ՀՈԴՎԱԾՆԵՐ: ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐԸ ՄԱՇՏՈՑՅԱՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ

ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՅԱՆ
բան. գիտ. թեկ.


Ա. ՎԱՂ ՇՐՋԱՆ
Բ. ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐԸ ԺԱ-ԺԲ ԴԱՐԵՐՈՒՄ
Գ. ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Ե-ԴԱՐ
Դ. ԴԱՎԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե. ՀԱԿԱՃԱՌԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ե-ԴԱՐ
Զ. ՀԱԿԱՃԱՌԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԺԴ-ԺԵ ԴԱՐԵՐ
Է. ԴԱՎԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԺԷ-ԺԸ ԴԱՐԵՐ
Ը. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Թ. ԲԱՐՈՒՅԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ



Ա. ՎԱՂ ՇՐՋԱՆ

Մաշտոցի անվան Մատենադարանը հարուստ է աստվածաբանական բովանդակություն ունեցող ձեռագրերով։ Թե՛ իրենց թվով և թե՛ բովանդակությամբ աչքի են զարնում հատկապես մեկնաբանական աստվածաբանությանը վերաբերող միավորները։ Հայ մեկնաբանական գրականության վաղ շրջանի հետազոտման համար բացառիկ կարևոր են Ե դ. հեղինակ Եղիշեի Ծննդոց, Հեսու Նավեի և  Դատավորաց գրքերի մեկնությունները։ Աղբյուրագիտական տեսակետից հատկապես ուշագրավ են Ծննդոց գրքի մեկնության հատվածները, որոնք պահպանվել են Վարդան Արևելցու Հնգամատյանի խմբագիր մեկնության մեջ (Մատենադարան, 1139, թ. 2ա-102բ)։ Երկար ժամանակ ամբողջապես կորած համարված այս երկի պահպանված մեծ ու փոքր հատվածները հետազոտել ու հրապարակել է Լ. Խաչիկյանը։ Հայ մեկնաբանական մատենագրության ուշագրավ արտադրանքներից է Ստեփանոս Սյունեցու Քառավետարանի մեկնությունը, որ մեզ է հասել միակ ընդօրինակությամբ՝ Մատենադարանի թիվ 5551 ձեռագրով (1155 թ.)։ Հետազոտությունը պարզում է, որ այս մեկնությունը հեղինակը կազմել է՝ համառոտելով յուրաքանչյուր Ավետարանի իր իսկ գրած ընդարձակ մեկնությունը։ Այդ ընդարձակ մեկնության մեծ ու փոքր առանձին հատվածները օգտագործվել են Սարգիս Կունդի Եսայու մարգարեության, Ղուկասու և Հովհաննու Ավետարանների խմբագիր մեկնություններում, ինչպես նաև՝ “Տոնապատճառ” ժողովածուներում։ Հայտնի են նաև այս հեղինակի Եզեկիելի մեկնությունը, որ մեզ հասել է հիմնականում թիվ 5906 ձեռագրով (362ա-411բ), ինչպես նաև՝ Հոբի և Դանիելի մեկնության առանձին հատվածները։ Մատենադարանում պահվում է նաև Թ դ. հեղինակ Համամ Արևելցու Առակաց մեկնությունը (Մատենադարան, համար 1151)։ Աղբյուրագիտական բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում նույն դարի մատենագիր Տիմոթեոս վարդապետի Ծննդոց գրքի մեկնությունը, որի այժմ կորած համարվող ընդարձակ տարբերակը լայնորեն օգտագործվել է Վարդան Արևելցու Հնգամատյանի խմբագիր մեկնության մեջ։ Ի դեպ Եղիշեի Ծննդոց մեկնության հատվածները պահպանվել են Տիմոթեոսի այս երկից Վարդան Արևելցու մեկնության մեջ ներմուծվելու շնորհիվ։




