ՀՈԴՎԱԾՆԵՐ: ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
պատ. գիտ. թեկ.

   
Ա. Նախաբան
Բ. Պատմագրքեր
Գ. Հիշատակարաններ
Դ. Ժամանակագրություններ
Ե. Հայ վարքագրական հուշարձաններ
Զ. Տնտեսական պատմության վավերագրեր
Է. Վարքեր, Քարոզներ, Խրատներ
Ը. Մեկնություններ
Թ. Փիլիսոփայություն
Ժ. Իրավունքի պատմության հուշարձաններ
ԺԱ. Գրական-գեղարվեստական
ԺԲ. Քերականագիտական
ԺԳ. Բնագիտական
ԺԴ. Երաժշտագիտական
ԺԵ. Թարգմանական գրականություն



Ա. Նախաբան

Պետք է նշել, որ հայոց ձեռագրերը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ռահվիրան հանդիսացան Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները, որոնց գիտական ծանրակշիռ ուսումնասիրություններով փաստորեն սկիզբ դրվեց գիտական հետազոտությանը։ Մխիթարյան հայրերի ուսումնասիրությունները խթանեցին հայագիտության զարգացմանը ոչ միայն Եվրոպայում, այլև Ռուսաստանում և Հայաստանում։ Այնուամենայնիվ երկար ժամանակ Հայաստանը հայագիտության բնագավառում դեռևս մնում էր ծայրագավառ և միայն XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին էր, որ Հայաստանը աստիճանաբար վերածվեց միջազգային հայագիտական կենտրոնի։ Այս գործընթացն իր ավարտին հասավ հայկական պետականության վերականգնումից հետո, առավելապես շնորհիվ այն բանի, որ Մատենադարանը դարձավ պետության ամենօրյա հոգածության առարկա, իսկ ավելի ուշ վերածվեց ձեռագրերի ուսումնասիրության ու հրատարակության գիտահետազոտական ինստիտուտի։

Ինստիտուտի գիտական անձնակազմի համար ի սկզբանե պարզ դարձավ, որ Մատենադարանում պահվող ձեռագրերի ու վավերական փաստաթղթերի ուսումնասիրությունը գիտական լայն հասարակությանը առավել մատչելի դարձնելու համար անհրաժեշտ էր ստեղծել մատենագիտական ուղեցույցներ, անոտացիաներ ու քարտարաններ։ Այդ ուղղությամբ ձեռագրերի բաժնում կատարված են և շարունակվում են չափազանց լուրջ աշխատանքներ։

1. Ստեղծվել են գույքամատյաններ, որոնցում յուրաքանչյուր ձեռագրի նկարագրության մեջ տվյալներ է տրված ձեռագրի թերթերի քանակի, մեծության, նյութի կազմի, վիճակի, գրության ժամանակի, վայրի, գրչի, ստացողի և նորոգողի մասին։ Եթե ձեռագիրը պարունակում է մի բնագիր, բերվում է նաև ձեռագրի վերնագիրը, իսկ եթե այն ժողովածու է, թվարկվում են կարևոր նյութերի վերնագրերը։ Նույն տվյալներով ստեղծվել են նաև ձեռագրերի մայր քարտեր։
2. Կազմվել են նաև պատմագրության, փիլիսոփայության, քերականագիտության, աշխարհագրության, տիեզերագիտության, բժշկության, ալքիմիայի, գեղարվեստական չափածո և արձակի և այլ գիտությունների ուղեցույց ցուցակներ։

Վերոհիշյալ ցուցակներն ունեն աղբյուրագիտական անուրանալի արժեք, քանզի նրանցում բացի թվարկված տվյալներից, այբբենական դասավորությամբ դրված են այն հեղինակների անունները, որոնցից գիտության տվյալ բնագավառին վերաբերող աշխատություններ են հասել։

Արխիվային բաժնում կազմված են ֆոնդերի ուղեցույց ցանկեր, ըստ որում բոլոր ֆոնդերն ունեն իրենց անոտացիոն ցանկերը։ Ցուցակներում յուրաքանչյուր փաստաթուղթ նկարագրված է, տրված է անոտացիա, որը մեծապես հեշտացնում է անհրաժեշտ նյութերի ձեռք բերումը և ուսումնասիրությունը։

