ՋՈՒԼԻԵՏԱ ԷՅՆԱԹՅԱՆ
ֆիզ.- մաթ.գիտ. թեկնածու
Գիտության կազմավորման ժամանակահատվածներն արտացոլում են առանձին ժողովուրդների և մշակույթների պատմության միասնականությունը, որը հնարավոր է դարձել այդ ժողովուրդների միջև եղած կանոնավոր կապերի միջոցով։
Հայտնի է, որ Հին Հունաստանը գիտության զարգացման հնագույն օջախների՝ Բաբելոնի, Եգիպտոսի, Հնդկաստանի հիմնական ժառանգորդը դարձավ, քանի որ այնտեղ դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին։
Գիտության մեջ, ավելի քան մարդկության պատմության այլ ոլորտում, անհրաժեշտ է ուսումնասիրել անցյալը՝ ներկան ավելի լավ հասկանալու և հետագայում բնության օրենքները կառավարելու համար։ Գիտական մտքի պատմության հիմնական միջուկը հանդիսանում է մաթեմատիկա- աստղագիտություն կապը, որը, առաջին քաղաքների ստեղծումից ի վեր, պահպանվեց մի քանի հազարամյակների ընթացքում։ Կուտակվում էր մի դիտումը մյուսի ետևից, կատարելագործվում մի մեթոդը մյուսի ետևից։
Ինչպես մյուս հին ժողովուրդները, հայերը նույնպես անհիշելի ժամանակներից հետևել են երկնային մարմինների շարժումներին։ Հայկական բարձրավանդակում աստղագիտության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին են վկայում մեր թվարկությունից մի քանի հազարամյակ առաջ ժայռաբեկորների վրա դրոշմված համաստեղությունների, աստղերի, մոլորակների, Արեգակի, Լուսնի պատկերները։ Հնագույն ամրոց-բնակատեղի Մեծամորի բարձունքում հայտնաբերված աստղագիտական փորագրություններով ժայռաբեկորները, որոշ մասնագետների կարծիքով, մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ծառայել են երկնային մարմինների և երևույթների դիտումների համար։
Ավերիչ պատերազմներն ու բնական արհավիրքները ոչնչացրել են հայ ժողովրդի ստեղծած գիտության և մշակույթի բազմաթիվ արժեքավոր գործեր, որոնցից մեզ են հասել առանձին պատառիկներ, գործիքների, քարտեզների մասեր, ժայռերի խորքերում պահված ձեռագրերի քարացած կտորներ։ Գտնվել են տոմարական և աստղագիտական նշումներով գոտիներ, համաստեղությունների ու աստղերի նշաններով զարդարված տնային օգտագործման առարկաներ, խավարումների մասին արձանագրություններ, աստղագիտական բնույթի ժայռապատկերներ։
Հայաստանի բազմաթիվ վանքերի ու տաճարների վրա մինչև այժմ էլ պահպանվել են արեգակնային ժամացույցներ։ Դրանց նկարագրությունները կան նաև Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերում։ Այդ ժամացույցների թվատախտակի հարթությունն ուղղահայաց է հորիզոնին և անցնում է արևելք-արևմուտք կետերով։ Այդպիսի ժամացույցները փորագրվում էին շենքերի հարավային պատի վրա։
Ժամանակը չափելու համար Հայաստանում օգտագործվել են նաև ստվերաչափերը։ Դրանք աղյուսակներ էին, որոնցում տրված էին առարկաների ստվերի երկարության փոփոխությունները տարվա օրերի ընթացքում։