Բ. ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐԸ ԺԱ-ԺԲ ԴԱՐԵՐՈՒՄ

ԺԱ-ԺԲ դդ. հրապարակ իջան այնպիսի խոշոր մեկնիչներ, որպիսիք են Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Սարգիս Շնորհալին, Իգնատիոս Սևլեռնցին, Սարգիս Կունդը և ուրիշներ։ Մատենադարանյան Հավաքածոյում պահպանվում են այս հեղինակների աշխատությունների լավագույն ընդօրինակությունները։ Այսպես, Ներսես Շնորհալու Մատթեոսի մեկնությունը [հեղինակը հասցրել է բացատրել մինչև Ա 17-ը. մեկնությունը շարունակել և ավարտել են Շնորհալու աշակերտներ Արիստակես մեկնիչն ու Եփրեմը,  հետագայում նույն տեղից շարունակում և ավարտում է Հովհաննես Ծործորեցին (ԺԳ դ.)]  պահպանվում է Մատենադարանի թիվ 5155, 5742, 5933, 6492, 7854 ձեռագրերում։ Անանիա Սանահնեցու Մատթեոսի մեկնությունը (1063 թ.) նմանապես ամբողջական չէ. այն հասնում է մինչև Ավետարանի 10-րդ գլխի բացատրությունը։ Այս երկը մեզ հասել է Մատենադարանի թիվ 2686, 2859 ձեռագրերով, որոնցից երկրորդը (ԺԹ դ.) ընդօրինակվել է առաջինից (ԺԲ-ԺԳ դդ)։ Երկերը շարադրված են Հովհան Ոսկեբերանի և Եփրեմ Ասորու համաբնույթ աշխատությունների հետևողությամբ։ Այնուհանդերձ նրանց մեջ որոշակի տոկոս են կազմում հարաբերաբար ինքնուրույն հատվածները, որոնցում դրսևորվում են հեղինակի աստվածաբանական կարողությունները։ Ուշագրավ աշխատություն է Սարգիս Շնորհալու Կաթողիկե թղթոց մեկնությունը (1154 թ.), ուր նյութը մանրամասն բացատրվում է մեկնաբանական ավանդույթի հիման վրա։ Հեղինակը մինչև բուն նյութին անցնելը հանգամանալից խոսում է թղթերի հորինման նախապայմանների և շարժառիթների մասին, ինչը կարևոր փաստեր է  ներկայացնում Աստվածաշնչի միջնադարյան Ներածության (Նախադրություններ) հետազոտության համար։ Աղբյուրագիտական տեսակետից բացառիկ արժեքավոր աշխատություն է Իգնատիոս Սևլեռնցու Ղուկասու Ավետարանի մեկնությունը, որ գրված է Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի (1113-1166) հանձնարարությամբ 1130 թ.։ Հեղինակը բավական լայնորեն օգտագործել է Հովհան Ոսկեբերանի Ղուկասու մեկնության շատ հատվածներ, որոնց հունարեն բնագրերն այսօր անհայտ են։ Մեկնությունը համեմված է “խորհրդական բացատրություններով”, որոնց մեջ դրսևորվում է երևույթների խորքը թափանցելու և աստվածաբանական եզրահանգումներ կատարելու հեղինակի շնորհքը։ Սարգիս Կունդի երկերը նմանապես աչքի են ընկնում աղբյուրագիտական շահեկանությամբ։ Հեղինակի աշխատությունները (Մեկնութիւն Եսայեայ մարգարէութեան, Մեկնութիւն Ղուկասու՝ 1176 թ., Հովհաննու Ավետարանների, Կաթողիկե թղթոց (շարադրված են խմբագիր մեկնության սկզբունքով)։ Այս գործերը պարունակող ձեռագրերի լուսանցքներում համառոտագիր նշված են օգտագործված հեղինակների անունները (Աթ = Աթանաս Ալեքսանդրացի, Ոսկ=Հովհան Ոսկեբերան, Ստ=Ստեփանոս Սյունեցի, Կիւր=Կյուրեղ Ալեքսանդրացի և այլն)։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա օգտագործած հատվածները բառացիորեն համապատասխանում են իրենց սկզբնաղբյուրին. այդպես է մասնավորաբար Կյուրեղ Ալեքսանդրացու Ղուկասու մեկնությունից քաղված հատվածների պարագան։ Սա ինքնին իրավունք է տալիս մտածելու, որ մեզ չհասած սկզբնաղբյուրներից բերած հատվածները ունեն թե՛ բնագրագիտական, թե՛ աղբյուրագիտական արժեք։  Այդպիսիք են առաջին հերթին Ստեփանոս Սյունեցու, այժմ ամբողջապես անհայտ, Ղուկասու և Հովհաննու Ավետարանների ընդարձակ մեկնություններից քաղված հատվածները Սարգիս Կունդի համապատասխան մեկնություններում։ Այդ հատվածների ի մի բերումն ու հրապարակումը կարևոր նպաստ կլինի գլխավորաբար իբրև մեկնիչ ներկայացող այս հեղինակի մատենագրական վաստակի ամբողջացման և պատշաճ գնահատման համար։ Այս տեսակետից դարձյալ մասնավոր հետաքրքրություն է ներկայացնում ցարդ Աթանաս Ալեքսանդրացուն վերագրված (ինչպես երևում է այն պատճառով, որ գործի գերակշիռ մասը արձանագրված է Աթանասի անունով), սակայն իրականում Սարգիս Կունդին պատկանող վերոհիշյալ Կաթողիկե թղթոց խմբագիր մեկնությունը։ Միջազգային հայրաբանության համար խիստ կարևոր նշանակություն ունեն աթանասյան հատվածները, որոնց հունարեն բնագրերն այսօր անհայտ են։ Ձեռագրի լուսանցքներում առկա են նաև ուրիշ հեղինակների համառոտագիր անուններ, ինչպես օրինակ “Ոսկ”, “Եփր,”, “Ստեփ” և այլն։ Սրանց անունով բերված հատվածները կարոտ են աղբյուրագիտական, բնագրագիտական հանգամանալից քննության։ Աղբյուրագիտական որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Գևորգ Կաղի (ԺԱ դ.) Պողոս առաքյալի թղթերի մեկնությունը, որ խմբագրված է գլխավորաբար Ոսկեբերանի, Եփրեմի համաբնույթ մեկնությունների պատշաճ հատվածների ներառումով։ “Պատճառ” անունը կրող այդ մեկնողական միավորներում պարզաբանվում են պողոսյան թղթերի հորինման շարժառիթը և նպատակը։