Մատենադարանում գիտական հիմքերի վրա է դրված նաև գրադարանում և մամուլի բաժնում պահվող ժառանգության պահպանումն ու ուսումնասիրությունը։ Մի փոքր ավելի ուշ հեղինակային խմբի կողմից կազմվեց և հրատարակվեց Մատենադարանի ձեռագրերի համառոտ ցուցակը, որտեղ ի լրումն վերոհիշյալ քարտերի բերվում են նաև այլ տվյալներ, նշվում են ձեռագրերում առկա հիշատակարանների ու հիշատակագրությունների էջերը և այլն։

Վերջապես, 1960-ական թվականներին սկսվեց և շարունակվում է Մատենադարանի Մայր ցուցակի կազմումը, որը կոչված է հսկայական դեր խաղալու Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների պատմության բազմաթիվ բնագավառների ուսումնասիրությունը խթանելու գործում։

Վերոհիշյալ օժանդակ նյութերի ուսումնասիրմանը, կազմմանը և հրատարակմանը զուգընթաց Մատենադարանում ընթացել են լուրջ աշխատանքներ աղբյուրագիտական մեծ արժեք ներկայացնող նյութերի ուսումնասիրության և հրատարակության ուղղությամբ, ինչպես նաև այն երկերի վերահրատարակության ու ուսումնասիրության, որոնց աղբյուրագիտական և բանասիրական նորագույն հետազոտությունները նոր խոսք ասելու անհրաժեշտություն էին պահանջում։

Մատենադարանում տարվող գիտահետազոտական ուսումնասիրությունները թեև վերաբերել են գիտության ամենաբազմազան բնագավառների, սակայն առաջին տեղում, ինչպես և նախընթաց շրջանում շարունակվել է մնալ պատմագրությունը՝ հայ մատենագրության առավել կարևոր և հարուստ բնագավառներից մեկը։ Այս բնույթի երկերը ոչ միայն անգնահատելի տեղեկություններ են պարունակում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, այլև Արևելքի ու Արևմուտքի բազմաթիվ երկրների ու ժողովուրդների Հայաստանի հետ ունեցած սերտ առնչությունների շնորհիվ դարձել են անգնահատելի, երբեմն նաև եզակի աղբյուրներ Իրանի, Բյուզանդիայի, Վրաստանի, բուն Աղվանքի, Ասորիքի, Արաբական խալիֆաթի, Թուրքիայի, ինչպես նաև խաչակրաց արշավանքների ու արևելքում նրանց ստեղծած իշխանությունների ուսումնասիրության համար։ Նշենք նաև, որ այսօր բազմաթիվ ժողովուրդներ, մասնավորապես նրանք, որոնք անցյալում չեն ունեցել սեփական մատենագրություն, Մատենադարանում և այլուր պահպանված հայ պատմագրական հուշարձաններից են տեղեկություններ քաղում իրենց երկրների ու ժողովուրդների վերաբերյալ։




Բ. Պատմագրքեր

Համառոտ ներկայացնենք Մատենադարանում կատարված մի շարք կարևոր հրատարակություններ և նրանց երախտավոր հեղինակներին։ 1961թ. ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանը հրատարկեց XIII դարի նշանավոր պատմիչ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» քննական բնագիրը հմտալից ուսումնասիրությամբ հանդերձ։

Այս շարքի կարևոր հրապարակումներից են նաև Արիստակես Լաստիվերտցու «Պատմութիւն»-ը (1963թ. հրատ. Կ. Յուզբաշյան). բազմավաստակ հայագետ Հ. Անասյանի հրատարակած «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (հրատ. 1957թ.), XVII դարի պատմիչ Հովհաննես Կամենեցու «Պատմութիւն պատերազմին Խոթինու» (հրատ. 1964թ.), VII դարի պատմիչ Սեբեոսի «Պատմութիւն» (հրատ. 1978թ. Գ. Աբգարյան), Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղւանից աշխարհի» (հրատ. 1983թ. Վ. Առաքելյան) նույն երկի ռուսերեն թարգմանությունը (հրատ. 1984թ. թարգմանիչ Շ. Սմբատյան), XIX դ. պատմագրության ներկայացուցիչ Հովհաննես Սեբաստացու «Պատմութիւն Սեբաստիոյ» (հրատ. 1974թ., Բ. Չուգասզյան)։

