ՀՈԴՎԱԾՆԵՐ: ՊԱՏՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
դոկտոր-պրոֆ.


Ա. Նախաբան
Բ. Ե-Զ դարերի աշխարհագրական երկեր
Գ. Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»ը
Դ. «Աշխարհացոյց»ի քննության անդրադարձ
Ե. «Մղոնաչափք»
Զ. «Գետք և գնացք նոցա մեծ և անուանիք ԽԲ»
Է. Անուանք քաղաքաց
Ը. Աշխարհագրական այլ նյութեր


Ա. Նախաբան

Մեզ հասած հայ մատենագրությունը սկիզբ է առնում Ե դարից։ Հայ հեղինակները, որոնց ջանքերով ստեղծվեցին առաջին ինքնուրույն երկերը, մատուցելով հայոց պատմությունը, հսկայական նյութ են պարունակում նաև Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումների, նախարարությունների տեղադրության, արքունի տիրույթների, եկեղեցապատկան հողերի, լեռնագրության և ջրագրության, բնական հարստությունների և այլնի վերաբերյալ։ Այդ առումով, վաղ միջնադարում մասնավորապես առանձնանում են Փավստոս Բուզանդի և հայոց պատմահայր Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատությունները, սակայն աշխարհագրական բնույթի տվյալներ կարելի է հանդիպել նաև Ագաթանգեղոսի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի և այլ հեղինակների երկերում։




Բ. Ե-Զ դարերի աշխարհագրական երկեր

Առաջին աշխարհագրական երկը հայ իրականության մեջ ստեղծվել է Ե դարի վերջերին։ Մինչև վերջերս հայագիտության մեջ տարածված էր այն տեսակետը, թե «Աշխարհացոյց»-ը կամ «Հայկական աշխարհագրություն»-ը Է դարի ստեղծագործություն է և պատկանում է հայ նշանավոր մաթեմատիկոս ու բնագետ Անանիա Շիրակացու գրչին։ Եղել են «Աշխարհացոյց»-ը Թ և անգամ Ժ դարով թվագրելու փորձեր։ Սակայն մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ այն կարող էր հանդես գալ միայն Ե դարի վերջերին։ Պատահական չէ բնավ, որ Աշխարհացոյց»-ի՝ հեղինակի անունը պահպանած բոլոր ձեռագրերը աշխարհագրական տրակտատի հեղինակ են մատնանշում Ե դարի հեղինակ Մովսես Խորենացուն, իսկ Անանիա Շիրակացու անունը ոչ մի ձեռագիր չի կրում։ Սակայն աշխարհագրական երկը սուրբ գիրք չէ, և այն հետագա դարերում արտագրողների կողմից ենթարկվել է որոշ խմբագրությունների ու սրբագրության՝ կապված վարչա-քաղաքական փոփոխությունների հետ, որոնց հետևանքով ուշ շրջանի ընդմիջարկություններն ուսումնասիրողների մոտ այն թյուր կարծիքն են առաջացել, թե «Աշխարհացոյց»-ը ստեղծվել է Է կամ հետագա դարերում։

«Աշխարհացոյց»-ը՝  իր նշանակալից մասով, ինքնուրույն չէ և հեղինակի վկայությամբ՝ փոխառնված է Պապոս Ալեքսանդրացու «Երկրագրություն» երկից, որն էլ իր հերթին ծաղկաքաղ է Պտղոմեոսի «Աշխարհագրություն»-ից։ Սակայն Մեծ Հայքի, Վիրքի, Աղվանքի, Ասիական Սարմատիայի, Սասանյան Պարսկաստանի նկարագրության բաժիններում հեղինակն օգտագործել է իր իսկ կողմից ուսումնասիրված այնպիսի նյութեր, որոնք արտացոլում էին III դարում անցկացված աշխարհագրերի (մարդահամարների) տվյալները և Ե դարի վարչաքաղաքական կացությունը։

Աշխարհագրական տեղեկությունների առումով ուշագրավ սկզբնաղբյուր է «Մղոնաչափք» աշխատությունը, որը, ամենայն հավանականությամբ, Է դարի ստեղծագործություն է, սակայն, իրականում, ձևավորվել  է ավելի վաղ ծնունդ առած մի ինչ-որ ուղեցույցի հիման վրա։ Նման եզրակացության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ «Մղոնաչափք»-ը հետաքրքիր տեղեկություն է պահպանել Դ դարի հայ-հռոմեական սահմանագծի վերաբերյալ։