Աստվածաբանական խորությամբ, հանրագիտարանային համակողմանիությամբ աչքի ընկնող աշխատություններ են Ներսես Լամբրոնացու Սաղմոսաց ընդարձակ (1182 թ.), Երկոտասան մարգարեից (1180 թ.), ինչպես նաև՝ Սարգիս Շնորհալու Կաթողիկե թղթոց մեկնությունները։ Այս երկերի հետազոտությունը հնարավորություն կտա գնահատելու Կիլիկյան Հայաստանում մեկնողական աստվածաբանության խորքն ու մակարդակը։ Մինչդեռ Արևելյան Հայաստանում մեկնողական աստվածաբանության հետազոտման համար օգտակար և հանձնարարելի են Մխիթար Գոշի (+1213թ.) Երեմիայի մարգարեության և Վանական վարդապետի (ԺԲ-ԺԳ դդ.) Հոբի մեկնությունները, որոնցում աղբյուրների մտացի ու տեղին օգտագործումը ներդաշնակվում է մտակառուցման ինքնուրույնությամբ։ Հայ մեկնաբանական գրականության աղբյուրագիտական հետազոտման համար խիստ կարևոր նշանակություն ունեն Վարդան Արևելցու (+1271 թ.) աշխատությունները։ Խմբագիր սկզբունքով կազմված այս մեկնություններում հայրախոսական ժառանգությանը քաջածանոթ հեղինակը օգտագործել է եկեղեցու մեծանուն վարդապետների երկերը։ Աղբյուրների առատությամբ աչքի է ընկնում մասնավորապես Հնգամատյանի մեկնությունը։ Այս գործը պարունակող ձեռագրերի լուսանցքներում արձանագրված են Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացի), Եղիշեի, Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նյուսացու և այլ հեղինակների անունները։ Սրանց զանազան երկերից քաղված մեծ ու փոքր վկայություն-քաղվածքների ոչ բոլոր աղբյուրներն են մեզ հայտնի։ Պարագան այսպիսին է նաև հեղինակի մյուս մեկնությունների դեպքում (Մեկնութիւն Երգ երգոցի, Դանիէլի  և այլն)։ Աստվածաբանական խորին թափանցումներով են շարադրված Եզեկիելի մարգարեության ու եզեկիելյան տեսիլքի ճառական մեկնությունները, ինչպես նաև Սուրբ Գրքի առանձին մասերի մեկնությունը պարունակող Վարդան Արևելցու առանձին ճառերը) “Ի Տասնաբանեան աւրէնսն”, “Ի բանն, որ ասէ. Հայեաց ի քեզ”, “Ի ՃԱ սաղմոսն”, “Տեսութիւն ի մարգարէին Մովսիսի”)։ Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևորություն ունեն Գևորգ Սկևռացու (Լամբրոնացի. +1301) Գործք առաքելոցի (1289 թ.), Եսայա մարգարեության (1292 թ.) մեկնությունները, որոնք հիմնված են գերազանցապես Ոսկեբերանի, Եփրեմի և Կյուրեղ Ալեքսանդրացու համանուն երկերի վրա։ Միջազգային բանասիրության համար մասնավոր հետաքրքրություն են ներկայացնում Եսայա մեկնության ոսկեբերանյան հատվածները, որոնք ոչ միայն լրացնում են հունարեն բնագրով անհայտ հատվածների հայերեն թարգմանության թերի մասերը, այլև հաճախ, պարունակելով առավել նախընտրելի ընթերցումներ, ճշգրտում են առկա հայերեն թարգմանությունը։ Իր ժամանակի կյանքի ամենատարբեր մարզերի վերաբերյալ հանրագիտարանային հարուստ տեղեկություններ է հաղորդում ԺԴ դարի հեղինակ Բարսեղ Մաշկևորցին իր Մարկոսի Ավետարանի մեկնության մեջ (1325 թ.)։ Հարաբերաբար ինքնուրույն աշխատություն է մեծահամբավ մատենագիր ու մանկավարժ Եսայի Նչեցու Եզեկիելի մեկնությունը՝ շարադրված Ստեփանոս Օրբելյանի խնդրանքով 1300թ.։ Հարաբերական ինքնուրույնությունը կայանում է նրանում, որ հեղինակը ոչ թե բառացիորեն է վկայակոչում իր ձեռքի տակ եղած սկզբնաղբյուրները (Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Ալեքսանդրացի=Թեոդորետոս Կյուրացի, Եփրեմ Ասորի, Ստեփանոս Սյունեցի), այլ՝ վերլուծաբար։ Մեկնողական երկերի հեղինակ է նաև Նչեցու աշակերտ Հովհաննես Ծործորեցին (ԺԳ-ԺԴ դդ.)։ Նրա գրչին են պատկանում Մատթեոսի մեկնությունը (1316 թ.), որը շարունակությունն ու ամբողջացումն է Ներսես Շնորհալու համանուն երկի, ինչպես նաև՝ Դանիելի մեկնությունը (1316թ.)։ Վերջինս աչքի է ընկնում հանրագիտարանային բազմահարուստ բովանդակությամբ։ Եսայի Նչեցու մյուս առավել տաղանդավոր աշակերտը՝ Հովհան Որոտնեցին, որ դարձավ մեկնողական աստվածաբանության Տաթևյան դպրոցի հիմնադիրը, հեղինակ է Մատթեոսի, Հովհաննու Ավետարանների, Պողոսի թղթոց մեկնությունների, որոնք շարադրված են աստվածաբանական-իմաստասիրական խոր վերլուծումով, ինքնուրույն ընդհանրացումներով։ Ի տարբերություն նախորդ մեկնիչների Որոտնեցին կիրառում է սքոլաստիկ (դպրոցական) մեկնաբանությանը հատուկ եղանակ։ Նրա բացատրություններն ուղեկցվում են աստվածաբանական իրողությունների դասդասումով ու համակարգումով։ Աստվածաբանելու այս եղանակը Որոտնեցուց անցել է նրա արժանավոր հետնորդին՝ Գրիգոր Տաթևացուն, որի գրչին են պատկանում Հոբի, Եսայա (1384թ.), Սաղմոսաց (ընդարձակ և համառոտ տարբերակներ), Առակաց, Երգ երգոցի (1405թ.), Հովհաննու, Մատթեոսի (1409թ.) մեկնությունները։ Մեկնողական աստվածաբանության տաթևյան հաջորդ հայտնի ներկայացուցիչը Մատթեոս Ջուղայեցին (ԺԴ-ԺԵ դդ.) է։ Այս հեղինակի գրչին են պատկանում Ղուկասու (1391թ.), Հովհաննու Ավետարանի, Գործք առաքելոցի (1411թ.) մեկնությունները, որոնք գրված են եկեղեցու նշանավոր հայրերի աշխատությունների հետևողությամբ։