Չափազանց արգասաբեր է եղել նաև հայ պատմիչների գործերի ռուսերեն թարգմանությունների հրատարակումը։ 1962թ. հրատարակվեց V դարի հայ պատմիչ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը (թարգմ. Շ. Սմբատյան և Կ. Մելիք-Օհանջանյան, 1965թ.), XVII դարի ճանապարհորդ Սիմեոն Լեհացու «Ուղեգրութիւնը»-ը (թարգմ. Մ. Դարբինյան-Մելիքյան)։ 1969թ. նույն հետազոտողի կողմից հրատարակվեց XVII դարի տարեգիր Զաքարիա Քանաքեռցու Պատմագրութիւնը», 1971թ. «Պատմութիւն անանուն զրուցագրի (կարծեցյալ Շապուհ Բագրատունի» (թարգմ. Մ. Դարբինյան-Մելիքյան)։ Նույն թվականին հրատարակվեց Եղիշեի «Վասն Վարդանաց և Հայոց պատերազմին» երկի քննական բնագրից Հ. Օրբելու կատարած թարգմանությունը, ակադեմիկոսի մահից հետո Կ. Յուզբաշյանի կատարած լրացումներով։

1973թ. հրատարակվեցին XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ը (թարգմ. Լ. Խանլարյան) և XVIII դ. պատմիչ Աբրահամ Կրետացու «Պատմութիւնը» (թարգմ. Ն. Ղորղանյան)։ Հրատարակվել են նաև Հովհաննես Դրասխանակերտցու (IX-Xդ.) «Պատմութիւն Հայոց» նշանավոր երկը (թարգմ. Մ. Դարբինյան-Մելիքյան, 1986թ.) և XIII-XVIII դարերի մանր ժամանակագրությունների հետաքրքիր ժողովածուն (թարգմ. Լ. Խանլարյան)։

Հայ պատմագրությունը ինչպես, և հայ մշակույթի այլ բնագավառներ, ունեցել է իր վերելքի և անկման շրջանները։ Երբ սկսած մեծն Խորենացուց մինչև XIII դարի վերջը ստեղծվում էին մեծարժեք պատմական ստվարածավալ ստեղծագործություններ, ապա մոնղոլական արշավանքների ու նրան հետևած դարավոր օտար տիրապետության դաժան լծի պայմաններում, երբ անհնար է դառնում խոշորակտավ երկերի ստեղծումը, նրանց փոխարինելու են գալիս հազարավոր հիշատակարաններն ու հիշատակագրությունները և բազմաթիվ մանր ժամանակագրություններ, որոնք էլ դարձան անգնահատելի աղբյուրներ հետագա դարերի Հայաստանի և հարևան ժողովուրդների քաղաքական, սոցիալտնտեսական և մշակութային պատմության ուսումնասիրության համար։

Ահա այս բնույթի երկերի ուսումնասիրությունն էր, որ հայ պատմագիտական անգնահատելի գլուխգործոցների ուսումնասիրության ու օտար լեզուներով թարգմանությունների հետ նոր, առավել ճանաչում և փառք բերեցին հայ պատմագրությանն ու աղբյուրագիտությանը 20-րդ դարի II կեսում։




Գ. Հիշատակարաններ

Հայերեն հիշատակարանների առանձին լուրջ ուսումնասիրությունը և հրատարակությունը իրականացրել է ականավոր հայ գիտնական, հոգևոր և քաղաքական նշանավոր գործիչ Ն. Ս. Օծություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանը։

Սակայն աղբյուրագիտական հսկայական արժեք ներկայացնող այս բնագավառում կատարյալ հեղաշրջում առաջացրեց Մատենադարանի նախկին տնօրեն, ականավոր պատմաբան-աղբյուրագետ, գիտական դպրոցի տաղանդավոր կազմակերպիչ, երջանկահիշատակ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը։ Հակառակ իր բազմազբաղ գործունեությանը և գիտական լայն հետաքրքրություններին, որոնց արդյունքում գիտնականը անդրադարձավ հայ ժողովրդի պատմության և մշակույթի բազմաթիվ խնդիրների, հրատարակելով մեծարժեք ուսումնասիրություններ։ Լևոն Խաչիկյանը տասնամյակներ շարունակ զբաղվեց հիշատակարանների հավաքմամբ և գիտական ուսումնասիրությամբ, որի արդյունքը եղավ նախ 1950 թ. հրատարակված XIV դարի հիշատակարանների ստվար հատորը, ապա 1955 թ. և 1958թ. լույս տեսած XV դարի հիշատակարանների առաջին և երկրորդ հատորները, իսկ 1967թ. նաև երրորդ հատորը։

