ՀՈԴՎԱԾՆԵՐ: ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆ
Բան. գիտ. թեկ.

Մատենագիտությունն՝ իբրև ինքնուրույն գիտություն սկզբնավորվել է 19-րդ դարում։ Սակայն դա չի նշանակում, որ մատենագիտությունն ընդհանրապես այդ դարից է սկիզբ առնում։ Հայ իրականության մեջ առաջին մատենագիտական գործերը հասնում են մինչև 5-րդ դար։

Ինչպես ինքնուրույն, այնպես էլ թարգմանական առաջին ստեղծագործությունները, բնականաբար, առնչվում են եկեղեցական մատենագրությանը։ Դեռևս 5-րդ դարի սկզբներին թարգմանվում է Աստվածաշունչը։ Հայտնի է, որ Մաշտոցի կողմից գրերի գյուտից անմիջապես հետո, առաջինը հայ իրականության մեջ, թարգմանվում է Սողոմոնի Առակաց գիրքը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». առաջին նախադասությունը, որ գրվել է հայերեն նոր նշանագրերով։

Սակայն դեռևս չորրորդ դարից քրիստոնեության ծոցում առաջացել էին աղանդավորական հոսանքներ, որոնք ևս ստեղծում էին իրենց քրիստոնեական երկերը։ Քրիստոնյա եկեղեցին ստիպված էր հատուկ ցանկերով բոլորին տեղեկացնել, թե որ երկերն են ընդունված իրենց կողմից և որոնք են ստեղծվել աղանդավորների կողմից։ Դրանք ևս, բնականաբար, թարգմանվում են հայերեն, որպեսզի Հայաստանում աղանդավորության դեմ հնարավոր լինի պայքարել։ Այս ցանկերն էլ առաջին մատենագիտական երկերն են հայ իրականության մեջ։

Աղանդավորական գրականության դեմ պայքարի ամենակարևոր խնդիրն Աստվածաշնչի կանոնին էր վերաբերվում։ Համաքրիստոնեական եկեղեցու կողմից ընդունված Աստվածաշնչի գրքերը կոչվեցին կանոնական կամ վավերական, իսկ աղանդավորների կողմից ստեղծվածները՝ անկանոն կամ անվավեր։ Հայաստանում ևս ստեղծվում են կանոնական գրքերի ցուցակներ և անկանոն գրքերի ցուցակներ։ Ինչպես նշում է Հ. Անասյանը. «Այս ցուցակները մեր միջնադարյան մատենագիտական գրականության հնագույն նմուշներն են և մեծ արժեք են ներկայացնում բանասիրության համար» (Հայկական մատենագիտություն, հտ. Ա, էջ XI»)։ Այդպիսի առաջին ցուցակը 6-րդ դարից է՝ պահպանված Սամվել Անեցու մոտ («Սամուէլի քահանայի Անեցւոյ հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Վաղարշապատ, 1893, էջ 76-77)։ 590 թ. նեստորական ասորի քարոզիչներ են գալիս Հայաստան՝ իրենց հետ բերելով նաև «սուտ» գրքեր, որոնք թարգմանվում են հայերեն։ Այդ ժամանակ պայքար է սկսվում ոչ միայն քարոզիչների, այլև նրանց բերած գրքերի դեմ։

Հաջորդ բնագիրն է «Գիրք զոր ունին Հրեայքն ի ծածուկ», որը վերաբերում է Հին և Նոր Կտակարանների անվավերներին։ Ինչպես տեսնում ենք, աղանդավոր քարոզիչներն ու նրանց բերած գրականությունն ունեին երկու ուղղվածություն՝ ասորի և հրեա։

Առ այսօր բանասիրության մեջ հատուկ քննության չի ենթարկվել այն հարցը, թե որ գրքերն են հատկապես մերժվել հայ եկեղեցու կողմից և որոնք, լինելով անվավերներ, ոչ միայն խիստ հալածանքի չեն ենթարկվել, այլև ինչ-որ չափով օգտագործվել են հայ մատենագրության մեջ։ Ամենայն հավանականությամբ, Աստվածաշնչի կանոնի մեջ չմտնող ոչ բոլոր գրքերն են համարվել անկանոն և կանոնի խնդիրը դեռ երկար ժամանակ եղել է քրիստոնյա եկեղեցու հայրերի վիճարկու խնդիրներից մեկը։ Դրա ապացույցն է այն, որ հայկական Մաշտոցներում հանդիպում ենք բազմաթիվ աստվածաշնչական ընթերցումների, որոնք չեն մտնում կանոնական գրքերի մեջ։

Հակոբ Անասյանն իր «Հայկական մատենագիտության» մեջ հրատարակել է անկանոն (կամ արգելված, արտաքին, նուրբ) գրքերի հինգ ցանկ։ Սակայն, անշուշտ, դրանց թիվն ավելի մեծ է։ Տարբեր ձեռագրերում հանդիպում են այլ ցանկեր ևս, որոնք հայտնի չեն եղել Հ. Անասյանին։ Դրանցից մեկին ցանկանում ենք անդրադառնալ, քանի որ այն, մեր կարծիքով, բացառիկ արժեք է ներկայացնում՝ լինելով նման ցանկերից առաջինը։ Այն գտնվում է Երևանի Մատենադարանի մի ձեռագրում, Աթանաս Աղեքսանդրացու Կանոններից անմիջապես հետո։ Մեր խորին համոզմամբ, այն ստեղծվել է հենց Կանոնների հեղինակի կողմից, ուստի և ժամանակային առումով հնագույնն է։ Այն վերաբերում է և՛ կանոնական, և՛ անկանոն գրքերին և մեծապես նպաստում է Աստվածաշնչի կանոնի ուսումնասիրմանը։

Թվում է, թե 7-8-րդ դարերից հետո անկանոն գրքերի ցանկերն այնքան էլ պիտի տարածում չգտնեին հայ իրականության մեջ, քանի որ այդ ժամանակվանից հետո արիոսական, նեստորական և այլ աղանդավորության խնդիր Հայաստանում չի եղել։ Համենայն դեպս, հայ մատենագրության մեջ և ոչ մի հիշատակություն չունենք։ Անգամ եթե նկատի ունենանք պավլիկյան և թոնդրակյան շարժումները, դարձյալ այդ ժամանակը 9-րդ դարից պիտի չանցնի։ Սակայն մեզ հայտնի է մի փաստ, որը խոսում է այն մասին, որ ընդհուպ մինչև 12-րդ դարի երկրորդ կեսը Հայաստանում եղել են և՛ արիոսականներ, և՛ նեստորականներ, և՛ եվտիքեսականներ։ Մխիթար Գոշը գրել է մաշտոցային երկու կանոնական աղոթքներ՝ «Աղաւթք Մխիթար Գոշ վարդապետի վասն արիանոսականացն և այլ հերձուածողացն՝ զի յորժամ զղջան, ընթեռնուն ի վերա նոցա և օծանեն սուրբ յուղով», և «Իսկ նեստորիանոսաց և ևտիքիանոսաց տալ խոստովանություն հաւատոյ և նզովել զհերձուածաւղսն» (Փարիզի Ազգային գրադարան, ձեռ. 59, էջ 262աբ և 262բ-263ա)։ Եթե այդ աղանդներին պատկանողներ Հայաստանում չլինեին, ո՞ւմ համար պիտի գրեր իր սույն աղոթքները Մխիթար Գոշը։ Ուստի ընդհուպ մինչև առնվազն 12-րդ դարի վերջն անկանոն գրքերի ցանկերը ոչ միայն ունեին մատենագրական արժեք, այլև ուղղված էին որոշակի աղանդավորների և նրանց կողմից տարածվող գրքերի դեմ։

