ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
բան. գիտ. դոկտ.
Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ
Գ. «ՎԻՊԱՍԱՆՔ»
Դ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՔԱՌՄԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ե. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՈՍԿԵԴԱՐԸ»
ա. Պատմագրություն
բ. Հոգևոր գրականություն
Զ. ՎԵՐԱԾՆՆԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ - ԺԱ-ԺԲ դդ.
Է. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ԺԲ-ԺԳ դդ.
Ը. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ԺԳ-ԺԴ դդ.
Թ. ՄԻՋՆԱԴԱՐ - ԺԵ դ.
Ժ. ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐ - ԺԷ դ.
Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայ հին գրականությունը համաշխարհային գրավոր մշակույթի հետաքրքիր և ինքնատիպ բնագավառներից է։ Նրա ակունքները խոր հնադարում են՝ այն ժամանակներում, երբ հայկական լեռնաշխարհում տոհմերի և ապա ցեղերի միավորման ճանապարհով ձևավորվել է հայությունը՝ իբրև ժողովուրդ ու ազգ։ Այդ գործընթացն ունեցել է մի քանի հազարամյակի տևողություն, և գեղարվեստական միտքն իր արտահայտությունն է ստացել բացառապես բանավոր ճանապարհով՝ որպես նախնական աշխարհայեցողություն ու հավատալիք։ Վաղնջական այդ պատկերացումները վերաբերում են չար ու բարի ոգիներին, հոգու հավատքին, բնության պաշտամունքին և տարերային ուժերի աստվածացմանը, օդերևույթքին ու երկնային լուսատուներին։ Նրանց մեջ երևան է եկել անիմիզմը, ըստ որի՝ բոլոր առարկաներն ընկալվել են մարդկային էությամբ ու բնավորությամբ։ Լուսատուների և օդերևութային շարժումների պատճառ համարվել են դեմոններն ու աստվածները։ Նախնի հայերի պաշտամունքի դրսևորումներից մեկն էլ եղել է տոտեմիզմը՝ սրբազան համարված որևէ կենդանու, բույսի կամ բնության երևույթի աստվածացումը։ Աստվածացնելով՝ պաշտողները նրանց դիտել են որպես իրենց նախնիներ և իրենց էլ կոչել նրանց անունով։Հայկական հնագույն հավատալիքներն ու պաշտամունքը՝ իբրև աշխարհայեցողություն ու կյանքի գեղարվեստական պարզ ընկալում, խոր հետքեր թողնելով բարքերի ու կենցաղի մեջ, շարունակել են հարատևել ու պահպանվել ոչ միայն քրիստոնեական միջնադարում, այլև հասել են մինչև նոր ժամանակներ՝ անշուշտ շատ բան կորցրած իրենց նախնական ամբողջականությունից ու անաղարտությունից, լեզվով նորոգված, կերպարանափոխված ու խավավորված՝ ըստ քրիստոնեական աշխարհայեցողության, միահյուսված պատմակենցաղային բնույթի այլևայլ դրվագների։ Մինչև հինգերորդ դար կենցաղավարելով որպես ավանդական բանահյուսություն՝ այնուհետեւ նրանք ամբողջ միջնադարում այս կամ այն չափով տեղ են գտել հայ մատենագրության մեջ, սովորաբար ժխտման ու մերժման վերաբերմունքով, իսկ հատկապես ԺԹ-Ի դարերում ժողովրդական զրուցաբանների ու բանասացների բերանից գրառվել են ու հավաքվել բանահյուսական - ազգագրական ժողովածուներում։ Այդպիսով, բանահյուսական վաղեմի նմուշները, նրանցում արտահայտված հավատալիքներն ու պաշտամունքը միջնադարում և նոր ժամանակներում իրենց գոյությունը պահպանել են որպես վերապրուկներ։ Անհիշելի ժամանակներից հարատևող հավատալիքների ու պատկերացումների մասին են վկայում հմայական աղոթքները (այսպես կոչված «կապքի աղոթքները», որոնք հետագայում ևս կենցաղավարել են բերանացի ճանապարհով, գրավոր «հմայքները», «հմայակները» կամ «հմայիլները»), հմայական բանաձևերն ու երդմնեցումները, նաև սնահավատական զրույցները։ Դրանք միաժամանակ հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության ամենահին դրսևորումներն են։
Հավատալիքների ու աշխարհի մասին նախնական պատկերացումների համեմատությամբ՝ ավելի հասուն աշխարհընկալման արդյունք են հայ ժողովրդական առասպելները, որոնց պահպանման համար պարտական ենք, մանավանդ, պատմահայր Մովսես Խորենացուն։ Հայկական առասպելաբանության ամենահին գրավոր աղբյուրը Խորենացու «Հայոց պատմություն»-ն է, հատկապես նրա առաջին գիրքը։ Խորենացին նշում է այն սկզբնաղբյուրները, համաձայն որոնց ներկայացրել է առասպելներն ու դիցաբանական զրույցները։ Դրանցից մեկն ասորի Մար Աբաս Կատինայի անունով (կամ թերևս նրան վերագրված) մի մատյան է եղել, իսկ մյուսը՝ հայ ժողովրդական գուսանական երգեր, հայոց նախնիների, նահապետների ու դյուցազունների մասին հերոսական պատումներ, որ կատարել են գուսանները փանդիռի նվագակցությամբ։
Բ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ
Հայկական առասպելաբանության մասին որոշ հիշատակումների ու կցկտուր դրվագների ենք հանդիպում նաև Եզնիկ Կողբացու (Ե դ.) «Եղծ աղանդոց»-ում, պատմիչ Սեբեոսի (Է դ.) աշխատության սկզբում՝ «Հայոց նախնական պատմություն» բաժնում, գիտնական Անանիա Շիրակացու (Է դ.) երկերում, Թովմա Արծրունու (Թ-Ժ դդ.) «Պատմութիւն տանն Արծրունեաց» գրքում և ավելի աննշան չափով՝ ուշմիջնադարյան մի քանի այլ մատենագիրների աշխատություններում։ Հայոց առասպելների վերաբերյալ բուն ժողովրդից բանահյուսական բնույթի առանձին գրառումներ են կատարել բանահավաքները և ուղեգիրները ԺԹ դ. երկրորդ կեսին։ Այդ բոլոր պատումների ու հիշատակումների համադրական ուսումնասիրության և հին արևելքի ժողովուրդների ու հունական առասպելաբանության հետ բաղդատման ճանապարհով է, որ քիչ թե շատ ամբողջական պատկերացում ենք կազմում հայկական առասպելների մասին, որոնց գլխավոր հերոսները, ըստ Խորենացու շարադրանքի ու վերաիմաստավորման, որքան միֆական, նույնքան էլ պատմական կերպարներ են։ Պատմահայրն առասպելներն ընկալել է նրանց պատմական նշանակությամբ՝ իբրև հայոց պատմության այլաբանական վկայություններ՝ ծանրանալով նրանց պատմական ատաղձի վրա և միայն երկրորդաբար խոսելով նաև նրանց միֆական բնույթի մասին։Առասպելները պատմում են Հայկ դյուցազնի, Արամ նահապետի, Տորք Անգեղի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի և Վահագն Վիշապաքաղի մասին։ Գեղապատշաճ ու թիկնեղ, խայտակն ու հաստաբազուկ Հայկը նետ ու աղեղ բանեցնող մի հսկա է, իր նկարագրով հար և նման հունական Օրիոնին, որը համարվել է որսի աստված և Պոսեյդոնի որդին։ Սեբեոսի պատումում Հայկը ևս ներկայացված է որպես որսի աստված։ Հետաքրքիր է, որ հին հայերը նրան համեմատել են նույն Օրիոնի հետ, և պատահական չէ, որ Օրիոն համաստեղության