Ինչպես արեգակնային ժամացույցների վրա, այնպես էլ ստվերաչափ- աղյուսակներում թվերի փոխարեն գրված են հայկական այբուբենի տառերը. առաջին ինը տառերը նշանակում են միավորներ, հաջորդ ինը տառերը՝ տասնավորներ և այլն։ Ժամերի համարակալումն սկսվում է առավոտյան պահից՝ կեսօրին դառնալով 6։ (Իբրև օրինակ՝ առաջին նկարում բերված է Երևանից դեպի արևմուտք 15կմ հեռավորության վրա գտնվող Զվարթնոցի տաճարի (մ.թ.7-րդ դար) պատին փորագրված արեգակնային ժամացույցը։)
Ստվերաչափերի հիմքում ընկած է այն իրողությունը, որ ուղղաձիգ առարկաների ստվերն օրվա տարբեր ժամերին ունենում է տարբեր երկարություն։ Քանի որ տարվա ընթացքում փոփոխվում է նաև օրվա տևողությունը, որը հետևանք է Արեգակի բարձրության փոփոխության, ուստի ստվերի երկարությունը կախված է նաև տարվա եղանակներից. միևնույն ժամին ստվերը ամռանը լինում է կարճ (նվազագույն երկարությունը՝ ամառային արևադարձի օրը), իսկ ձմռանը՝ երկար (առավելագույնը լինում է ձմեռային արևադարձի օրը)։ Իբրև օրինակ` երկրորդ նկարում բերված է Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2001 ձեռագրի 58ա թերթում զետեղված ստվերաչափը։
Միջին դարերում Հայաստանում օգտագործել են ժամանակի աստղագիտական, գեոդեզիական ամենագործածական գործիքը՝ աստրոլաբը։ Աստրոլաբների նկարագրություններ և նրանցից օգտվելու կանոնները կան Մատենադարանի բազմաթիվ ձեռագրերում։ Էջմիածնի թանգարանում է պահվում X դ. աստրոլաբի մի մասը։ Օքսֆորդի պատմության թանգարանում պահպանվում են արաբական 9 և 10 դդ. երկու աստրոլաբներ, որոնց վրա կան նաև հայերեն գրություններ։ Աստրոլաբների միջոցով լուծվում էին ինչպես աստղագիտական խնդիրներ (լուսատուների բարձրությունը հորիզոնից, Արեգակի ծագման և մայրամուտի պահեր և այլն), այնպես էլ առօրյա գործնական հարցեր (առարկաների հեռավորություն, բարձրություն, գետերի լայնություն և այլն)։ Երրորդ նկարում պատկերված է XVII դարում Ղուկաս Վանանդեցու կողմից պատրաստված աստրոլաբը, որը պահվում է բյուրականի աստղադիտարանում։
Հայկական ձեռագրերում տեղեկություններ կան Արեգակի, Լուսնի խավարումների, նոր և գերնոր աստղերի դիտումների մասին։ Իբրև օրինակ՝ կարող ենք բերել 11-րդ դարի առաջին տարիներին(1006թ) դիտված կրակի նման պայծառ նոր աստղի մասին տեղեկությունը։ Հայ աստղագիտության պատմության նշանավոր ուսումնասիրող Բ.Թումանյանը, ձեռագրերն ուսումնասիրելով, եկել է այն եզրակացության, որ մեր աղբյուրները խոսում են 1006թ. տեղի ունեցած գերնոր աստղի բռնկման մասին, որը դիտվել է անզեն աչքով։ Նա նշում է, որ այդ նույն բռնկման մասին գրանցված է նաև ճապոնական և չինական աղբյուրներում։ Նա գրում է. «Վերոհիշյալ փաստի առկայությունը հայ հեղինակների աշխատություններում աշխարհում այդ երևույթի նկարագրության երրորդ փաստական վկայությունն է և մեծ կարևորություն է ներկայացնում ժամանակակից աստղաֆիզիկայի համար՝ գերնոր աստղերի երևույթների բնույթն ու բռնկման օրինաչափությունները ուսումնասիրելիս»։