Աշխարհագրական մտքի զարգացմանն էապես նպաստել է հայ առևտրականների ծավալուն գործունեությունը հարևան և հեռավոր երկրներում։ Ճանապարհորդելով Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի երկրներում՝ նրանք հետաքրքիր տեղեկություններ են պահպանել տարբեր քաղաքների մասին, որի արտահայտություններից են ԺԲ դարում հորինված «Անուանք քաղաքացն Հնդկացն և Պարսկացն», այլևայլ ժամանակներում ստեղծված «Անուանք Քաղաքաց»-ը, «Վասն Անտիոքայ Քաղաքին»-ը, «Անուանք քաղաքաց այբուբենյու»-ը, «Քաղաքք և շինողք նոցին»-ը և այլն։ Ստեղծվում են աշխարհի կարևոր գետերին ու լեռներին, զանազան երկրներին նվիրված գործեր, ինչպիսիք են «Յաղագս Դ գետոցն»-ը, «Վասն Ե գետոցն»-ը, «Անուանք գետոց»-ը, «Անուանք ԺԲ լերանց»-ը, «Գետք մեծամեծք»-ը և այլն։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բազմաթիվ ձեռագրերում պահպանվել է ԺԳ դարի հեղինակ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ը, որը հետագա դարերում լուրջ փոփոխությունների է ենթարկվել զանազան խմբագրողների ու արտագրողների կատարած ընդմիջարկությունների հետևանքով։ Աշխատությունը տեղ-տեղ հետևում է Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»-ին, սակայն իր ամբողջության մեջ այն արտացոլում է Հայաստանի, մասնավորապես նրա հյուսիսային հատվածի և հարևան երկրների ԺԳ դարի վարչաքաղաքական կացությունը։

Աշխարհագրական հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել Հովհաննես Երզնկացու (ԺԲ դ.), Մարտիրոս Երզնկացու (ԺԵ-ԺԶ դդ.), Հովհաննես Աղթամարցու (ԺԵ դ.), Կարապետ Բաղիշեցու (ԺԶ դ.), Երեմիա Չելեպի Քյումուրճյանի (ԺԷ դ.) Շահմուրադ Բաղիշեցու (ԺԷ-ԺԸ դդ.), Խաչատուր Թոխատցու, Կոստանդին Ջուղայեցու, Հակոբ Կարնեցու և այլոց աշխատություններում։

Աշխարհագրական տեղեկություններ հանդիպում են մանր աշխատությունների մեջ, որոնք սպասում են իրենց հետազոտողին։




Գ. Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»ը

Հայ աշխարհագրական մտքի մարգարիտը, անտարակույս, Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»-ն է։ Վերջինիս հեղինակի և ստեղծման ժամանակի խնդիրները մինչև այսօր էլ գրավում են հայագետների ուշադրությունը, և ավելի ուշ կատարված ընդմիջարկությունները պատճառ են դարձել, որ աշխատությունը թվագրվի Է, Թ և անգամ ԺԱ դարով։ Սակայն մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ այն իր սկզբնական տեսքով կարող էր հանդես գալ Ե դարում, հետևաբար այսօր լայն քաղաքացիություն ստացած այն տեսակետը, թե աշխարահագրական երկը պատկանում է Է դարի հայ մեծ բնագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացու գրչին, պարզապես բացառվում է։ Եվ բնավ էլ պատահական չէ, որ «Աշխարհացոյց»-ի բոլոր ձեռագրերն առանց բացառության այս երկի հեղինակ են արձանագրում Պատմահայր Մովսես Խորենացուն, մինչդեռ ոչ մի ձեռագիր չի կրում Անանիա Շիրակացու անունը։