Հիշատակարանների հրատարակության խաչիկյանական սկզբունքները և նրանց ուղեկցող հմուտ պատմա-աղբյուրագիտական ուսումնասիրությունները ուղեցույց դարձան այդ բնագավառի հետագա ուսումնասիրողների համար։

Հիշատակարանների ուսումնասիրության և հրատարակության գործը շարունակեց Մատենադարանի հմուտ ձեռագրագետ - աղբյուրագետ Ա. Մաթևոսյանը, 1984թ. հրատարակելով նախ ԺԳ դարի, ապա 1988թ. նաև Ե-ԺԲ դարերի հիշատակարանների հատորները։ Նույնի խմբագրությամբ հրատարակվեց նաև XVII դարի հիշատակարանների երրորդ հատորը ականավոր բնագրագետ-աղբյուրագետ պրոֆ. Վազգեն Հակոբյանի հեղինակությամբ (1988թ.)։




Դ. Ժամանակագրություններ

Հայ աղբյուրագիտական հուշարձանների ուսումնասիրության և հրատարակության բնագավառում հսկայական ներդրում են ներկայացնում նաև պրոֆ. Վ. Հակոբյանի 1951թ. և 1956թ. հրատարակած «Մանր ժամանակագրությունների» երկու հատորները, ինչպես և հայկական Կանոնագրքի երկու ստվարածավալ հատորները։ Վերջիններն անգնահատելի աղբյուրներ են ոչ միայն հայ իրավագիտական մտքի զարգացման, այլև հայ եկեղեցու պատմության և առավելապես հայ առաքելական եկեղեցու կանոնական ու դավանաբանական խնդիրների ուսումնասիրության համար։



Ե. Հայ վարքագրական հուշարձաններ

Միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական և հոգևոր կյանքի տարբեր կողմերի լուսաբանման համար կարևոր նշանակություն ունեն նաև հայ վարքագրական հուշարձանները, որոնց հրատարակության նախապատվությունը պատկանում է Վենետիկյան Մխիթարյան հայրերին, որոնք իրականացրին «Հարանց վարք» բազմահատոր հրատարակությունը։ Ավելի ուշ այդ բնագավառում լուրջ ներդրում կատարեցին երկու մեծ հայագետներ՝ Հրաչյա Աճառյանը և Հակոբ Մանանդյանը, համատեղ հրատարակելով «Հայոց նոր վկաները» հատորը։ Սկսած 1970-ական թվականներից, հայագիտության այս բնագավառը լրջորեն հարստացավ շնորհիվ Ք. Տեր-Դավթյանի «Հայ վարքագրական հուշարձաններ» ժողովածուի առաջին (1973թ.) և երկրորդ հատորների ռուսերեն հրատարակությամբ։ Ինչպես պատմական երկերը, այնպես էլ աղբյուրագիտական այլ արժեքավոր սկզբնաղբյուրները և՛ հայագետների և՛ արևելագետների առավել լայն շրջանակներին մատչելի դարձնելու համար լուրջ քայլեր ձեռնարկվեցին հայկական աղբյուրները օտար, մասնավորապես ռուսերեն լեզվով թարգմանելու բնագավառում։ Այս շարքում նշենք նաև Է. Բաղդասարյանի կողմից հրատարակված Գևորգ Սկևռացու վարքը, որն ավելի ուշ ֆրանսերեն թարգմանությամբ և հավելյալ ուսումնասիրությամբ հրատարակվեց Կահիրեում հ. Վենսան Մուսթարիկի կողմից։ Սույն բնագավառի ուշագրավ գործերից է նաև Պ. Մուրադյանի հրատարակած «Սուրբ Շուշանիկի վկայաբանութիւնը» (1996թ.)։