Հայտնի է, որ հին հունական գիտնականների ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են Կ.Պտղոմեոսի (մ.թ. 2-րդ դար) «Ալմագեստ» աշխատությունում։ Ըստ նրա երկրակենտրոն համակարգի՝ Երկիրը տեղավորված է տիեզերքի կենտրոնում, իսկ նրա շուրջը համակենտրոն շրջաններով պտտվում են Լուսինը, Մերկուրին (հայերեն Փայլածու), Վեներան (Լուսաբեր)։ Տիեզերքում Երկրին այդպիսի հատուկ դիրք և նշանակություն տալը մեծ պաշտպանություն գտավ քրիստոնեական եկեղեցու կողմից։ Ավելի քան մեկ հազարամյակ գերիշխող այդ տեսությունը խախտվեց 1543թ. լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսի «Երկնային շրջանների պտույտի մասին» հայտնի աշխատության լույս տեսնելուց հետո։ Առաջ քաշվեց և հիմնավորվեց արևակենտրոն համակարգի տեսությունը, որը երկար ժամանակ չէր ընդունվում եկեղեցու սպասավորների կողմից։
Հայաստանն այդ դարերում գտնվում էր օտարերկրյա լծի տակ, և եկեղեցու կողմից արվում էր ամեն ինչ մարդկանց հեռու պահելու համար գիտության մեջ տեղի ունեցած հեղաշրջումից և նրա հետևանքներից։ 1695թ. Վանանդեցիներն Ամստերդամում լույս են ընծայում «Համատարած աշխարհացոյց» մեծադիր առաջին հայկական տպագիր քարտեզը։ Արևելյան և արևմտյան կիսագնդերը ներկայացնող այդ աշխարհագրական քարտեզի վրա պատկերված է աստղային երկինքը՝ համաստեղությունների նկարներով, և Տիեզերքի երկրակենտրոն համակարգը։
1749թ. «Հայկազյան բառարանում» զետեղված են երկու ներդիր քարտեզներ, որտեղ ներկայացված են դանիական հայտնի աստղագետ Տիխո-Բրագեի կողմից առաջ քաշված համակարգը։ Ըստ նրա՝ մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը, իսկ Արեգակը՝ Երկրի շուրջը։ Կոպեռնիկոսյան ուսմունքի արձագանքները Հայաստան են հասել մի քանի դար հետո միայն։ Եղիա Կարնեցին «Յաղագս աշխարհագրութեան» ձեռագիր աշխատությունում նկարագրում է արևակենտրոն համակարգը, ինչպես նաև նշում, որ այդ տեսությունը ժխտելու ոչ մի փաստ չկա։
Տպագիր առաջին հայերեն գիրքը, ուր բացահայտորեն խոսվում է արևակենտրոն համակարգի մասին, 1796թ. Հռոմում լույս տեսած Ստ. Աբկարյանի «Գրքուկ, որ կոչի սկզբունք բնական գիտութեանց»-ն է։
19-րդ դարում հայ առաջադեմ մտածողներն աշխատում էին աշխարհաբար լեզվով թարգմանել և ժողովրդի մեջ տարածել համաշխարհային գիտության նվաճումները։ 19-րդ դարում հայերեն լույս տեսած աստղագիտական բովանդակությամբ հոդվածներում, դասագրքերում և ուսումնասիրություններում անվերապահորեն ընդունված է արևակենտրոն համակարգը։