Դ. «Աշխարհացոյց»ի քննության անդրադարձ

«Աշխարհացոյց»-ը Է, Թ և անգամ ԺԱ դարով թվագրելն արդյունք է որոշ ընդմիջարկություններն սկզբնական բնագրի մաս դիտելու, չնայած, դժվար չէ համոզվել, որ դրանք խմբագրողների ու արտագրողների գործունեության արդյունք են։
Գիտական աշխարհն առաջին անգամ ծանոթացավ «Աշխարհացոյց»-ին անգլիացի Վիստոն (Ուիսթոն) եղբայրների լատիներեն թարգմանության շնորհիվ, որը և ծնունդ տվեց հիշյալ աշխատության ստեղծման հանգամանքների, հեղինակի և ժամանակի շուրջը ծավալված վեճերին։ Արդեն 1789 թ. բարոն Սեն-Կրուան, հենվելով Աշխարհացոյց»-ում Բասրա քաղաքի հիշատակության փաստի վրա, հանգեց այն եզրակացության, որ Մովսես Խորենացին ոչ մի դեպքում չի կարող լինել վերջինիս հեղինակ, քանի որ Բասրան ծաղկուն քաղաք էր միայն Է դարի սկզբին։ Իր եզրակացությունների մեջ շատ ավելի հեռուն գնաց ֆրանսիացի հայագետ Մ. Ժ. Սեն-Մարտենը։ Նա 1819 թ. հրատարակեց «Աշխարհացոյց»-ը ֆրանսերեն թարգմանությամբ և բազմաթիվ ծանոթագրություններով (M. J. Saint-Martin, Memoires historuques et geographiques sur l'Armenie, t. II, Paris, 1819, էջ 301-394)  փորձում էր ապացուցել, որ այն ոչ մի կերպ չի կարող Պատմահոր ստեղծագործությունը լինել։ Հեղինակը գտնում էր, որ «Աշխարհացոյց» -ը ստեղծվել է Թ և ԺԱ դարերի միջոցին, հավանաբար մոտավորապես 950 թվականին, սակայն ԺԱ դարից ոչ ուշ, քանի որ սելջուկյան արշավանքների հետևանքով տեղ գտած փոփոխություններն այնտեղ չեն արտացոլվել։ Իր եզրակացությունները կատարելիս՝ ֆրանսիացի հայագետը հենվում էր այն իրողությունների վրա, որ Խորենացուն հազիվ թե ծանոթ լիներ ֆրանկների Գալիայի բնակիչ լինելը, առավել ևս  այն չէր կարող հանդիպել Պապոս Ալեքսանդրացու «Երկրագրություն»-ում, որ Տավրիկյան թերակղզին աշխատության մեջ անվանում է Ղրիմ և քրիստոնեական տիրույթ, որպիսին այն իբրև կարող էր լինել Ժ դարում, երբ ռուսները ընդունել են քրիստոնեություն, որ երկի համաձայն ռուսները Դանուբը կոչում են «Յոզու», իրողություն, որ կարող էր տեղ գտնել Թ և Ժ դարերի միջոցին՝ մոտավորապես 950 թվին, որ մի քանի հայկական աշխարհներ համարվում են վրացական և աղվանական, հանգամանք, որ հնարավոր է հայոց թագավորության անկումից հետո, այսինքն 428 թվականից հետո, որ Բաբելոնի նկարագրության մեջ հիշատակվում են Բասրան և Քուֆան (Քուֆ), որոնք հիմնադրվել են Է դարի կեսին արաբների կողմից, որ թուրք ցեղանունը բյուզանդացիներին հայտնի դարձավ միայն Զ դարի վերջին, որ Ռուան երկրանունը մուսուլմանները տվել են Հայաստանի այն մասին, որտեղ գտնվում էր Երևանը և այլն։

Սեն-Մարտենն օգտվել է, և ինքն էլ շեշտում է այդ հանգամանքը ներածականում, մի սխալաշատ և ընդմիջարկություններով ու աղավաղումներով լի ձեռագրից, ուստի նրա կողմից «Աշխարհացոյց»-ի տեքստը «Աշխարհացոյց ստոյ Մովսիսի Խորենացւոց» վերնագրելը լոկ վկայում է ոչ լիարժեք գիտական քննության մասին։ Վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ էր վերլուծության ենթարկել «Աշխարհացոյց»-ի մեզ հասած ձեռագրերի գոնե մեծ մասը, ուստի պատահական չէ, որ Վենետիկի Մխիթարյան հայրերից Ղ. Ինճիճյանը շատ հեշտությամբ ցույց տվեց, որ Սեն-Մարտենի բերած փաստարկների մեծ մասն ընդմիջարկություններ են, որոնք գոյություն չունեն հին և ընտիր ձեռագրերում կամ էլ սխալ են ընկալվել նրա կողմից (Ղ. Ինճիճյան, Հնախոսություն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. Գ, Վենետիկ, 1835, էջ 305-308)։ Եվ, իրոք, հին և ընտիր ձեռագրերում բացակայում է «որ է Յօզու Ռուսաց» արտահայտությունը, Տավրիկյան թերակղզին կոչվում է ոչ թե Ղրիմ, այլ «Քեռսին կամ Քեռսոն կղզի», Ռուանը գտնվում է Մարաստանում և բնավ չի նույնանում Երևանի հետ, ֆրանկները չեն դիտվում հզոր ազգ Գալիայում, այլ ազգերից մեկը, ինչը համապատասխանում է Ե դարի վերջի կացությանը, Ղրիմի թերակղզու բնակիչները քրիստոնեություն էին ընդունել արդեն հռոմեական և բյուզանդական իշխանության շրջանում և այլն։ Սեն-Մարտենի քննադատությունից խիստ վիրավորված՝ Վենետիկի Մխիթարյանները 1843 թ. հրատարակեցին «Աշխարհացոյց»-ի համառոտ խմբագրության բնագիրը՝ վեց գրչագրերի համեմատությամբ, որոնցից հինգը պատկանում էին Վենետիկի Մխիթարյաններին, իսկ վեցերորդը՝ Էջմիածնի Մատենադարանին («Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրությունք, Վենետիկ, 1843)։