Եթե կանոնական և անկանոն գրքերի ցուցակներն ստեղծված էին ի հակադրություն միմյանց՝ դավանաբանական պայքարի համար, ապա «ներքին» և «արտաքին» (13-րդ դարից մուտք են գործում նաև «լայն» և «նուրբ» տերմինները) գրքերն ունեին ավելի ճանաչողական նշանակություն։ «Ներքին» կամ «լայն» համարվել են Աստվածաշունչը, աստվածաշնչական մեկնությունները և նմանաբնույթ այլ գործերը, իսկ «արտաքին» կամ «նուրբ»՝ ոչ միայն աշխարհագրությունը, աստղագիտությունը, երկրաչափությունը, տոմարագիտությունը, այլ նաև քերականությունն ու փիլիսոփայությունը, այսինքն այն բոլոր գիտությունները, որոնք անմիջականորեն չէին առնչվում Աստվածաշնչի հետ։ Մեզ հայտնի է այդպիսի մի ցանկ՝ «Թյուք արտաքին գրոց թէ ո՛վք են ասացեալ»։

Հայ մատենագրության մեջ մատենագիտական արժեք ունեն նաև «Հայ մատենագիրներ», «Հայ պատմագիրներ», «Պատմագիրներ» (ընդհանուր), «Օտար պատմագիրներ», «Եկեղեցական մատենագիրներ», «Մեկնիչներ», «Շարականագիրներ» և այլ ցանկերը։ Դրանց մի մասը հրատարակել է Հ. Անասյանն իր «Հայկական մատենագիտության» Ա հատորի ներածության մեջ, մի մասը (որոնք անմատչելի են եղել Անասյանին) մնում են անտիպ։ Այս ցանկերը ոչ միայն ուշագրավ են իբրև մատենագիտական երկեր, այլև ունեն պատմական որոշակի արժեք, քանի որ այնտեղ նշվում են բազմաթիվ հեղինակներ, որոնց երկերից ոչ բոլորն են մեզ հասել։ Սա կարևորվում է նաև նրանով, որ սույն ցանկերի շնորհիվ, թեկուզ պայմանականորեն, սակայն մենք կարող ենք պարզել անանուն մեզ հասած շատ գործերի հեղինակային հարցը։ Նման մատենագիտական տեղեկությունների հանդիպում ենք նաև որոշ հայ պատմիչների մոտ։

Ավելի ծավալուն առաջին մատենագիտական ցանկի հեղինակը Հովհաննես Սարկավագն է, որի գրչին է պատկանում «Կարգադրությունք գրոց սրբոց»-ը։

Հայ միջնադարի մատենագիտական գրականության պսակը կազմում է 13-րդ դարում Գրիգոր Աբասյանի կազմած «Գիրք պատճառաց»-ը՝ «իր ժամանակի մատենագիտական աշխատանքի մի իսկական գլուխգործոց» (Անասյան, Անդ, էջ ԴԿԿԿ)։ Այդ աշխատության ամբողջական խորագիրն է՝ «Պատճառ լայն և նուրբ գրեանց, առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց և ի մի հաւաքեալ և հոգացեալ մեծ րաբունապետին Գրիգորի, որդոյ Աբասայ» (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 1879)։ Գրիգոր Աբասյանի կազմած «Գիրք պատճառաց»-ը բարձր են գնահատել Հ. Անասյանը, Մ. Տեր-Մովսիսյանը, Ն. Ակինյանը և ուրիշներ։

Գրիգոր Աբասյանը նախ եղել է միաբան, իսկ 1214-ից մինչև 20-ական թվականների սկիզբը՝ Սանահինի վանքի վանահայր,։ Նրա անթվական շիրմաքարը գտնվում է Սանահինի վանքում։ Համարվել է նշանավոր րաբունապետ։

Մատենագիտական արժեք են ներկայացնում նաև տարբեր հավաքածուներում պահված հայերեն ձեռագրերի ցուցակները։ Մեզ հասել են դրանցից մի քանիսը՝ Սաղմոսավանքի գրացուցակը (ԺԵ դ., տպ. «Շողակաթ», 1913, էջ 167-169), Ամրդոլի վանքի գրացուցակը՝ «Այս են վարդապետական գրեանք ի վանքն Ամիրդոլու՝ համարով անջինջ յիշատակ գրեալ իմովս ձեռամբ Վարդանայ վարդապետին» (Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 737. տպ. «Արարատ», 1903, էջ 178-189), մի անանուն անհատի անձնական գրքերի ցուցակ (ԺԵ դ., Լ. Խաչիկյան, ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա, էջ 208) և այլն։