Զ. Տնտեսական պատմության վավերագրեր

Նկատի ունենալով Մատենադարանում տնտեսական պատմությանը վերաբերող հարուստ աղբյուրագիտական նյութերի առկայությունը և Արևելք-Արևմուտք միջազգային տնտեսական կապերի և այդ բնագավառում հայ վաճառականության կատարած նշանավոր դերը, հիմք դրվեց Մատենադարանի «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարին, որի առաջին իսկ հատորը «Հովհաննես Տեր Դավթյան Ջուղայեցու հաշվետումարը» Լ. Խաչիկյանի ու Հ. Փափազյանի հրատարակությամբ լուրջ ներդրում էր այդ բնագավառում։ Բանն այն է, որ Ջուղայեցին 1680-ական թվականներին առևտրական նպատակներով լինելով հեռավոր Հնդկաստանում, Նեպալում, Տիբեթում՝ չափազանց ուշագրավ տեղեկություններ է հաղորդում այդ ժամանակ դեռևս եվրոպացիների համար անմատչելի ու անծանոթ երկրների առևտրական ճանապարհների, արտադրած ապրանքների, կշռի չափերի, գների վերաբերյալ, որոնք անգնահատելի տեղեկություններ են։ Սույն բնագավառի կարևոր հրապարակումներից է Շ. Խաչիկյանի 1994թ. հրատարակած «Շահվելու որդի Սարհադի հաշվեմատյանը», որը բովանդակում է Ջուղայի հայ առևտրական տներից մեկի ծավալած վաճառականական գործունեությունը Շամախի - Նիզովոյ - Աստրախան - Սարատով - Լոմովկա - Մոսկվա - Արխանգելսկ - Ամստերդամ երթուղով։ Հրատարակության է պատրաստվում նաև նույն մատենաշարի Գ հատորը՝ Նազարեթի որդիներ Հարություն, Աղազար և Մանուկ Լազարյանների առևտրական ընկերության «Ռուզնամայ» (օրագիր) կոչվող հաշվեմատյանը, որը կազմել է Հարությունը 1741-1759 թթ. Սպահանում, Ռեշտում, Աստրախանում, Մոսկվայում և Պետերբուրգում։



Է. Վարքեր, Քարոզներ, Խրատներ

Միջնադարյան Հայաստանի, ինչպես և հարևան երկրների սոցիալ-քաղաքական կյանքին, ժողովրդի կենցաղին, կրոնա-դավանաբանական խնդիրներին վերաբերող չափազանց արժեքավոր տեղեկություններ են սփռված հայ հեղինակների բազմաթիվ ճառերում, քարոզներում, խրատներում և մեկնողական բովանդակություն ունեցող երկերում, որոնց տարբեր առիթներով անդրադարձել են ականավոր հայագետներ Հ. Աճառյանը, Հ. Մանանդյանը, Ա. Հովհաննիսյանը և Լ. Խաչիկյանը։ Սակայն ընդհանուր առմամբ խորհրդային տարիներին նման սկզբնաղբյուրների նկատմամբ մերժողական վերբերմունքը հանգեցրեց նրան, որ այդ կարևոր բնագավառը դուրս մնաց ուսումնասիրողների ուշադրությունից։ Այս բնագավառի հուշարձանների ուսումնասիրությունն ու հրատարակությունը Հայաստանում սկսվեց Բ. Չուգասզյանի «Խրատք Նուշիրուանի» (1966թ.) աշխատությամբ։ Իսկ 1977թ. Է. Բաղդասարյանը իրականացրեց միջնադարի հայ մեծագույն մտածողներից մեկի՝ Հովհաննես Պլուզ Երզնկացու խրատական արձակին նվիրված ուսումնասիրությունը, որտեղ ի հարկի արժեվորվում է նմանատիպ նյութերի պատմա-մշակութային և աղբյուրագիտական արժեքը։

Նույն հեղինակի աշխատասիրությամբ 1995թ. հրատարակվեց նաև ականավոր գիտնական, հոգևոր-քաղաքական գործիչ Ն. Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ը։ Այդ շարքի երկերից հրատարակության պատրաստ է նաև Հովհաննես Երզնկացու ճառերի և քարոզների համապարփակ համեմատական բնագիրը վաստակաշատ բանասեր Ա. Սրապյանի և Է. Բաղդասարյանի աշխատասիրությամբ։