Հայկական ձեռագրերն ավելի հարուստ են տոմարագիտական նյութերով։ Անառարկելի ճշմարտություն է, որ պատմությունը չափում են ժամանակով։ Փաստը համարվում է պատմական, եթե այն տրվում է ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ։ Այս իմաստով ժամանակը պատմության օժանդակ օղակն է, որի միջոցով ճշգրտվում է որոշակի փաստի ժամանակային հեռավորությունը մեզանից։ Սակայն ժամանակի միավորները՝ օրը, ամիսը, տարին անհամաչափելի են. դժվար է գտնել ամբողջ թվով արտահայտվող տարիների քանակ, որը պարունակեր ամբողջ թվով ամիսներ կամ օրեր։ Դրանով էլ բացատրվում է ժամանակը չափելու բարդությունը և հազարամյակների ընթացքում տարբեր ժողովուրդների կողմից օգտագործված օրացուցային համակարգերի բազմազանությունը։ Այդ դժվարությունները հաղթահարելու և վերոհիշյալ երեք մեծությունները միմյանց հետ համաձայնեցնելու փորձերով է բացատրվում այն փաստը, որ տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների մոտ ստեղծվել են երեք տիպի օրացույցներ՝ լուսնային, լուսնաարեգակնային և արեգակնային։
Լուսնային օրացույցների հիմքում ընկած է լուսնական սինոդական ամիսը, որի տևողությունը 29,5 օր է։ Լուսնային օրացույցում տարին կազմված է 12 ամսից, որոնք պարունակում են 29 կամ 30 օր։ Յուրաքանչյուր ամսվա սկզբին լինում է նորալուսին, ամսվա կեսին՝ լիալուսին, վերջում՝ վերջալուսին։ Փաստորեն, ամսաթիվը ցույց է տալիս Լուսնի փուլի հասակը։ Սրանում է կայանում լուսնային օրացույցների առավելությունն արեգակնային օրացույցների նկատմամբ։
Գրեթե բոլոր ժողովուրդները սկզբում ժամանակը չափել են Լուսնի միջոցով։ Նրանցից շատերի լեզուներում «ամիս» և «Լուսին» բառերը համարժեք են։ Ամսվա սկիզբը՝ նորալուսնի արևմուտքում առաջին անգամ երևալը, շատ տեղերում ազդարարվում էր դիտորդների միջոցով։ Սակայն տարվա տարբեր եղանակներին դիտումների արդյունքը միևնույնը չէր, և հնարավոր էր դիտումների խափանում։ Դրա համար ամիսները պարզապես հաջորդաբար ընդունում էին 29 - 30 օր տևողությամբ։
Այնուամենայնիվ, ժամանակը չափելու համար լուսնային ամիսն այնքան էլ հարմար չէ, քանի որ մարդու կյանքի ռիթմը կապված է ավելի Արեգակի, քան Լուսնի հետ, և այսպես թե այնպես հարկավոր էր միմյանց հետ համաձայնեցնել այդ երկու լուսատուների շարժումների պարբերությունները։ Հարցը դժվարանում էր նրանով, որ լուսնային ամիսը տարին չի բաժանում հավասար մասերի. 12 լուսնային ամիսները և արեգակնային տարին միմյանցից տարբերվում են գրեթե 11 օրով, իսկ 13 ամիսների տևողությունը երկար է տարուց շուրջ 18 օրով։ Եթե հողագործի համար միևնույնն էր, թե մի բերքահավաքից մինչև մյուսը քանի լուսնային ամիս է անցել, ապա հարկերը հավաքելու համար իշխանություններին անհրաժեշտ էր ճշտել տարվա տևողությունը, որպեսզի տերության ամբողջ տարածքում հարկը հավաքվի միևնույն ժամանակ։
Այդ իսկ պատճառով հարկ էր լինում ժամանակ առ ժամանակ ավելացնել լրացուցիչ լուսնային ամիսներ՝ մոտավորապես երեք տարվա ընթացքում մեկ ամբողջ ամիս։ Այդ ամիսները մտցվում էին իշխանությունների կողմից՝ առանց որոշակի հաջորդականության։ Լուսնային ամսվա և արեգակնային տարվա տևողությունների թվային հարաբերությունը հայտնի էր արդեն VII դ. մ.թ.ա., և VII-IVդդ մ.թ.ա. արդեն լրացուցիչ լուսնային ամիսները մտցվում էին կանոնավոր կերպով. ենթադրվում է՝ 8 տարիների ընթացքում մտցվում էր երեք ամիս։ Այստեղից էլ նրանց անվանումը՝ լուսնաարեգակնային օրացույցներ, որոնք ավելի բարդ են, քանի որ այստեղ համաձայնեցվում են Արեգակի շարժումը և Լուսնի փուլերը։