Որոշ չափով մատենագիտական արժեք են ներկայացնում նաև Հայոց կաթողիկոսների, պատրիարքների, առաջնորդների և այլ գավազանագրքերը, քանի որ դրանց մեջ հայտնվում են և՛ կենսագրական, և՛ գրական գործունեության մասին համառոտ տեղեկություններ։ Այդ գավազանագրքերը դեռևս չեն հավաքված և չեն հրատարակված։

Մատենագիտական որոշակի արժեք են ներկայացնում նաև որոշ ժողովածուների ցանկերը։ Խոսքը վերաբերում է հիմնականում «Մաշտոց» և «Յայսմաւուրք» ժողովածոներին։ Բազմաթիվ Մաշտոցներ և Հայսմավուրքներ ունեն իրենց որոշակի նյութերի ցանկերը։ Սակայն հատկապես Հայսմավուրքի դեպքում դրանք ունեցել են նաև համընդհանուր-ճանաչողական մատենագիտական նշանակություն, քանի որ փորձեր են արվել տարբեր ձեռագրերի նյութերի հիման վրա պատրաստել ամբողջական ցանկեր, որոնք տեղ են գտել ոչ թե Հայսմավուրքներում, այլ տարբեր ժողովածուներում, իբրև ինքնուրույն գործ և կոչվում են «Ցանկ Յայսմաւուրք գրոց»։

Հայ միջնադարյան ինքնուրույն և թարգմանական գրականության, հայ ժողովրդի պատմության, բնագիտության, բժշկության, մանրանկարչության և այլ ասպարեզների ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունի հայերեն ձեռագրերի մատենագիտական նկարագրությունը։

Հայտնի է, որ ամեն մի նշանավոր վանք ուներ իր գրադարանը (որը կոչվում էր Մատենադարան)։ Դեռևս 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ Էջմիածնի վանքը նույն դարի վերջին ունեցել է ձեռագրերի հավաքածու, որը և, ամենայն հավանականությամբ, հիմք է հանդիսացել ապագա մատենադարանի համար։ Սա առաջին հիշատակությունն է Հայաստանում ձեռագրերի հավաքման և գրադարանի ստեղծման մասին։

Հայտնի է, որ հազարավոր հայերեն ձեռագրեր են դարերի ընթացքում ոչնչացվել։ Այդպիսի վերջին մեծ կորուստն ունեցանք 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, երբ հայերի տեղահանության և կոտորածի պատճառով ամայացան նաև հայկական վանքերը և անհետ կորան դրանցում պահվող մեծաթիվ հայերեն ձեռագրեր։ Այդ ձեռագրերի ճակատագիրը որոշելու փորձը պատկանում է Ս. Քոլանջյանին, որը «Էջմիածին» ամսագրում 1965 թ. հրատարակեց մի ուշագրավ հոդված՝ «Հայկական կոտորածները և մեր ձեռագրական կորուստները» խորագրով։

Թե որ վանքում (կամ անհատի մոտ) ինչ ձեռագրեր են պահվել, դրանցից որոնք են ապագայում հանգրվանել Երևանի Մատենադարանում, որոնք՝ այլ գրադարաններում և որոնք են ոչնչացել, մասամբ տեղեկանում ենք երկու նշանավոր հայ հոգևորականների գործերից։ Դրանցից առաջինը Ղևոնդ Փիրղալեմյանն է, որը, ուղևորությունների ժամանակ տարբեր վայրերում (վանքերում, եկեղեցիներում և անհատ անձանց մոտ) հանդիպելով հայերեն ձեռագրերի, ընդօրինակել է դրանց հիշատակարանները և կազմել իր նշանավոր «Նշխարք»-ի հատորները։ Ամեն մի հիշատակարանի ընդօրինակությունից հետո Փիրղալեմյանը նշել է գրության ժամանակը և վայրը, ըստ որի մենք կարող ենք տեղեկանալ, թե որ վայրում այդ ժամանակ ինչ հայերեն ձեռագրեր են եղել։ Այս հանգամանքը շատ կարևոր է հատկապես նրանով, որ այդ ձեռագրերի մի մասը մեզ չեն հասել և գոնե հիշատակարանները փրկվել են Փիրղալեմյանի շնորհիվ։ Երկրորդ նմանատիպ աշխատանքը կատարել է Գարեգին Սրվանձտյանցը, որը, նույն կերպ վարվելով, իր ընդօրինակած հիշատակարանները զետեղել է «Թորոս Աղբար» գրքի երկու հատորներում։