Ղ. Ինճիճյանի հերքումը, բնականաբար, վերջ չտվեց «Աշխարհացոյց»-ի շուրջ ծավալված վեճին։ 1873 թ. գերմանացի նշանավոր աշխարհագրագետ և քարտեզագետ Հ. Կիպերտը Բեռլինի Ակադեմիայում հանդես եկավ «Աշխարհացոյց»-ի ստեղծման ժամանակի մասին զեկուցմամբ, որտեղ ցույց է տրվում, որ Եվրոպայի, Աֆրիկայի, Արաբիայի և Արևելյան Ասիայի նկարագրությունը փոխ է առնված III (Դ?) դարի մի ինչ-որ հունական աղբյուրից, հռոմեական Ասիայի խմբագրությունը վերաբերում է Թեոդոսիոս Ա-ից մինչև Հուստինիանոսն ընկած ժամանակներին, իսկ պարսկական Ասիայինը՝ Հուստինիանոսի և Մավրիկիոսի միջև ընկած շրջանին։ Նրա կարծիքով, եթե մի կողմ թողնենք Հայաստանի և Պարսկաստանի նկարագրությունը, կարելի է «Աշխարհացոյց»-ը համարել Մովսես Խորենացու գրչի արգասիք։ Հեղինակը հանգել էր այն մտքին, որ Հայաստանի աշխարհացույցյան նկարագրությունն իր վերջնական տեսքն է ստացել Զ դարի խմբագրությունից հետո և որ նրա տեսակետը պատրաստ է պաշտպանել Հայաստանի պատմական աշխարհագրության այնպիսի հեղինակություն, ինչպիսին Ղ. Ալիշանն էր (H. Kiepert. Ueber die Zeit der Abfassung des dem Moses von Chorni zugeschriebenen geogr. Kompendiums, տե՛ս "Monatsberichte der Koenigl. Preuss. Akademie der Wissenschaften zu Berlin", 1873, էջ 599-600։ Հրատարակվել է հեղինակի եզրակացությունների սուղ շարադրանքը)։