Երեք հարյուրամյա լռությունից հետո մեկնողական աստվածաբանությունը վերստին իր ծաղկումն է ապրում ԺԸ-ԺԹ դդ.։ Այս շրջափուլում հրապարակ են իջնում այնպիսի խոշոր հեղինակներ, որպիսիք են Հակոբ Նալյան պատրիարքը (1741-1749), Պետրոս Արք. Բերթումյան Նախիջեվանցին (1720-1784), Եփրեմ Սսեցի Կաթողիկոսը (1771-1774) և ուրիշներ։ Հակոբ Նալյանը հեղինակ է Սիրաքի գրքի մեկնության, որ հայ մեկնողական մատենագրության մեջ այդ գրքի միակ մեկնաբանությունն է։ Պետրոս Բերթումյանի գրչին են պատկանում Ծննդոց և Հոբի ընդարձակածավալ մեկնությունները։ Առաջին մեկնությունը հայտնի է երկու ընդօրինակությամբ, երկրորդ միավորը նմանապես ունի երկու ընդօրինակություն (Մ
ատենադարան, ձեռ. 1174, թ. 6ա-89բ, 2718, թ.91բ-233ա), որոնցից առաջինը հեղինակի ինքնագիրն է։ Հայտնի են նաև հեղինակի Երգ երգոցի, Ավետարանական առակների, Հովհաննու Հայտնության մեկնությունները։ Եփրեմ Սսեցին հեղինակ է Հովնանի մարգարեության մեկնության, որ աչքի է ընկնում փաստական հարուստ բովանդակությամբ, մանկավարժական ուղղվածությամբ։ Այս շրջանում հորինված մեկնողական ուշագրավ երկերից են Հակոբ Կարնեցի Սիմոնյանի (1766-1786) Երգ երգոցի և Մեսրոպ Գանձակեցու (գործել է ԺԸ դ. 40-60 ական թթ.) Կաթողիկե թղթոցմեկնությունները։