Լուսնային և արեգակնային օրացույցների համաձայնեցման հետ կապված գործնական դժվարությունները, որոնք մինչև այժմ էլ արդիական են Զատկի հաշվումները կատարելիս, դարձան մի խնդիր, որի հենքի վրա զարգացան մաթեմատիկական և աստղագիտական գիտելիքները։ Եկեղեցական կարիքների համար ավելի գործածական էին Լուսնի 19-ամյա պարբերաշրջանի հիման վրա կատարած հաշվումները. բանն այն է, որ 235 լուսնային ամիսը, մի քանի ժամի ճշտությամբ, հավասար է 19 արեգակնային տարվա։ 19 տարվա ընթացքում 7 անգամ ավելացվում էին լրացուցիչ «էմբոլիսմիկ» ամիսներ։ 19-ամյակի հաշվումները կատարվում էին նաև վերադիրների միջոցով. քանի որ լուսնային տարին արեգակնայինից պակաս է 11 օրով, ապա յուրաքանչյուր տարվա սկզբի լուսնի հասակին գումարելով 11, կարելի է ստանալ տվյալ տարվա Լուսնի հասակը։ Եթե այն անցնում է 30-ից, պետք է 30-ը հանել։ Այս դեպքում մեծ ճշտության հասնելու համար հարկ էր լինում 19-ամյակի վերջին տարում վերադիր 11-ի փոխարեն վերցնել 12։ Հայտնի է, որ այդ շրջանից տարբեր ժամանակներում օգտվել են բաբելացիները, չինացիները, հնդիկները, սակայն գիտության պատմության մեջ այն հայտնի է հույն գիտնական Մեթոնի (5-րդ դ. մ.թ.ա.) անունով։ Լուսնաարեգակնային այդ պարբերաշրջանը հարմար էր եկեղեցական տոների հաշվարկի համար և օգտագործվում էր ինչպես քրիստոնյա մյուս ժողովուրդների, այնպես էլ հայերի կողմից։ Այդ մշտական աղյուսակները, որոնցում նշված էին 19 տարիների Լուսնի ծննդյան և լրման պահերը, օգտագործվեցին գրեթե մեկ ամբողջ հազարամյակ։ Սակայն լուսնաարեգակնային այդ համակարգը չէր խանգարում ժողովուրդների մեծ մասին օգտվել արեգակնային (եգիպտական, հռոմեական, պարսկական, հայկական) օրացույցներից։
Օրացույցի և գործնական աստղագիտության պատմության ուսումնասիրողները բարձր են գնահատել հատկապես եգիպտական արեգակնային օրացույցը՝ արձանագրելով, որ «այն հանդիսանում է մարդկության պատմության մեջ միակ խելացի օրացույցը»։ Միշտ նույն տևողությունն ունեցող եգիպտական տարին, առանց ուղղումներ մտցնելու, շատ հարմար էր աստղագիտական հաշվումների համար։ Բաբելացիների լուսնային, հույների սխալաշատ օրացույցները, որոնց մեջ ուղղումներ էին կատարվում ոչ միայն Արեգակի և Լուսնի շարժումները համապատասխանեցնելու, այլև տեղական սովորույթներին և քաղաքականությանը հարմարեցնելու համար, շատ ավելի անհարմար էին, քան թե դարերի ընթացքում անփոփոխ, միևնույն տևողությունն ունեցող եգիպտական տարին։
Օրինակ՝ հիսուն տարվա տարբերությամբ տարեսկիզբների միջև եղած օրերի քանակը բաբելական կամ հունական օրացույցներով հաշվելը լուրջ խնդիր է, իսկ եգիպտականով՝ այդ ինտերվալը հավասար է 365x50-ի։ Պատահական չէ, որ միջին դարերում այդ օրացույցը լայնորեն օգտագործվել է աստղագիտական խնդիրներ լուծելիս՝ ընդհուպ մինչև Կոպեռնիկոս, որն այն կիրառել է Լուսնի և մոլորակների աղյուսակներում։
