև։ Կյուրակոսի հետ տարիներ տևած այս գիտական բանավեճի ընթացքում հայ գիտնականը դրսևորեց իր խոր գիտելիքները բժշկության ու փիլիսոփայության բնագավառում և Պլատոնի, Հիպոկրատի,Գալենի, Ասկղեպիադեսի, Գրիգոր Նյուսացու ու այլոց գործերի լայն իմացությունը։

Գրիգոր Մագիստր