անունն Աստվածաշնչի հայկական թարգմանության մեջ փոխարինված է Հայկ անունով։ Նույն համաստեղության համար Հայաստանի մի քանի կողմերում ևս ժողովուրդը գործածել է Հայկ («Խեկ») անունը։ Բայց առասպելի խորենացիական պատումում Հայկի՝ որսի աստված լինելու իրողությունը մթագնած է. նա հանդես է գալիս որպես հայ ժողովրդի հիմնադիր մեծ նահապետ՝ իր անունը տալով ոչ միայն ժողովրդին, այլև այն երկրին, որ հազարամյակներով կոչվել է Հայաստան (Հայկ - Հայք - Հայաստան)։
Պատմականը՝ ի հակակշիռ առասպելականի, ընդգծված է նաև մյուս դյուցազունների մասին դրվագներում։ Խորենացու պատումներից առանձնապես մեծարժեք է ամպրոպ - կայծակի աստված Վիշապաքաղ Վահագնի մասին դրվագը, որտեղ պատմիչը, գուսաններից լսելով, անփոփոխ բերում է նրա ծննդի մասին երգը՝ «Երկնէր երկին…»։ Դա մի փոքրիկ հատված է, ընդամենը ինը չափածո տող, բայց իր բանաստեղծական գեղեցկությամբ ու նախաստեղծ բնականությամբ համաշխարհային բանահյուսության մեծարժեք գոհարներից է։
Առասպելները հայ ավանդական բանահյուսության զարգացման առաջին հասուն շրջանն են ներկայացրել։ Հայ ժողովրդի պատմության հաջորդ դարերում վիպական բանահյուսությունը հանգում է այն վեպի ստեղծմանը, որը հայտնի է «Վիպասանք» կամ «Երգք վիպասանաց», ինչպես նաև «Թուելեաց երգք» անվանումներով։ Այդ վեպում որոշակի շերտ է կազմել նաև առասպելական տարրը. իզուր չէ, որ Փավստոս Բուզանդ պատմիչը, երևի այդ հանգամանքից ելնելով, բայց հատկապես քրիստոնյայի իր հեգնանքն արտահայտելով «Վիպասանքի» հեթանոսական - աշխարհիկ բովանդակության վերաբերմամբ, այն բնութագրում է որպես «առասպելաց վիպասանութիւն», իսկ Խորենացին նույն միտումով՝ պարզապես «առասպել»։
Գ. «ՎԻՊԱՍԱՆՔ»
«Վիպասանք»-ը պատմագեղարվեստական հայոց քաղաքական վերելքի արտահայտությունն է, երբ հանդես է գալիս բուն հայկական պետականությունը՝ ընդհատումներով իրար հաջորդող երեք թագավորություններով, նախ՝ Երվանդունիներ (մ. թ. ա. Զ դարից), ապա Արտաշիսյաններ (մ. թ. ա. 189 թվականից) և այնուհետև՝ մասամբ վաղ շրջանի Արշակունիներ (մ. թ. 66 թվականից մինչև Գ դ. սկիզբ)։«Վիպասանք»-ը սկզբում մի ամբողջական վեպ չի եղել, այլ գրվել է առանձին դրվագների ձևով։ Դրանք պարզ ու միամիտ բանաստեղծական հորինվածքներ են եղել, վիպական պատումներ՝ հայ ժողովրդի պետականության ստեղծման ճանապարհին հանդես եկած հերոսների ու քաղաքական, ռազմական մեծագործ անհատների, հայ նախարարական տների ծագման, քաղաքների հիմնման, առհասարակ երկրի ու ժողովրդի կյանքում կատարված նշանակալից դեպքերի, պատերազմական գործողությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են հաստատվել իշխող հարստությունները։ Դարերի ընթացքում այդ անջատ դրվագները գումարվել են միմյանց և ավելի վաղ ժամանակներից ավանդված երգերի ու որոշ առասպելական զրույցների հետ միավորվել, կազմել մի ամբողջական ավանդական վիպասանություն (իհարկե, հարաբերական առումով ամբողջական)՝ մի քանի ճյուղերով։ «Վիպասանք»-ի պահպանման համար նույնպես պարտական ենք Մովսես Խորենացուն, որի «Հայոց պատմություն»-ը (բազմաթիվ գլուխներ Ա և Բ գրքերից), եթե բացառենք Գրիգոր Մագիստրոսի (ԺԱ դ.) թղթերից մեկում պահպանված դրվագն Արտաշես արքայի մասին, վեպի գրեթե միակ աղբյուրն է։