Թե դարերի ընթացքում որքան հայերեն ձեռագրեր են ընդօրինակվել, այսօր անհնար է ասել։ Բացի այն ձեռագրերից, որոնք ոչնչացել են և որոնց մասին արդեն անհնար է խոսել, կան նաև ձեռագրեր ոչ միայն արտասահմանյան տարբեր երկրների հայկական կենտրոններում, գրադարաններում, այլ նաև անհատ մարդկանց մոտ։ Ամեն մի թշնամական արշավանքի ժամանակ հայ հոգևորականները թշնամու ձեռքը չընկնելու պատճառով թաքցնում էին իրենց մոտ եղած նյութական արժեքները, այդ թվում՝ ձեռագրերը։ Տարիներ առաջ այդպիսի մի գաղտնարան հայտնաբերվեց Հաղբատի մոտ գտնված մի քարայրում, ուր գտնված քարացած Ավետարանը մշտապես ցուցադրվում է Մատենադարանի ցուցասրահում։

Մեզ հայտնի հայերեն ձեռագրերի հավաքածուներին վերաբերող մատենագիտական նկարագրությունները, այսինքն տպագիր ձեռագրացուցակները, կազմված են որոշակի գիտական սկզբունքներով։

Ձեռագրերի մատենագիտական նկարագրության մեջ տրվում է ձեռագրի անվանումը («Ժողովածոյ», «Մաշտոց», «Ճաշոց», «Յայսմաւուրք» և այլն), ձեռագրի գրության վայրը, ժամանակը, տեղեկություններ գրչի, ծաղկողի, ստացողի, կազմողի, թերթերի քանակի, պրակների, ինչ գրով գրված լինելու, միասյուն կամ երկսյուն գրության, մեծության, վիճակի մասին, այնուհետև՝ ձեռագրի բովանդակությունը։

Ձեռագրացուցակների պատրաստման ուղղությամբ առաջին քայլերը կատարվել են դեռևս 19-րդ դարի կեսերին։

Հայերեն ձեռագրերի բուն նկարագրություններ առաջին անգամ կատարել է Գյուի դը Վիլֆրոուն՝ նկարագրելով 128 հայերեն ձեռագիր։

Հետագայում պատրաստվել և լույս են տեսել հայերեն ձեռագրերի տարբեր հավաքածուների ձեռագրացուցակներ։

Դեռևս 19-րդ դարի վերջին լույս տեսավ Դանիել վարդապետ Շահնազարյանցի կազմած «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Սրբոյ Աթոռոյն էջմիածնի» (Թիֆլիս, 1863)։ Քանի որ այդ ցուցակը հրատարակվել է Հ. Կարենյանցի ծախքով, մինչև օրս էլ գիտական գրականության մեջ այն հայտնի է «Կարենյանց ցուցակ» անունով։

Շուրջ 40 տարի առաջ Մատենադարանը ձեռնամուխ եղավ պատրաստելու երկհատոր համառոտ ցուցակ, ուր պիտի տրվեր ձեռագրի արտաքին նկարագրությունը և խիստ համառոտ թվարկվեր ընդգրկած նյութերը։ Դա խիստ անհրաժեշտ և կարևոր աշխատանք էր, քանի որ առանց այդպիսի մի ցուցակի հնարավոր չէր իմանալ թե Մատենադարանում ինչ ձեռագրեր են պահվում։ Այդ աշխատանքն իրականացվեց և շուտով լույս ընծայվեց երկու հատորով (1965, 1970)։ Քանի որ երկրորդ հատորի տպագրությունից հետո անցել է շուրջ 30 տարի և այդ ընթացքում Մատենադարանը հարստացել է ավելի քան 600 ձեռագրով, ուստի և վերջերս Մատենադարանի գլխավոր ավանդապահ Ա. Մալխասյանը պատրաստեց համառոտ ցուցակի երրորդ հատորը՝ անշուշտ որոշ հավելումներով՝ նշելով նաև նյութերի էջերը, որը խիստ կարևոր է։