Գ. ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Ե ԴԱՐ

Ինքնուրույն մեկնություններից զատ հայ միջնադարյան մատենագրության մեջ լայն շրջանառություն են ունեցել նաև թարգմանական մեկնությունները, որոնք կիրառվել են հայ հեղինակների կողմից։ Արդեն Ե դարում Աստվածաշնչի թարգմանությունից հետո հայացվեցին Տիեզերական եկեղեցու մեծանուն հայրերի և ուսուցիչների՝ Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Եվսեբիոս Եմեսացու, Եպիփան Կիպրացու, Աթանաս Ալեքսանդրացու և այլոց մեկնողական երկերը։ Ինչպես վկայում են ձեռագիր մատեանները, արդեն հեղինակի կենդանության օրոք (406-407) թարգմանվել է Ոսկեբերանի լավագույն աշխատությունը՝ Մատթեոսի Ավետարանի մեկնությունը, որին վիճակված էր հույժ կարևոր դեր կատարել հայ մեկնողական գրականության մեջ։ Այս մեկնությունը լայնորեն օգտագործվել է Անանիա Սանահնեցու, Ներսես Շնորհալու, Արիստակես վարդապետի, Հովհաննես Ծործորեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց համանուն աշխատություններում։ Աղբյուրագիտական հետաքրքություն է ներկայացնում սրանց մեջ տեղ գտած հատկապես մեկնության Չորրորդ գիրքը։ Ինչպես հայտնի, է հայերեն թարգմանության հրատարակության մեջ այս գիրքը խիստ թերի է։ Նվազ կարևոր չեն Ոսկեբերանի Ղուկասու Ավետարանի մեկնության առանձին հատվածները, որ օգտագործվել են Իգնատիոս Սևլեռնցու համանուն մեկնության մեջ։ Այս երկից այլևայլ հատվածներ կենցաղավարում են Ճառընտիր, Տոնապատճառ ժողովածուներում։ Այդ հատվածներից շատերի հունարեն բնագրերի վերաբերյալ որևէ տեղեկություն մեզ չի հասել։ Ե դարի թարգմանություն է նաև Ոսկեբերանի Հովհաննու Ավետարանի մեկնությունը, որի Ա-ԺԳ գլուխները հայերենի են վերածվել ասորերենից, իսկ ԺԴ-ՁԸ գլուխները՝ հունարենից։ Ժամանակի ընթացքում այս թարգմանության մեծ մասը կորստյան է մատնվում։ Միայն ԺԱ դարում կարելի է լինում գտնել առաջին ԼԳ գլուխները։ Մնացյալ գլուխները Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի կարգադրությամբ հունարենից հայերեն է թարգմանում Թեոփիստե անունով մի հույն հայերենագետ, որի թարգմանությունը հղկում է Կիրակոս Դրազարկեցին։ Այս աշխատությունը նմանապես լայնորեն օգտագործվել է հայ մեկնաբանական գրականության մեջ։ Նրա մաս կազմող առանձին քաղվածքներ զետեղված են Սարգիս Կունդի Հովհաննու Ավետարանի խմբագիր մեկնության մեջ։ Նախնական քննությունը պարզում է, որ այստեղ առկա հատվածները զգալիորեն տարբերվում են այսօր հայտնի ամբողջական թարգմանությունից։ Տարբեր թարգմանություն են ենթադրում մատենադարանյան ձեռագրերի պատառիկ-պահպանակներում հանդիպող հատվածները։ Մաշտոցի անվան Մատենադարանում են պահվում Ոսկեբերանի Գործք առաքելոցի մեկնության հայերեն թարգմանության երկու ամբողջական ընդօրինակությունները, որոնք բացակայում են այլ հավաքածուներում։ Հայ թարգմանական մատենագրությունը մեզ ավանդել է նաև Կաթողիկե թղթոց Ոսկեբերանի մեկնության առանձին հատվածները (Նախադրութիւն Յակովբայ, ինչպես նաև՝ Ա Պետրոսի, Յովհաննու, Յուդայի թղթերի մեկնությունները), որոնք բացակայում են Կաթողիկե թղթոց մեջ հայտնի խմբագիր մեկնությունում։  Պողոսյան թղթերի Ոսկեբերանի մեկնությունները լայնորեն օգտագործուել են հայ հեղինակների կազմած խմբագիր մեկնություններում։ Իբրև “Պատճառներ” դրանք ներառվել են Անանիա Սանահնեցու, Գևորգ Կաղի, Գրիգոր Աբասյանի աշխատություններում։ Չափազանց մեծ է Ոսկեբերանի հինկտակարանային մեկնությունների աղբյուրագիտական նշանակությունը։ Աղբյուրագիտական բացառիկ արժեք ունեն Ոսկեբերանի Սաղմոսաց մեկնության հատվածները (Մատենադարան, ձեռ. 472, 2783), որոնց հունարեն բնագրերը մեզ չեն հասել։ Միջազգային բանասիրության համար խիստ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եսայա մեկնության հայերեն թարգմանությունը։ Հայտնի է Եսայա լոկ Ա-Ը 10 հատվածի մեկնության հունարեն բնագիրը։ Ուստի հայերեն թարգմանությունը, որն ընդգրկում է Ը-ԿԴ գլուխների մեկնությունը, ունի բնագրական բացառիկ արժեք։ Ճառընտիր և Տոնապատճառ մատյաններում հանդիպում են այս երկի նաև հունարենով առկա հատվածների, միայն մասամբ հրատարակված, հայերեն թարգմանություններ։ Բացառապես հայերեն թարգմանությամբ են հայտնի Եզեկիելի մարգարեության մեկնության առանձին հատվածները, ինչպես նաև՝ Արարածոց մեկնության մի դրվագը։ Հունարեն բնագրով անհայտ են նաև Ամբակումի և Միքիայի մեկնությունները (որոնց հայերեն թարգմանություններն ընդօրինակված են Մատենադարանի թիվ 3782, 2923, 6621 ձեռագրերում։) Պակաս հետաքրքություն չեն ներկայացնում Դանիելի մեկնության հատվածները, որոնք տեղ են գտել Վարդան Արևելցու և Հովհաննես Ծործորեցու համաբնույթ աշխատություններում։