Աբեղյանը տարորոշել է «Վիպասանք»-ի ճյուղերը՝ «Մեծն Տիգրան», որին միահյուսված է մարերի թագավոր վիշապազն Աժդահակի առասպելը, «Սանատրուկի վեպ», «Երվանդի վեպ», «Արտաշես և Արտավազդ»։ Դրանց շարքին են պատկանում նաև զրույցները Վարդգես Մանուկի խնամախոսության և օտարության մեջ մեռնող ու հայրենի ծխանի ծուխը տենչացող Արտաշես արքայի (հավանորեն Արտաշես Երրորդ) մասին։ Տիգրանը, որն ըստ Խորենացու պարսից Կյուրոս արքայի ժամանակակից Երվանդ Սակավակյաց հայոց թագավորի որդին է, ինչպես ուսումնասիրություններն են պարզել, իր մեջ միավորում է պատմական երկու դեմքերի՝ նույն Հայկազն Տիգրան Առաջինի և Արտաշիսյան հզոր աշխարհակալ Տիգրան Երկրորդի ռազմաքաղաքական գործունեությունն ու անհատականությունը։ Դա հետևանքն է այն բանի, որ Խորենացին իր տրամադրության տակ չի ունեցել բավականաչափ պատմական սկզբնաղբյուրներ և լիովին վստահել է ժողովրդի մեջ կենցաղավարող «Վիպասանք»-ին՝ հիմք չունենալով Երվանդյան Տիգրանի մեջ տեսնելու և տարանջատելու ժամանակով և գործով միմյանցից տարբեր Տիգրաններին (Երվանդյան եւ Արտաշիսյան)։
Վիպական Տիգրանը տիրակալի կատարելություն է, մեծության խորհրդանիշ, և Խորենացին, վերանալով նրա հեթանոս լինելու իրողությունից, սիրով հանձնվում է ժողովրդական վեպի հերոսական տարերքին։ Իր համար քաղցր է համարում երկրորդել ասքը նախընտրած հերոսի մասին, որը չի արհամարհել նվաստներին և չի նախանձել լավերին, բոլորի գործն ու ծառայությունը կշռել է իր մտքի լծակով և ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը՝ ամբողջ ազգը բարձրացնելով և ազատելով հպատակության լծից, ավելին՝ նրան գերիշխող և տիրապետող դարձնելով ուրիշ ազգերի վրա։ Ինչպես հայտնի է դարձել, Տիգրանի ներբողը կատարելիս՝ Խորենացին օգտվել է Դավիթ անունով ոմն քերթողի բանաստեղծական մեծարժեք գործից՝ «Հիւսումն պիտոյից» կոչված հանգերգությունից, որը, ցավոք, պահպանվել է աննշան մի հատվածով։
«Վիպասանք»-ը քաղաքական մեծ տեղաշարժերի վեպ է։ Երկրի հզորացման իրենց աշխարհաշեն գործունեությամբ են աչքի ընկնում նաև Արտաշես Առաջինն ու նրա հետնորդը՝ Արտաշես Երկրորդը, որն ընդունում է կարգեր ու օրենքներ և կատարում բարենորոգումներ։ Վեպի բովանդակությանը ճոխություն ու գունագեղություն են հաղորդում հայ կյանքի ու կենցաղի տարբեր կողմերը ներկայացնող վիպասանական երգերը, որոնք բնորոշ են այդ վաղ ժամանակներում ապրող ժողովրդին (Ալանների թագավորի դուստր Սաթենիկի խոսքը՝ ուղղված Արտաշես արքային, արքայադստեր առևանգումը, հարսանիքը, Սաթենիկի տենչանքը վիշապազունների առաջնորդ Արգավանի նկատմամբ, Արտավազդի չար բնավորությունը, նրա դժգոհությունը վախճանված հորից, Արտաշեսի անեծքը, Արտավազդի գահավիժումը Մասսի վիհի մեջ և այլն)։ Հակառակ քրիստոնեական ըմբռնման՝ «Վիպասանք»-ում, ինչպես առասպելներում, ընդգծվում են հերոսների մարմնական կատարելությունը և ուժը, նրանց անօրինակ սխրանքները՝ իբրև արդյունք հաղթ բազուկների արագ ու հաջողակ շարժումների։ Նրանք գեղատես են «անձնեայ եւ թիկնաւէտ», «գեղեցկոտն, քաջահասակ», միաժամանակ նաև հոգով գեղեցիկ ու անվախ, իմաստուն, պերճախոս, արդարադատ ու շինարար։ «Վիպասանք»-ից Խորենացու բառացի վկայակոչած չափածո հատվածներն աչքի են ընկնում նախնյաց գրաբար հայերենի հարստությամբ ու մշակվածությամբ, ճաշակավոր պատկերներով ու համեմատություններով։