Այնուհետև սկսվեց ձեռագրերի մանրակրկիտ գիտական նկարագրությունը։ «Մայր ցուցակ»-ի առաջին հատորը լույս տեսավ 1984 թ. և ընդգրկում է 300 ձեռագիր։

Ներկայումս նկարագրվում են 5001-ից սկսած հաջորդ հարյուրյակը, այսինքն շուտով գոնե նկարագրությունները կիսով չափ պատրաստ կլինեն։

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո ամենամեծ հավաքածուն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մատենադարանը, ուր պահվում է 4500 ձեռագիր։ Վերջին 15 տարիների ընթացքում 12 հատորով այդ ձեռագրերի նկարագրությունը կատարեց հայագետ Նորայր արքեպիսկոպոս Պողարյանը։ Տիտանական մի աշխատանք, որն իրականացրեց արժանահիշատակ գիտնականը՝ փաստորեն տարին մեկ մի հատոր դնելով սեղանին։ Նկարագրած ձեռագրերի քանակով, հավանաբար, դեռ երկար ժամանակ Ն. Պողարյանի հատորները կմնան անգերազանցելի։

Երրորդ հավաքածուն պատկանում է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը, ուր պահվում է 4300 ձեռագիր։

Ինչպես Երևանի Մատենադարանի, այնպես էլ մնացած բոլոր ձեռագրացուցակները պատրաստվել են ըստ հավաքածուի հերթական համարների։ Բացառություն է կազմում միայն Վենետիկի Մխիթարյան միաբանության «Մայր ցուցակ»-ը, ուր ձեռագրերը նկարագրված են ըստ նյութի՝ Աստվածաշունչ, Ավետարան, Մաշտոց, Հայսմավուրք, Ժողովածու և այլն։

Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերի նկարագրությունն սկսվեց դարասկզբին Բարսեղ Սարգիսյանի կողմից։ Առաջին հատորը լույս տեսավ 1914 թ., երկրորդը՝ 1924 թ.։ Այնուհետև աշխատանքներն ընդհատվեցին և երրորդ հատորը լույս տեսավ միայն 1966 թ., նույն Բարսեղ Սարգիսեանի և Գրիգոր Սարգսյանի աշխատասիրությամբ։ Սակայն Բարսեղ Սարգիսյանի նկարագրությունների հրատարակությունից հետո դարձյալ այդ աշխատանքներն ընդհատվեցին շուրջ 30 տարով և հաջորդ՝ չորրորդ հատորը լույս տեսավ միայն 1993 թ., Սահակ Ճեմճեմյանի ջանքերի շնորհիվ։ Եթե Երուսաղեմի ձեռագրերի նկարագրությամբ պարտական ենք Ն. Պողարյանին, ապա Վենետիկի Մխիթարյան միաբանության Մատենադարանի ձեռագրերի նկարագրության գործում մեծ է հատկապես Սահակ Ճեմճեմյանի դերը, որը պատրաստել է 4-7-րդ հատորները։ Ցավոք, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր, բեղուն գիտնական Սահակ Ճեմճեմյանի վաղաժամ մահվան պատճառով անավարտ մնաց նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերի նկարագրությունը։