Մեկ մարդու կյանքում եգիպտական օրացույցի շեղումն Արեգակի շարժումից մեծ չէր, 40 տարում՝ 10 օր։ «Հենց այդ պատճառով,- գրում է Բիկերմանը,- 12x30+5 սխեմատիկ տարին դարձավ ժամանակի չափման պաշտոնական համակարգ Իրանում Սասանյանների օրոք, ինչպես նաև Հայաստանում և Կապադովկիայում»։
Սակայն քրիստոնեություն ընդունած ժողովուրդներն եկեղեցական տոների համար պետք է ունենային հաստատուն տոմար։ Այդ իմաստով՝ ամենանպատակահարմարը հուլյանն էր։ Հռոմեական կայսրության արևմուտքում այն ընդունվեց առանց փոփոխելու, իսկ արևելյան նահանգներում, ուր կայսրության պաշտոնական լեզուն հունարենն էր, այն հարմարեցվեց տեղական սովորույթներին։ Դրանց հիմքում ընկած էր «ալեքսանդրյան» տարին, որը նույն եգիպտականն էր, պարզապես չորս տարին մեկ անգամ 12x30+5-ին գումարվում էր 1օր։ Հարևան օրացույցներից զրադաշտականը նույնպես մշտապես ուներ 365 օր տևողություն. արևադարձային և օրացուցային տարիների տարբերությունն այստեղ ուղղում էին 120 տարին մեկ անգամ ավելացնելով մեկ ամբողջ ամիս։ Իմիջիայլոց, զրադաշտականի համար եգիպտական տոմարի՝ իբրև նախատիպ ծառայած լինելու մասին տեսակետը միակը չէ. վերջին տարիների ուսումնասիրությունները բերել են մեկ այլ եզրահանգման՝ 12x30+5 տոմարական համակարգերը հանդիպում են տարբեր ժողովուրդների մոտ, և որ զրադաշտականը կարող է դիտվել նաև որպես հնդեվրոպական ժառանգության կատարելագործում։
Հայոց տոմարը նույնպես արեգակնային էր, տարին ուներ անփոփոխ տևողություն՝ 365օր։ Մինչ քրիստոնյա ժողովուրդները վաղուց առաջնորդվում էին հուլյան տոմարով, հայերը երկար դարերի ընթացքում օգտագործում էին իրենց հնագույն շարժական օրացույցը։
Հայտնի է, որ 5-րդ դարում բորբոքվում են միաբնակության և երկբնակության վեճերը, որոնք կարևոր դեր են խաղում հայ մշակույթի և, մասնավորապես, հայ տոմարի պատմության համար։ Դավանաբանական այդ վեճերի և հայ գրերի ստեղծման արդյունքում՝ հայերն ամեն կերպ աշխատեցին անջատվել տարբեր տեսակի ազդեցություններից և ոտնձգություններից։ 6-րդ դարի կեսերից հայոց եկեղեցին բաժանվեց քաղկեդոնականներից, և եթե մինչ այդ եկեղեցական լեզուն հունարենն ու ասորերենն էր, և տոներն էլ հաշվում էին այդ տոմարներով, ապա 6-րդ դարի կեսից՝ 552թ հուլիսի 11-ից, սկիզբ առավ Հայոց Մեծ թվականը և տոներն էլ սկսեցին հաշվել հայոց շարժական տոմարով, որը մինչ այդ գործածվում էր ժողովրդի կողմից։ Ըստ հայկական ձեռագրերի՝ 552թ. ավարտվեցին տոմարագետ Անդրեասի կողմից կազմված Զատկի 200-ամյա ցուցակները, որոնցով առաջնորդվում էին քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Ըստ այդ տեղեկությունների՝ ցուցակի ավարտից հետո 9 տարի շարունակ բոլորը շփոթում էին Զատկի հետ կապված հաշիվները, մինչև որ Ալեքսանդրիայի տոմարագետների ժողովը, Էաս Ալեքսանդրացու ղեկավարությամբ, հայտնաբերեց Զատկի 532-ամյա շրջանը։ Այստեղ հաշվի էր առնված ինչպես Լուսնի 19-ամյա, այնպես էլ Արեգակի 28-ամյա (4x7) շրջանները։ Հայոց Մեծ թվականի հիմնադրումը ձեռագրերը կապում են ճիշտ այդ շրջանի սկզբի հետ։