Մանուկ Աբեղյանը հայ հին գրականության զարգացման ընթացքը բաժանում է երեք մեծ պարբերաշրջանի՝ իրավացիորեն առաջին շրջան համարելով հայ ժողովրդի անգիր ժամանակների ստեղծագործությունը և այն բնութագրելով որպես «Նախնական առասպելապատմական բանահյուսություն» (հնագույն դարերից մինչև Դ.)։Հաջորդ ժամանակների գրականությունը, որը համեմատաբար կարճ ժամանակ անց ձեռք է բերել իր լիարժեք դրսևորման միջոցը՝ գիրը, գիտնականը դիտում է երկու մեծ շրջանով՝ «Եկեղեցա - քաղաքական մաքառման գրականություն» ((Գ-ից մինչև Ժ դ-ի վերջերը) և «Վերածնության գրականություն» (ԺԱ դարից մինչև ԺԷ դարի վերջերը)։ Այդ պարբերացումը հիմնավորված է և յուրաքանչյուր շրջանի համար ճիշտ է արտահայտում գրականության զարգացման գաղափարական միտումներն ու սլացքը, գեղարվեստական առանձնահատկությունները։
Դ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՔԱՌՄԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քրիստոնեական եկեղեցին Հայաստանում ամրապնդեց ավատատիրական կարգը, ինքն էլ, կենտրոնական թագավորական իշխանության կողքին, դարձավ հզոր ուժ՝ նպաստելով թագավորական տան կայունացմանն ու ամրապնդմանը, բայց հաճախ էլ իր շահերի համար բախման մեջ մտնելով Արշակունի գահակալների հետ՝ խրախուսելով և օժանդակելով հայ իշխանական տների ապստամբ ընթացքին և կենտրոնախույս ձգտումներին։ Ավելի քան 150-ամյա մի շրջանում հայ ժողովուրդը մաքառեց պարսկական ծավալման, մյուս կողմից՝ Արևելա - Հռոմեական կայսրության դեմ, որն ամեն կերպ ձգտում էր Հայաստանը պահել իրեն ենթակա վիճակում։ Ուժերն անհավասար էին, և ամեն ինչ ավարտվեց Արշակունյաց Հայաստանի բաժանմամբ երկու մասի՝ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև (387 թ.), ըստ որում փոքր մասն անցավ առաջինին, իսկ անհամեմատ մեծ բաժինը՝ Սասանյան Պարսկաստանին։
Այդ երկարատև մաքառման շրջանում կյանքի կոչվեց մեր հաջորդ ժողովրդական վեպը, որ ընդունված է անվանել «Պարսից պատերազմ»։ Այն նույնպես բանավոր ճանապարհով է ստեղծվել, բայց գրառվել է համեմատաբար կարճ ժամանակ անց՝ Ե դարում։ Նրա ամբողջությունը պահպանվել է հայ վաղ պատմիչների գործերում՝ «Ագաթանգեղա պատմության» և, մանավանդ, Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ։ Վերջինը բուն ժողովրդական վեպին հարազատ է մնացել այնքան, որ «Ագաթանգեղա պատմության» մի շարք հատվածների հետ՝ ավելի մեծ համարձակությամբ Աբեղյանը, ազատ բանաստեղծության սկզբունքներով, չափածո տողատմամբ է ներկայացրել նրա ավելի բազմածավալ մասերը։ Վեպին քաջածանոթ է եղել և նրանից գիտնականի իր զուսպ չափավորությամբ օգտվել է Մովսես Խորենացին։ Հետագայում Է դ. պատմիչ Սեբեոսն իր աշխատության մեջ ուշադրության է արժանացրել այնպիսի հերոսական դրվագներ ու էպիկական հերոսների (Մուշեղ Մամիկոնյան, Սմբատ Բագրատունի, Թեոդորոս Ռշտունի), որոնք թեպետև ուղղակիորեն կապվում են Զ-Է դդ. պատմության հետ, սակայն ակնհայտորեն վիպական գունավորում ու հերոսական բնավորություն են ստացել Գ-Դ դդ. բանահյուսական պատումների ազդեցությամբ։ «Պարսից պատերազմ» վեպի հետքերն ու նրա հետ նմանությունները նկատելի են նաև ավելի ուշ ձևավորված «Տարոնո պատերազմ» վեպում, որի գրավոր աղբյուրը Հովհան Մամիկոնյանի (Ը դ.) «Պատմութիւն Տարօնոյ» գիրքն է։
«Պարսից պատերազմ»-ը մեզ տալիս է որքան ողբերգական, նույնքան էլ հերոսական ժամանակների հայ կյանքի պատկերը։ Նրա մեջ իշխում է հայրենասիրության ոգին։ Նույնքան տիրական է ու զորեղ նաև քրիստոնեական գաղափարախոսությունը։ Վեպի վաղ շրջանը, որ իր անդրադարձն է գտել «Ագաթանգեղա պատմության» մեջ, առավելապես հեթանոսության (հանձին Տրդատ արքայի) և քրիստոնեության (հանձին Գրիգոր Լուսավորչի) բախումն է արտահայտում, որն ավարտվում է նոր, ճշմարիտ հավատքի հաղթանակով։ Վեպում հայ ժողովրդի հայրենասիրության և հերոսականության կրողը Մամիկոնյան քաջակորով սպարապետներն են, հայ պետականության պահպանմանն ու ամրապնդմանը նախանձախնդիր այն գործիչները, որոնց համար անձնազոհությունն ու նվիրումը բարձրագույն բարոյական պարտականություններ են։ Նրանք անդավաճան ծառայում են իրենց «բնակ» տերերին՝ Արշակին, Պապին և Արշակունի մյուս թագավորներին։ Խաղաղ պայմաններում մեռնելը նրանց համար վատթար մահ է։ Նրանց երազանքն է զոհվել ձիու վրա, ռազմի դաշտում, հայրենական կռվի մեջ։ Այդպիսիք են առանձնապես Վասակ Մամիկոնյան սպարապետը, նրա հետնորդներ Մուշեղ և Մանվել զորավարները։
«Պարսից պատերազմ» վեպում՝ առանձնապես փավստոսյան պատումներում, կան էպիկական այնպիսի վիպասքեր, որոնք աչքի են ընկնում գործողությունների դրամատիկ լարվածությամբ, սուր բախումներով, հերոսների արարքների հոգեբանական պատճառաբանությամբ։ Այդպիսիք են Տիրանի սքանչելի նժույգի հետ կապված պատումը, Գնել - Տիրիթ - Փառանձեմ - Արշակ վեպը, Շապուհի կողմից Արշակ թագավորին փորձելու, Վասակին սպանելու և հայոց թագավորին անդառնալի աքսորի դատապարտելու պատմությունը, Պապի և Մուշեղի նկատմամբ արյունոտ դատաստան տեսնելու դրվագները և այլն։
«Պարսից պատերազմ» վեպը՝ զարմանք հարուցող բանահյուսական հիպերբոլիզմով հանդերձ, «Վիպասանքի» համեմատությամբ ավելի իրապատում ստեղծագործություն է և հեռու առասպելական տարրերից։
Հայոց Ե դարն սկսվեց ժողովրդի կյանքում եկեղեցական ու մշակութային գործունեության համար մեծանշանակ իրողությամբ. ստեղծվեց հայկական գիրը (405-406 թթ.)։ Հանճարեղ Մեսրոպ Մաշտոցի գյուտը, ինչ խոսք, կյանքի է կոչվել անմիջականորեն հայ եկեղեցու պահանջով ու խթանումով՝ ավարտի հասցնելու համար ժողովրդի քրիստոնեական լուսավորությունը, բայց նրա դերը շատ ավելին եղավ, քան կանխամտածված էր։ Հայ միտքը, բանավոր խարխափումներից ձերբազատվելով, ձեռք բերեց հաստատագրման իր զորավոր միջոցը՝ գրով առարկայանալու և սերունդների բանական զարգացմանն ու ընթացքին ծառայելու հնարավորությունը։ Հետագայում Մաշտոցի գիտական սխրանքն այսպես պիտի գնահատեր Ներսես Շնորհալին.