Վիեննայի Մխիթարյան մատենադարանում պահվում է 2000 հայերեն ձեռագիր։

Հայերեն ձեռագրերի գիտական մատենագրության կազմման առաջին փորձը պատկանում է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, նշանավոր հայագետ Հակոբոս Տաշյանին, որը դեռևս 1895 թ. Վիեննայում հրատարակեց «Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» գիրքը, որն ընդգրկում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում պահվող 672 ձեռագրերի նկարագրություն։ Տաշյանի գիրքն առ այսօր համարվում է անգերազանցելի։ Դա բացատրվում է ոչ միայն գիտնականի բացառիկ բարեխղճությամբ, կատարած գիտական մեծարժեք դիտողություններով, հայ միջնադարյան գրականության լավատեղյակությամբ և մանրակրկիտ ցանկերով, այլ, առաջին հերթին, այն մանրակրկիտ հարցակարգով, որը հիմք հանդիսացավ նաև հետագայում Մաշտոցի անվան Մատենադարանի «Մայր ցուցակ»-ի համար։ Տաշյանի հարցակարգն ընդգրկում է 30 կետ, իսկ Մատենադարանի «Մայր ցուցակը»՝ 24։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ մանրանկարչական տարբեր նյութերը (խորան, կիսախորան, զարդագիր և այլն) Տաշյանի մոտ ներկայացված էին առանձին կետերով, իսկ մեր ցուցակում միավորվելով կազմել են «Մանրանկարչություն» բաժինը, որի մեջ, կրկին Տաշյանի սկզբունքով, կատարվել է նյութերի բաժանում։

Տաշյանի գործը շարունակեցին Համազասպ Ոսկյանը և Օգոստինոս Սեքուլյանը՝ լույս ընծայելով երկու ստվար հատոր։

Իրենց քանակով հաջորդը Զմմառի վանքի, Նոր Ջուղայի և Էջմիածնի Մայր աթոռի հավաքածուներն են, ուր պահվում են 1000-ական ձեռագիր։

Զմմառի վանքի 422 ձեռագրերի նկարագրությունը կատարել է Մեսրոբ վարդապետ Քեշիշյանը, իսկ «Անտոնյան հավաքածու»-ի 260 ձեռագրերինը՝ նշանավոր հայագետներ Ն. Ակինյանը և Հ. Ոսկյանը։ Նոր Ջուղայի ձեռագրերին դարձյալ անդրադարձել են երկու գիտնականներ՝ Սմբատ Տեր-Ավետիսյանը և Լևոն Մինասյանը։ Էջմիածնի Մայր աթոռի ձեռագրերի նկարագրությամբ զբաղվում էր հանգուցյալ մատենադարանապետ Նուբար Տեր-Միքայելյանը, որի ցուցակը, ոչ ամբողջությամբ, հրատարակվել է «Էջմիածին» ամսագրում։

Հայկական կենտրոններից հաջորդ երկուսն Անթիլիասի և Կ. Պոլսի հավաքածուներն են։ Անթիլիասի ձեռագրացուցակը պատրաստել է Անուշավան վարդապետ Դանիելյանը, իսկ Կ. Պոլսի Ղալաթայի ցուցակը՝ Բաբկեն կաթողիկոս Կյուլեսերյանը։

Տարիների ընթացքում լույս են տեսել նաև առանձին վանքերի և անհատ մարդկանց հավաքածուների ձեռագրացուցակները, և այդ բոլորի մատենագիտությունը տրվում է սույն նյութի վերջում։

Տարբեր անհատների և կենտրոնների հայերեն ձեռագրերի նկարագրություններ դեռևս չեն կատարված տարբեր պատճառներով։

Վերոհիշյալ հավաքածուներից բացի, տարբեր երկրների ոչ հայկական կենտրոններում պահվում են բազմաթիվ կարևոր այլ հայերեն ձեռագրեր։

Այդպիսի ամենամեծ հավաքածուն գտնվում է Փարիզի Ազգային գրադարանում։ Դեռևս դարասկզբին Ֆ. Մակլերը պատրաստել էր համառոտ մի ցուցակ, որը հեռու էր ներկայիս պահանջները բավարարելուց։ Եվ ահա անցյալ տարի, Ռայմոնդ Հ. Գևորգյանի և Ա. Տեր-Ստեփանյանի աշխատասիրությամբ, լույս տեսավ շուրջ 350 ձեռագրի նկարագրություն պարունակող մի նոր ստվարահատոր ցուցակ։