Չանդրադառնալով բոլոր ուսումնասիրողներին՝  նշենք, որ ԺԹ դարի 70-ական թվականների երկրորդ կեսին գիտական բանավեճի մեջ ակտիվորեն ներգրավվեց Ք. Պատկանյանը։ Նրա կարծիքով «Աշխարհացոյց»-ը ոչ մի կերպ չի կարող վերագրվել Մովսես Խորենացուն (K.P.Patkanov, Armianskaia geografia VII veka po P.X., SPb. 1877, էջ VIII-IX)։ Քննության առնելով աշխարհագրական երկը՝ նա փորձում էր փաստարկներ բերել ապացուցելու համար «Աշխարհացոյց»-ի Է դարի հուշարձան լինելը։ Պարզելով, որ «Ախշարհացոյց»-ում «Քրիստոնեական տեղագրություն»-ից բերված հատվածների հեղինակ Կոնստանդին Անտիոքացին նույնանում է "Xpistianiae topografia pantos kosmou" աշխատության հեղինակ Կոսմա Հնդկաչուին, հեղինակը գտնում է, որ Է դարի հեղինակի հիշատակությունը «Աշխարհացոյց»-ում արդեն բացառում է վերջինիս Պատմահոր գրչին պատկանելը։ Հեղինակի կարծիքով այն կարող էր ստեղծվել Պարսից արքայից արքա Խոսրով Բ-ի և բյուզանդական կայսր Հերակլի օրոք՝ մինչև արաբական արշավանքները Հայաստան, քանի որ այնտեղ չի արտացոլվում արաբների կատարած հեղաշրջող դերը Առաջավոր Ասիայի կյանքում (Անդ, էջ XII-XIII)։ «Աշխարհացոյց»-ը դասելով Է դարի հուշարձանների շարքին ՝ Ք. Պատկանյանը դրանով իսկ այն ազատում էր մի շարք ժամանակավրեպ տեղեկություններից, քանի որ ըստ նրա Քեռսոնը Է դարում իրոք պատկանել է քրիստոնյաներին, Է դարի հեղինակը կարող էր ֆրանկներին համարել Գալիայի բնակիչներ, Մեծ Հայքի մի քանի աշխարհներ վարչականորեն գտնվել էին Վրաց և Աղվանից մարզպանությունների կազմում, «թուրք» ցեղանունը հայտնի էր Հայաստանում Է դարում և այլն։

Ք. Պատկանյանի մեծ ծառայությունը եղավ այն, որ նա՝  մատնանշելով «Աշխարհացոյց»-ի տեքստի նշանակալից մասի ծաղկաքաղ լինելը Պապոս Ալեքսանդրացու «Երկրագրություն»-ից, հստակ ցույց տվեց հեղինակի ինքնուրույնությունը Մեծ Հայքի, Վիրքի, Աղվանքի և Պարսքի նկարագրության բաժնում։ Ելնելով արդեն այն կանխադրույթից, որ աշխատությունը գրվել է Է դարում՝ Ք. Պատկանյանը, ի նկատի առնելով այն փաստը, որ մինչև Թ դարը հայ հեղինակների շարքում չի հանդիպում մաթեմատիկական գիտություններով զբաղվող մեկ այլ անձնավորություն, ինչպես նաև նրա աշխատություններից մեկում հանդիպող հատվածի ամբողջությամբ պահպանվելը «Աշխարհացոյց»-ում, հավանական է համարում հիշյալ աշխարհագրական երկը, որ հայ մատենագրությունը դարեր շարունակ վերագրում էր Մովսես Խորենացուն, ճանաչել Անանիա Շիրակացու մտքի արգասիք (Անդ, էջ XVIII)։

Ք. Պատկանյանի քննությունը նշանավորում էր նոր փուլ «Աշխարհացոյց»-ի ուսումնասիրության ասպարեզում։ Այդ ուսումնասիրությամբ նա դարձավ հայագիտության մեջ այն ուղղության հիմնադիրը, որի ներկայացուցիչները, ի տարբերություն հիմնադրի ենթադրության կամ թեական կարծիքի, անվերապահորեն «Աշխարհացոյց»-ի հեղինակ հռչակեցին Անանիա Շիրակացուն։ Իր ողջ կարևորությամբ և արժեքով հանդերձ՝ Ք. Պատկանյանի քննությունը զերծ չէր թերություններից և բնավ էլ անխոցելի չէր։ Ըստ էության, քննության հիմք դարձնելով «Աշխարհացոյց»-ի 1843 թ. Վենետիկյան հրատարակությունը՝ նա չփորձեց ուսումնասիրության մեջ ներառնել նա) այլ ձեռագրեր, որի հետ)անքով նրա ուշադրությունից դուրս մնացին բազմաթիվ փաստեր ու իրողություններ, որոնք խոսում էին նրա տեսակետի դեմ, իսկ որոշ հանգամանքներ, որոնք իրենց նպաստն էին բերում հիշյալ փաստաթղթի Ե դարում ստեղծվելու օգտին, այդպես էլ չընկալվեցին և չիմաստավորվեցին նրա կողմից։