Հայ թարգմանական մեկնությունների մեջ նույնքան կարևոր տեղ են զբաղեցնում Եփրեմ Ասորու երկերը, որոնց ճնշող մեծամասնությունը այսօր հայտնի են բացառապես հայերեն թարգմանությամբ։ Այդպիսիք են Արարածոց, Ելից, Թուոց, Ղևտացւոց, Բ Օրինաց, Յեսուայ որդւոյ Նաւեայ, Դատաւորաց, Թագավորութեանց, Մնացորդաց գրքերի համառոտ մեկնությունները, ինչպես նաև՝  Յոբի, Եզեկիելի, Եսայա, և Գործք առաքելոցի մեկնությունների մեծ ու փոքր հատվածները։ Առանձին ընդօրինակությամբ հայտնի են նաև Երկոտասան մարգարէից ու Յովնանի գրքի մեկնությունները։

Ե-Ը դդ. թարգմանվել են Հեսիքիոս Երուսաղեմացու Հոբի, Որոգինես Ալեքսանդրացու, Հիպողիտես Բոստրացու Երգ երգոցի, ինչպես նաև՝ Կյուրեղ Ալեքսանդրացու անվամբ (իրապես Թեոդորետոս Կյուրացուն պատկանող) Եզեկիելի մեկնությունները, որոնցից առաջինի բնագիրը մեզ չի հասել։ Սրանք բավական ընդարձակորեն օգտագործվել են հայ հեղինակների համաբնույթ աշխատություններում։

Միարարական շրջանի թարգմանություն է Բարթուղիմեոս Մարաղացու Արարածոց մեկնությունը, որ իրականացված է 1332 թ. Դոմինիկյան միաբանության անդամ Հակոբ Քռնեցու կողմից։ Մեկնությունը բաղկացած է 8 մասերից։ Երկը շարադրված է հարցերի ձևով, ինչն առավելապես պատշաճում է սքոլաստիկ մեկնություններին։




Դ. ԴԱՎԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջնադարյան աստվածաբանության մյուս կարևորագույն մարզը դավանաբանութիւնն է (Dogmatic)։ Քրիստոնեական եկեղեցու գաղափարախոսական սկզբունքները հիմնավորելու և պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Դավանաբանական պայքարի առաջին շրջանում քրիստոնեության շահերի պաշտպանությունը ստանձնում է ջատագովական - հակաճառական աստվածաբանությունը, որի նպատակն էր ապահովել հայտնությամբ թելադրված “կրոնական նոր ըմբռնումների հաղթանակը հների դեմ։ Այդ գրականության մեջ անխուսափելիորեն նշանակալի տեղ է գրավում նաև քրիստոնեության առաջին դարերում ծագած աղանդավորական գաղափարների քննադատությունը, ինչպես կարելի է տեսնել ասորի և հույն եկեղեցական հայրերի երկերի հայերեն թարգմանություններից, ինչպես և հայ հեղինակների գործերից, օրինակ՝ Եզնիկ Կողբացու “Եղծ աղանդոց” գրքից։ Աստվածաբանական և դավանաբանական երկերն առատ նյութ են տալիս միջնադարյան Հայաստանի ներքին կյանքում երևան եկած հասարակական խմորումների և շարժումների պատմության համար, իսկ արտաքին կյանքում՝ հարևան և այլ երկրների հետ նրա ունեցած փոխհարաբերությունների ուսումնասիրության համար”։