Հայոց տոմարի շարժական լինելը, ինչպես նաև եկեղեցական վեճերում տեղ գտած բազմաթիվ հարցերի պարզաբանման անհրաժեշտությունն առիթ են տվել թարգմանելու, գրելու, մեկնելու տոմարագիտական աշխատություններ, որոնց զգալի մասը մինչև այսօր էլ պահպանվել են հայկական ձեռագրերում։ Վանական բարձրագույն տիպի դպրոցներում վարում էին տոմարագիտության դասեր, սովորեցնում էին հաշվումներ անել ինչպես հայկական, այնպես էլ հարևան ժողովուրդների տոմարներով։
Հայկական տոմարի մասին գրավոր հնագույն տեղեկությունը պահպանված է Մովսես Խորենացու մոտ, ըստ որի՝ հայոց Արտաշես թագավորը (2-րդ դար մ.թ.ա.) հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք գիտությունների՝ այդ թվում նաև տոմարագիտության զարգացմանը։ Իսկ ավանդությունը հայկական տոմարի սկզբնավորումը կապում է Հայկ նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ, իսկ ամիսների անունները՝ Նավասարդի, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկի, Արեգ, Ահկի, Մարերի, Մարգաց, Հրորտից՝ նրա որդիների և դստրերի անունների հետ։ Ասենք, որ այս բոլոր 12 ամիսներն ունեին 30-ական օր, որոնց ավելացվում էր Ավելյաց ամիսը՝ 5օր տևողությամբ։
Իր հաշվումների համար հիմք վերցնելով 1460-ամյա պարբերաշրջանը, որի մասին կան տեղեկություններ ձեռագրերում, ականավոր հայագետ Ղ.Ալիշանը փորձել է պարզել հայոց տոմարի սկիզբը և ստացել 2492թ., սակայն հին ավանդություններին գիտական հիմնավորում տալու այդ փորձը միանշանակ չի ընդունվել հետագա ուսումնասիրողների կողմից։ Այդ իսկ պատճառով տոմարի պատմության համար ուսումնասիրողները հենվում են բացառապես ձեռագրերի տեղեկությունների վրա։ Ըստ նրանց մեծամասնության՝ հայոց տոմարը սկիզբ է առել մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսից, իսկ ամսանունների հիմնական մասը կապվում է պարսկականների հետ։
Քրիստոնեություն ընդունելուց հետո, մինչև 7-րդ դարը հայոց եկեղեցին տոների հաշվարկի համար օգտվում էր մյուս եկեղեցիների հաշիվներից (Անդրեասի 200-ամյա, Էաս Ալեքսանդրացու 532-ամյա զատկացուցակներ), մինչդեռ ժողովուրդն առօրյա կյանքում առաջնորդվում էր հայոց շարժական տոմարով։ 7-րդ դարի կեսերին, երբ Հայաստանի մի մասը ենթարկվում էր Պարսկաստանին, իսկ մյուսը՝ Բյուզանդիային, մեծ վտանգ սկսեց ներկայացնել նորաստեղծ իսլամական կրոնը։ Եվ քանի որ Պարսկաստանը հակվում էր դեպի այդ կրոնը, ապա հայերը ստիպված էին «ապավինել հույներին»։ Պատմիչները վկայում են, որ 7-րդ դարի կեսին, մտահոգված այդ իրավիճակից, հայոց կաթողիկոսը հանձնարարում է ժամանակի հայ նշանավոր մտածող, մաթեմատիկոս