«Աշխարհացոյց»-ի ամեն մի քննություն, որ կասկածի տակ էր առնում Պատմահոր հեղինակ լինելը, Վենետիկի Մխիթարյաններին մղում էր նոր հետազոտությունների, որոնք նպատակ ունեին ապացուցելու վերոհիշյալ հուշարձանի Ե դարին վերաբերելը։ 1881 թ. Մխիթարյան միաբան Արսեն Սուքրյանը հրապարակեց «Աշխարհացոյց»-ի ընդարձակ խմբագրությամբ բնագիրը՝ օժտելով այն ոչ մեծ ֆրանսերեն ներածությամբ և կցելով նրան բնագրի ֆրանսերեն թարգմանությունը (Geographie de Moise de Corene d'apres Ptolemee, Texte Armenien, traduit en francais par le P. Arsene Soukry Mekhitariste, Venise, Imprimerie Armenienne, 1881։Ընդարձակ խմբագրության բնագիրն ունի «Աշխարհացոյց Մովսեսի Խորենացւոյ յաւելուածովք նախնեաց» խորագիրը (Վենետիկ,1881)։ Ներածության մեջ բնավ էլ չժխտելով «Աշխարհացոյց»-ում տեղ գտած բազմաթիվ հավելումների և ընդմիջարկությունների առկայությունը, որոնք նա վերագրում է 600-700 թվականներին, Մխիթարյան միաբանը հիշյալ փաստաթուղթն իր ամբողջության մեջ համարում է Ե դարի գործ։ Ա. Սուքրյանը գտնում է, որ հայ աշխարհագետը քայլ առ քայլ հետևել է Պտղոմեոսին, իրողություն, որ երևում է յուրաքանչյուր երկրի նկարագրությունից, դրանց սահմանազատումից, մարդկային բաժանումից և այն անուններից, որ նա տալիս է այդ երկրներից յուրաքանչյուրին։ Նա ևս հակված է Կոնստանդին Անտիոքացուն նույնացնելու Կոսմա Հնդկաչուին, սակայն միաժամանակ ցույց է տալիս, որ Կոնստանդին Անտիոքացու հատվածը «պարունակում է նաև Կոսմայի մի քանի գաղափարների հերքումը և Պտղոմեոսի գովքը» (Անդ, էջ Դ)։ Թվում էր, թե այս հետաքրքիր դիտողությանը կհետևի հեղինակի այն եզրակացությունը, թե Կոնստանդին Անտիոքացուն վերաբերող հատվածները ընդմիջարկություն են, սակայն, ցավոք, նա այդ մտքին այդպես էլ չի հանգում։

Ա. Սուքրյանի հրապարակումից հետո «Աշխարհացոյց»-ի ստեղծման ժամանակի խնդրին կրկին անդրադարձավ Ք. Պատկանյանը ( տե՛ս K.Patkanov, Iz novogo spiska Geografii, pripisyvaemoi Moiseyu Xorenskomu, ZHNNP,1883, chast 226 (iyun), էջ 23), փորձելով ապացուցել, որ ընդարձակ խմբագրությունը նույնպես խոսում է հօգուտ «Աշխարհացոյց»-ի Զ և անգամ Է դարի հուշարձան լինելու։ Ք. Պատկանյանի տեսակետը կիսեց նաև Ա. Գուտշմիդը, որ նախապես «Աշխարհացոյց»-ը թվագրում էր Ե դարով։ Փորձելով հաշտեցնել «Աշխարհացոյց»-ի Է դարում ստեղծվելը և Խորենացու գրչին պատկանելը՝ նա վերջինիս տեղափոխում է Է դար։

Հետագա ուսումնասիրողների մեծի մասը «Աշխարհացոյց»-ի հեղինակ էին համարում Անանիա Շիրակացուն։ Հ. Մարքվարթը, որ դարի սկզբին ենթադրում էր, թե աշխարհագրական երկը ստեղծվել է Է դարի վերջին և Ը դարի սկզբին, նույնպես եկավ այն մտքին, որ նրա հեղինակը Անանիա Շիրակացին է (Jos. Markwart, Suedarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen, Wien 1930, էջ 14,39, 56, 58, 374 և այլն)։ Հետաքրքիր տեսակետով հանդես եկավ գերմանացի նշանավոր հայագետ Հ. Հյուբշմանը, որի կարծիքով «Պատմութիւն Հայոց»-ի և «Աշխարհացոյց»-ի հեղինակները տարբեր անձեր են, ուստի «Պատմութիւն Հայոց»-ի ստեղծման ժամանակը կարելի է որոշել առանց «Աշխարհացոյց»-ն ի նկատի ունենալու, որը գրվել է Պատմահոր երկից շատ ուշ, ամենաշուտը Է դարում (Հ. Հյուբշման, Հին տեղւոյ անունները, թարգմանեց Հ. Բ. Պիլէզիկճեան, Վիեննա, 1907, էջ 263, 267)։ Նիկողայոս Ադոնցը, ձեռնպահ մնալով «Աշխարհացոյց»-ի հեղինակի ինքնության հարցերը քննարկելուց, գտնում էր, որ այն արտացոլում է Հայաստանի Ե դարից հետո ընկած ժամանակաշրջանի վարչական բաժանումը (N.Adonts, Armenia v epoxu Yustiniana,SPb, 1908, էջ 235)։

Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատաումից հետո «Աշխարհացոյց»-ի ուսումնասիրությունը թևակոխեց նոր փուլ։ Կամենալով մեկընդմիշտ լուծել Մովսես Խորենացու առեղծվածը՝  մենագրությամբ հանդես եկավ Հ. Մանանդյանը և հանգեց այն եզրակացության, որ «Աշխարհացոյց»-ը նույնպես պատկանում է Պատմահոր գրչին։ Քննությունը կատարված էր փայլուն, սակայն հետևությունները, որոնց հանգել էր ճանաչված հայագետը, բնավ էլ չէին բխում ուսումնասիրության իրական արդյունքներից։ Հ. Մանանդյանի կարծիքով «Աշխարհացոյց»-ը գրվել է Թ դարում՝ Բագրատունյաց տոհմի ուժեղացման շրջանում։ Հեղինակը հիմնավոր ցույց է տալիս, որ Անանիա Շիրակացին չի կարող լինել «Աշխարհացոյց»-ի հեղինակը, քանի որ վերջինիս և Անանիա Շիրակացու հայացքները աշխարհագրության հարցերում չեն համընկնում։ Այսպես, ըստ «Աշխարհացոյց»-ի հեղինակի, երկրագունդը գնդաձև է, իսկ ըստ Անանիա Շիրակացու՝ քառակողմ հարթություն, «Աշխարհացոյց»-ի մեջ արեգակը փոքր է երկրագնդից, իսկ Անանիա Շիրակացու կարծիքով այն նշանակալից մեծ է երկրագնդից և այլն։

Հ. Մանանդյանի առաջ քաշած տեսակետը ծնեց հակազդեցության ուժեղ ալիք։ Աշ. Աբրահամյանը (Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի հեղինակի հարցի շուրջը, Երևան, 1940), անդրադառնալով «Աշխարհացոյց»-ի հեղինակի խնդրին, կրկին հանգեց այն եզրակացության, որ այն Է դարի գործ է և պատկանում է Անանիա Շիրակացու գրչին։ 1944 թ. նա հրատարակեց «Աշխարհացոյց»-ի համառոտ խմբագրության ձեռագրերից մեկը (Մատենադարանի թիվ 582 ձեռ.), որն ուներ այլ ձեռագրերում չհանդիպող հատվածներ և կարևոր տարընթերցումներ։

«Աշխարհացոյց»-ի քննության ասպարեզում կարևոր աշխատանք կատարեցին Ս. Երեմյանը (Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963) և Թ. Հակոբյանը (Դիտողություններ Է դարի «Աշխարհացոյց»-ի մասին, տե՛ս «Երևանի համալսարանի գիտական աշխատություններ», հ. 43, աշխ. գիտ. սերիա, պրակ 1, 1954)։ Ըստ Ս. Երեմյանի «Աշխարհացոյց»-ը սկզբում եղել է մոտավորապես 15 քարտեզների ժողովածու՝ Ատլաս, որոնց մեջ հիմնականը եղել է իր կողմից վերակազմված Մեծ Հայքի, Կողքիսի, Վիրքի և Աղվանքի քարտեզը։ Հեղինակի կարծիքով  «Աշխարհացոյց»-ի հեղինակը ապրել է Է դարի վերջին և Ը դարի սկզբին և արտացոլել է Հայաստանի վարչատարածքային բաժանումը 591-610 թվականների միջև (անդ, էջ 7)։ Նա միաժամանակ ենթադրում էր, որ հեղինակը Պտղոմեոսի գործին ծանոթացել է ոչ միայն Պապոսի միջոցով, այլև անմիջականորեն։ Հեղինակը միանգամայն իրավացի է, երբ, հենվելով «Աշխարհացոյց»-ի «Մայր եկեղեացն Կաթուղիկէ և մարտիրուհեացն մատրունքն» արտահայտության վրա, ենթադրում է, որ աշխարհագրական երկը կազմվել է այն ժամանակ, երբ դեռ չէին կառուցվել Հռիփսիմեի (618 թ.) և Գայանեի կենտրոնագմբեթ տաճարները (Անդ, էջ 82)։ Հեղինակի եզրակացությունը հստակ է. «Աշխարհացոյց»-ը չի կարող պատկանել Անանիա Շիրակացու աշխատությունների շարքին (էջ 26), սակայն 1980 թ. հրատարակած իր աշխատանքներից մեկում, ի զարմանս ուսումնասիրողների, աշխարհագրական երկի հեղինակ ճանաչեց Անանիա Շիրակացուն (S.T. Eremian, Geografia i kartografia, "Kultura rannefeodalnoi Armenii( IV-VII)"Yerevan 1980, էջ 232)։