Ը. Մեկնություններ

Խորհրդային տարիներին անտեսված էին նաև աղբյուրագիտական մեծարժեք այլ սկզբնաղբյուրներ և մասնավորապես դա վերաբերում է մեկնողական գրականությանը։ Բարեբախտաբար այդ բացն այժմ արագորեն լրացվում է։ Հրատարակվել են ավելի քան 50 տարի առաջ Լ. Խաչիկյանի կողմից ուսումնասիրած Եղիշեի «Արարածոց մեկնությունը» (հրատ. 1992թ.), մեկ հատորով Ստեփանոս Սյունեցու «Մեկնություն Չորից Ավետարանից» (Աշխ. Գարեգին Ա. կաթողիկոս Հովսեփյան) և Համամ Արևելցու «Մեկնություն առակաց» (աշխ. Մխիթար քահանա Սարիբեկյան, 1994թ.), Գրիգոր Տաթևացու «Մեկնություն Սաղմոսաց» (հրատ. Արմինէ Քյոշկերյան, 1993թ.) երկերը։



Թ. Փիլիսոփայություն

Վերջին տասնամյակներին Մատենադարանում ու գիտահետազոտական այլ հիմնարկներում փիլիսոփայական երկերի ուսումնասիրության ուղղությամբ իրականացված աղբյուրագիտական և բնագրագիտական ծանրակշիռ ուսումնասիրությունները փաստորեն հնարավորություն ընձեռեցին վերականգնել հոգևոր մշակույթի մինչ այդ գրեթե չուսումնասիրված հայ փիլիսոփայական մտքի պատմության բնագավառը։

Հրատարակվեցին միջնադարի հայ մեծագույն փիլիսոփայի՝ Դավիթ Անհաղթի երեք կարևորագույն իմաստասիրական երկերը, որոնք մեծ ազդեցություն են թողել Հայաստանում տեսական մտքի զարգացման պատմության ողջ ընթացքի վրա։ Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան», «Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» և «Վերլուծութիւն ներածութեանն Պորփյուրի» երկերի բնագրերը և ռուսերեն թարգմանությունը համապատասխանաբար 1960, 1967 և 1976 թթ. իրականացրեց այդ բնագավառի հմուտ հետազոտող, Լ. Խաչիկյանի մահվանից հետո Մատենադարանի տնօրինությունը ստանձնած ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ Այդ երկերի կարևորությամբ և աշխատասիրողի հմտությամբ պետք է բացատրել նաև վերոհիշյալ երկերի հետագա վերահրատարակությունները։ Այս աշխատությունների կողքին հիշարժան է Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի նմանահանությամբ (ֆաքսիմիլե) իրականացված հրատարակությունը (1980թ., առաջաբանը Ս. Արևշատյանի, հրատ. պատրաստեց Բ. Չուգասզյան)։

Լուրջ աշխատանքներ տարվեցին նաև միջնադարյան այլ փիլիսոփաների երկերի ուսումնասիրության ու հրատարակության ուղղությամբ։ Հրապարակվեցին «Անանուն մեկնություն ստորոգութեանց Արիստոտելի» (1961թ., հրատ. Վ. Չալոյան և Ս. Լալաֆարյան, ռուս. թարգմ. Ս. Արևշատյան), XIII դարի նշանավոր փիլիսոփա, պատմիչ Վահրամ Ռաբունու «Լուծմունք ստորոգութեանցն Արիստոտելի» (1967թ. հրատ. և թարգմ. Գ. Գրիգորյան), վերջինիս ուսումնասիրությունը միջնադարի մեկ այլ ականավոր մտածողի՝ «Հովհաննես Պլուզ Երզնկացու փիլիսոփայական հայացքները» (1962թ.)։

Հայ փիլիսոփայական մտքի պատմության զարգացման համար չափազանց էական էին նաև մի շարք այլ աշխատությունների ուսումնասիրությունը և հրատարակությունը, որոնց թվում նշենք V դարի ականավոր փիլիսոփա Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (թարգմ. Վ. Չալոյան), ինչպես և V-XV դարերի հայ փիլիսոփաների ընտրանին՝ «Համաշխարհային փիլիսոփայության անթոլոգիայում» (Մոսկվա, 1969 թ., կազմ. և թարգմ. Ս. Արևշատյան)։




Ժ. Իրավունքի պատմության հուշարձաններ

Հայագիտության մեկ այլ կարևոր բնագավառի՝ իրավական հուշարձանների ուսումնասիրությամբ դեռևս XIX դարի վերջերին զբաղվում էր Գ. Բաստրամյանցը։ 1880 թվականին վաստակաշատ գիտնականը հրատարակեց Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»։ Մեր օրերում սակայն հայագիտության նոր նվաճումների լույսի ներքո, անհրաժեշտ էր դարձել այդ նշանավոր երկի համառոտ և ընդարձակ խմբագրությունների նոր ուսումնասիրությունը և հրատարակությունը, որն հաջողությամբ իրականացրեց Խ. Թորոսյանը 1974թ.։ Մինչև այդ, հրատարակվել էր նաև մեկ այլ նշանավոր հուշարձան՝ «Դատաստանագիրք Աստրախանի հայոց» (հրատ. Ֆ. Պողոսյան, 1967թ.)։