Անանիա Շիրակացուն հայոց շարժական տոմարն այնպես վերափոխել, որ եկեղեցին այլևս կարիք չունենա դիմելու ուրիշ որևէ տոմարի օգնության։ Շիրակացին կատարում է հանձնարարությունը՝ հայոց տոմարը դարձնելով այնպիսին, որը բավարարում էր եկեղեցական պահանջներին՝ անսխալ հետևելով հուլյան տոմարին, միաժամանակ մնալով ազգային, ինքնուրույն։ Այդ յուրօրինակ համակարգն օգտագործվեց գրեթե մեկ ամբողջ հազարամյակ։ Հայոց տոմարի հետ մեկտեղ՝ Շիրակացին տվել է հռոմեական, եբրայական, ասորական, հունական և այլ տոմարների համադրումը։ Հայկական տոմարական հաշվումները դրանցից որևէ մեկի հետ համապատասխանեցնելուց հետո կարելի էր գտնել նաև մյուսները։
Սակայն, ըստ սկզբնաղբյուրների, կաթողիկոսի մահվան պատճառով Շիրակացու կազմած տոմարական համակարգը չմտավ գործածության մեջ, քանի որ հատուկ եկեղեցական որոշում այդ առիթով չընդունվեց։ Շիրակացուց մի քանի դար հետո միայն նրա աշխատությունները հատվածաբար արտագրվում էին ժողովածուների մեջ՝ ենթարկվելով համառոտման, կրճատման։ Ուսումնասիրողները կարծում են, որ 11-րդ դարի սկզբներին միայն հայ նշանավոր մտածող Գրիգոր Մագիստրոսն է, որ կաթողիկոսից խնդրում է անուշադրության չմատնել Անանիա Շիրակացու աշխատանքները, որն օգտվել է տարբեր հին ժողովուրդների գիտական ժառանգությունից՝ դրանք հավաքելով, խմբագրելով և հայ ընթերցողի համար շարադրելով։
Հայտնի է, որ քրիստոնեության տարածումից հետո անտիկ գիտությունը որոշ չափով մոռացության մատնվեց, բայց այդ վիճակը երկար տևել չէր կարող, և եկեղեցական հայրերը սկսեցին աստիճանաբար իրենց գաղափարախոսության մեջ կիրառել անտիկ գիտության դրույթները, որոնք կարող էին օգտակար լինել։ Ասենք, որ հունական մտածողների գործերին Հայաստանում ծանոթ էին արդեն 5-րդ դարից, իսկ նրացից մի մասի գործերն անգամ թարգմանվում էին հայերեն։ Այդ իմաստով՝ հայ մտածողներից հատկապես հիշատակության են արժանի Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը։ Նրանց աշխատանքներն ունեն բնափիլիսոփայական բնույթ։ Բնական գիտությունների գիտական շարադրանքը Հայաստանում սկիզբ է առնում 7-րդ դարից՝ Անանիա Շիրակացու շնորհիվ։ Ամփոփելով իր նախորդների կատարածը՝ նա դրանք լրացրեց հունական մտածողների գործերով և իր դիտողություններով, որոնք համատեղում էին գիտական և աստվածաշնչական իրողությունները, և այդ բոլորը շարադրեց գրավոր։ Նա դեմ էր սնոտիապաշտությանը և աստղագուշակությանը, նա կողմնակից էր երկրակենտրոն համակարգին, ընդունում էր Երկրի գնդաձևությունը, կարծում էր, որ Երկիրը չի հենվում որևէ բանի վրա, ընդունում էր հակոտնյաների գոյությունը, ընդունում էր, որ Ծիր Կաթինը թույլ պայծառության աստղերի բազմություն է, որ Լուսինը սեփական լույս չունի։ Շիրակացու կազմած մաթեմատիկական դասագիրքը հնագույններից է աշխարհում։
Տոմարագիտական բովանդակություն ունեցող հայկական միջնադարյան ձեռագրեր ուսումնասիրող