Ս. Երեմյանի տեսակետները բնավ էլ միանշանակ ընդունելություն չգտան։ 1965 թ. լույս տեսավ Թ. Հակոբյանի գրախոսությունը, որտեղ, դրվատելով հանդերձ հեղինակի կատարած աշխատանքը՝ նա միաժամանակ փորձում էր հերքել նրա առաջ քաշած տեսակետները։ Գրախոսը «Աշխարհացոյց»-ը դիտում էր ամենից առաջ որպես երկրագրություն և աշխատության հեղինակ էր համարում Անանիա Շիրակացուն։ Հաջորդ ուսումնասիրողներից Մ. Խաչատրյանը, (Է դարի «Աշխարհացոյց»-ի մասին, տե՛ս ՊԲՀ, 1968, թիվ 4, էջ 81-99) որոշ հարցերում համաձայնելով Ս. Երեմյանի հետ, հիմնականում մերժում էր նրա մի շարք կարևոր տեսակետները։ Նրա կարծիքով «Աշխարհացոյց»-ը գրված է եղել 571 և 622 թթ. միջև ընկած ժամանակահատվածում, երբ Անանիա Շիրակացին 10-12 տարեկան էր և գիտական աշխատության հեղինակ լինել չէր կարող։ Այս տեսակետի արձագանքն էլ եղավ Ա. Աբրահամյանի «Աշխարհացոյց»-ի հեղինակի պրոբլեմը» (ՊԲՀ, 1969, թիվ 3, էջ 226-240), որտեղ կրկին նա փորձ արեց հիմնավորել Անանիա Շիրակացու հեղինակ լինելը։ Ընդհանուր առմամբ այդ տեսակետն են կիսել ամերիկացի (ծագումով հայ) ուսումնասիրող Ռոբերտ Հյուսընը (On the Date and Authorship of the Asxarhacoyc, տե՛ս Revue des etudes Armeniennes, Nouvelle serie, tome IV, էջ 423; Introduction to Armenian Historical Geography, տե՛ս Revue des etudes Armeniennes, Nouvelle serie, tome XIII, էջ 77-97), Գ. Պետրոսյանը («Աշխարհացոյց»-ի հեղինակի առեղծվածը, տե՛ս ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր», 1971, թիվ 10, էջ 54-60, Է դարի հայկական «Աշխարհացոյց»-ի մասին, տե՛ս ՊԲՀ, 1979, թիվ 2, էջ 241-246, Է դարի հայկական «Աշխարհացոյց»-ի նոր լուսաբանության մի փորձի մասին, տե՛ս ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», 1986, թիվ 6, էջ 56-59)։ Աշ. Աբրահամյանի և Գ. Պետրոսյանի գիտական համագործակցության արդյունքը եղավ «Աշխարհացոյց»-ի աշխարհաբար թարգմանությունը (Անանիա Շիրակացի, Մատենագրություն, թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա. Աբրահամյանի և Գ. Պետրոսյանի, Երևան, 1979), իսկ Ռոբերտ Հյուսընը հրատարակեց «Աշխարհացոյց»-ի համառոտ և ընդարձակ խմբագրությունների անգլերեն թարգմանությունը (The Geography of Ananias of Shirak (Ashxarhacoyc), The Long and the Short Recentions Introduction, Translation and Commentary by Robert H. Hewsen, Wiesbaden, 1992)։ «Աշխարհացոյց»-ին առնչվող խնդիրների կապակցությամբ հետաքրքիր աշխատություններ են հրատարակել Է.Դանիելյանը, Վ. Բո