Իրավագիտական հուշարձանների շարքում առաջնային տեղերից մեկը իրավացիորեն պատկանում է XIII դարի տաղանդավոր զորավար, պետական-քաղաքական ականավոր գործիչ ու գիտնական Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագրքին» և պատահական չէ, որ 1958թ. այն ռուսերեն թարգմանությամբ հրատարակվեց առաջին անգամ (թարգմ. Ա. Գալստյան), իսկ 1971թ. երկրորդ անգամ (թարգմ. Ս. Սուքիասյան)։ Այս բնագավառի ուշագրավ հրատարակություններից թվարկենք նաև «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները» (հրատ. Վ. Գրիգորյան, 1963թ.), ինչպես և հայ եկեղեցու երկու կարևորագույն ժողովածուները՝ «Շահապիվանի կանոնները» (1959թ.) և «Դվինի 2-րդ ժողովի կանոնները» (1962թ.), հրատարակված ռուսերեն թարգմանությամբ (թարգմ. Ս. Արևշատյան)։




ԺԱ. Գրական-գեղարվեստական

Հայ աղբյուրագիտական արժեքների ամենահարուստ հավաքածուն պատմագրական երկերի հետ կազմում են գրական-գեղարվեստական գրականության հուշարձանները, որոնց բազմաթիվ հրատարակությունները թվարկելն անգամ այս համառոտ հաղորդման մեջ անհնար է։ Սակայն անկարելի է չանդրադառնալ վերջին տասնամյակներում Մատենադարանում այդ բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպչի և ղեկավարի, տաղանդավոր գրականագետ, պատմաբան, ձեռագրագետ ու բնագրագետ, հանգուցյալ պրոֆեսոր Ասատուր Մնացականյանի թողած ժառանգությանը։ Դեռևս 1956թ. Ա. Մնացականյանը հրապարակեց «Հայկական միջնադարյան երգեր» ժողովածուն, ապա 1980թ. «Հայ միջնադարյան հանելուկներ» ժողովածուն, ինչպես և բազմաթիվ բնագրեր և ուսումնասիրություններ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, գեղարվեստական գրականությանն ու արվեստներին։ Նա հասցրեց ավարտել նաև «Հայրենների» նշանավոր ժողովածուն, որը հրատարակվեց հետմահու՝ 1997թ.։

Գրական գեղարվեստական հուշարձանների բնագավառում ակնառու ներդրում են կատարել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի գիտական այլ հաստատությունների աղբյուրագետ-մասնագետներ Կ. Մելիք-Օհանջանյանը, Շ. Նազարյանը, Ա. Սրապյանը, Մ. Ավդալբեկյանը, Է. Պիվազյանը, Բ. Չուգասզյանը, Ա. Մարտիրոսյանը, Վ. Գևորգյանը, Պ. Խաչատրյանը, Ա. Ղազինյանը և շատ ուրիշներ։




ԺԲ. Քերականագիտական

Մատենադարանի աշխատակիցները աղբյուրագիտական այլ արժեքավոր սկզբնաղբյուրների հետ լուրջ քայլեր են ձեռնարկել նաև միջնադարյան հայ քերականագիտական հուշարձանների ուսումնասիրության և հրատարակության գործում։ Հրատարակվել են Գլաձորի համալսարանի հիմնադիր Եսայի Նչեցու «Վերլուծութիւն քերականութեան» (1966թ. հրատ. Լ. Խաչերյան), Վարդան Այգեկցու «Մեկնութիւն քերականին» (1972թ., հրատ. Լ. Խաչերյան), երկերի քննական բնագրերը։ Հրատարակվել է Քռնայի դպրոցի հիմնադիր Հովհաննես Քռնեցու (XIV դ.) «Յաղագս քերականի» ստեղծագործության բնագիրը (1977թ., հրատ. Լ. Խաչիկյան և Ս. Ավագյան)։ Այս բնագավառի լուրջ ներդրումներից են նաև Հ. Ամալ