Ջատագովական աստվածաբանության առաջին նմուշներից են Գրիգոր Լուսավորչի անվամբ հայտնի “Հարցմունքը”, Եզնիկ Կողբացու “Եղծ աղանդոց” երկը։ Հայ մատենագրության առաջնեկը հանդիսացող “Հարցմունք”-ը համարվում է “Եղծ աղանդոցի” գլխավոր աղբյուրներից մեկը։ Մատենադարանյան ժողովածուի մեջ “Հարցմունքը” պարունակող ձեռագրեր են. 659 (108բ-118բ), 778 (377բ-403բ), 2886(73ա-83բ), 657 (125ա-129բ), 9298 (302ա-306)։ Եզնիկի երկը գիտական աշխարհին հայտնի է միակ՝ 1280 թ. ընդօրինակված՝ Մ
ատենադարանի 1097 (187բ-314բ) ձեռագրով։ “Հարցմունքի” տիրական ազդեցությունից զերծ չի մնացել նաև Վահրամ Րաբունու “Հարցմունք և պատասխանիք ի գիրս Ծննդոց” երկը։ Մինչդեռ Մատենադարանի 631 ձեռագիրը (195ա-221ա), որ ընդօրինակվել է ԺԵ դ., աչքի է ընկնում կարևոր ընթերցումներով։ Դավանաբանական աստվածաբանության հետազոտման համար կարևոր նշանակություն ունեն Գրիգոր Լուսավորչի անվամբ շրջանառություն ունեցած Հաճախապատում ճառերի մի զգալի մասը։




Ե. ՀԱԿԱՃԱՌԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ե ԴԱՐ

Ե դարի կեսերին ստեղծված կրոնաքաղաքական նոր իրավիճակը կյանքի կոչեց իր բնույթով և ուղղվածությամբ դավանաբանական պայքարագրության մի նոր տեսակ՝ հակաճառական գրականություն։ Այս գրականության երևան գալը թելադրված էր Քաղկեդոնի ժողովի (451թ.) որոշումները հերքելու, ուստի և՝ Ազգային եկեղեցու կրոնաքաղաքական ինքնուրույնությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Մեզ հայտնի առաջին երկը Տիմոթեոս Կուզի (Էլուրոս) “Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի” աշխատությունն է, որ հայտնաբերվեց Կարապետ ծ. վրդ. Տեր-Մկրտչյանի ջանքերով և հրատարակվեց նրա ու Երվանդ վրդ. Տեր-Մինասյանի աշխատասիրությամբ Էջմիածնի թիվ 1988 (այժմ Մատենադարանի ձեռ. 1958) ձեռագրի հիման վրա։ Այս երկի հայերեն թարգմանությունն ունի աղբյուրագիտական չափազանց կարևոր նշանակություն։ Բանն այն է, որ նրա հունարեն բնագիրը մեզ չի հասել, իսկ ասորերեն թարգմանությունն, ըստ Lebon-ի, ոչ այլ բան է, քան բնագրի այլափոխված, համառոտ տարբերակը։ Իբրև հակաքաղկեդոնական դավանաբանական պայքարագրության դասական օրինակ այն պետք է լայնորեն օգտագործվեր հայ ինքնուրույն մատենագրության մեջ ստեղծված համաբնույթ երկերում։ Նրա հետևողությամբ է շարադրված Կոմիտաս կաթողիկոսի (615-628) օրոք կազմված “Կնիք հաւատոյ” ժողովածուն, ինչպես նաև՝ Վարդան Այգեկցու “Արմատ հաւատոյ” երկը, որի քննական հրատ