Անգլիայում պահվող ձեռագրերի նկարագրությունը տարիներ առաջ նախաձեռնել էր անգլիացի հայագետ Կոնիբերը, որը դեռևս 1913 թ. լույս ընծայեց Բրիտանական թանգարանում պահվող հայերեն ձեռագրերի նկարագրությունը։ Հետագայում Անգլիայի տարբեր հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի նկարագրություն կատարեց Տիրայր արքեպիսկոպոս Մելիք-Մուշկամբարյանը (Հովհաննիսյան), որի կատարած աշխատանքը մնում է անտիպ։ Վերջին տարիներին ողջ Անգլիայի տարածքում գտնվող հայերեն ձեռագրերի գիտական նկարագրությանը ձեռնամուխ եղավ տեր Ներսես քահանա Ներսիսյանը, որի աշխատանքն արդեն մոտ է ավարտին։

Կենտրոնական Եվրոպայի տարբեր հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի նկարագրությանն է նվիրված Ֆրեդերիկ Մակլերի գիրքը, Բեռլինի ձեռագրերինը՝ Ն. Քարամյանցի «Ցուցակ Պեռլինի Արքայական Մատենադարանի հայ ձեռագրաց»-ը, Վիեննայի Ազգային գրադարանինը՝ Հակոբոս Տաշյանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց Կայսերական Մատենադարանին ի Վիեննա»-ն և այլն։

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերեն ձեռագրերի աշխատանքները հիմնականում կատարել է Ավետիս Սանջյանը։ Նկատի ունենալով այս հավաքածուների հայերեն ձեռագրերի համեմատաբար փոքրաքանակ լինելը՝ դրանց առանձին-առանձին չենք անդրադառնալու և դրանց մատենագիտությունը ևս տրվում է վերջում։

Ձեռագրացուցակների ամբողջական մի մատենագիտություն կազմելու առաջին փորձը դեռևս 1939 թ. կատարել է հայագետ Լ. Մելիքսեթ-Բեկը, սակայն այդ թվականին դեռևս շատ քիչ թվով ցուցակներ էին հրատարակվել։ Ստորև ներկայացվող ձեռագրացուցակների մատենագիտությունը մեր օրերում այդպիսի մի գործ կատարելու առաջին փորձն է։

Հայագիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում բուն մատենագիտական աշխատությունները։

Հայ միջնադարյան մատենագրությանը նվիրված միակ ու կոթողային աշխատանքը Հակոբ Անասյանի «Հայկական մատենագիտություն»-ն է, որն ընդգրկում է 5-18-րդ դարերը։ Մատենագիտությամբ տրված են ոչ միայն հայ հեղինակների, այլև հայերեն թարգմանված օտար հեղինակների կենսագրականները, առանձին նյութեր, վկաներ և այլն։ Այսպիսով, Հ. Անասյանի աշխատանքն ընդգրկում է ողջ միջնադարում ստեղծված ամբողջ մատենագրական նյութը՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ թարգմանական։ Ցավոք, ընդգրկման բազմակողմանիության և մեծ ծավալի պատճառով կոթողային աշխատանքն իր ավարտին չհասավ։ Հրատարակվել է միայն երկու հատոր, որոնք ընդգրկում են Ա տառն ամբողջությամբ և Բ տառի կեսը։ Պատրաստ է նաև երրորդ հատորը, ուր տեղ են գտել «Բժշկագիտական նյութերից» մինչև «Գենարիոս»։ Ավարտվում է հատորի խմբագրման աշխատանքը (խմբագիր՝ Ա. Տեր-Ստեփանյան) և մինչև 1999-ի վերջը կհանձնվի տպագրության։ Մատենագիտական որոշակի արժեք է ներկայացնում Անասյանի «Հայկական մատենագիտության» հաջորդ հատորների համար հավաքված նյութը, որը դեռևս կարոտ է լրացման։ Անասյանի արխիվում հիմնականում չմշակված առանձին նյութեր են, սակայն կան նաև հեղինակներ, որոնց մատենագիտությունները գրեթե պատրաստ են։

Մեկ մարդու համար անհնար էր այդ հսկայածավալ նյութը մշակել և մատենագիտություն պատրաստել։ Ուստի և պատահական չէ, որ այսօր փորձ է արվում ոչ թե շարունակելո&#