Զբանին ակոսն պատառեալ,
Զիմաստութիւնն սերմանեալ։
Զիմաստութիւնն սերմանեալ։
Գյուտից քիչ անց իսպառ դադարեց գոյություն ունենալ Արշակունյաց թագավորությունը նաև Հայաստանի՝ Պարսկաստանին ենթակա բաժնում (428 թ.)։ Այդ պայմաններում հայալեզու գրավոր խոսքը, դպրոցը, գիրքը, մատենագրությունը հանձնառու եղան արթուն պահելու հայի ոգին, բորբոքելու նրա ազգային ինքնագիտակցությունն ու քաղաքական զգոնությունը, պահպանելու հայրենի հինավուրց ավանդները, ամրապնդելու քրիստոնեական հավատը՝ ազգին ծառայելու և նրա հոգևոր ինքնուրույնությունն ապահովելու դիտակետից։
Մատենագրությունն սկզբնավորվեց թարգմանության ճանապարհով։ Իրագործվեց թարգմանչական աշխատանքի մի լայնարձակ ծրագիր՝ եկեղեցու հսկողությամբ և հայ կյանքի պահանջներով։ Առաջին մատենագիրները (Մաշտոց, Սահակ Պարթև, Եզնիկ Կողբացի, Կորյուն և ուրիշներ) նաև մեր առաջին թարգմանիչները դարձան, որոնց գործը, ըստ ամենայնի, արժևորեց եկեղեցին, սրբացրեց նրանց անունը և սահմանեց «Սուրբ թարգմանչաց տոնի» օրեր (տարվա մեջ երկու անգամ)։ Հինգերորդ դարի թարգմանական հարուստ գրականությունը ասորական և, հատկապես, հունական մշակույթի ավանդները փոխանցեց հայ մատենագրությանը և էապես կանխորոշեց նրա բովանդակային ընդգրկումներն ու ժանրային համակարգը։ Փոխառվածը դպրոց դարձավ հայ գրչի մշակների համար, բայց հայ գրականությունն արգասավորվեց հայ կյանքի իրողություններով ու հայկական աշխարհընկալման յուրահատկությամբ։ Սուրբ Գրքի կրկնակի թարգմանությունը (նախ՝ ասորական Պեշիտտայից, ապա Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովից անմիջապես հետո՝ հունական «Յոթանասնից» կոչված խմբագրությունից) դասական հայերենի տոհմիկ ու ճոխ բառապաշարի և ոճական - արտահայտչական հնարավորությունների քննությունը եղավ՝ հիրավի ոսկեդարյան մակարդակով։ Աստվածաշնչի՝ մեզ հասած գրաբար ընկալյալ բնագիրը զարմանք է հարուցում հայերենի իր կատարելությամբ և իզուր չէ, որ արևելագետ Լակրոզը, նկատի ունենալով Ծննդոց գրքի և մի քանի այլ բաժինների թարգմանությունը, այն անվանել է «Թագուհի թարգմանությանց»։
Ե դարում ստեղծված թարգմանական և ինքնուրույն մատենագրական մեծահարուստ ժառանգության մեջ իր ճոխությամբ ու նշանակությամբ առաջնային դերը, անշուշտ, պատկանում է հայ պատմագրությանը։ Պատմությունն այն համապարփակ ժանրն էր, որի մեջ համատեղում էին մատենագրական տարբեր տեսակներ, ի թիվս որոնց՝ գեղարվեստական ու ճարտասանական տեսակները (թուղթ - ուղերձ, վարք ու վկայաբանություն, չափածո հորինվածք ու ոտանավոր, բանահյուսական մեջբերումներ, աղոթք ու ողբ, բնության, ռազմական գործողությունների ու բնակատեղիների գեղարվեստական նկարագրություններ և տեսարաններ, ճառեր, բանաստեղծական-փիլիսոփայական խորհրդածություններ և այլն)։ Պատմագիրքն այդ առումով համադրական ստեղծագործություն է՝ առավելապես պատմական սևեռումով, իսկ պատմիչն էլ՝ միաժամանակ գեղագետ ու գրող։ Գեղարվեստական բաղադրիչներն ու միջոցները նպաստել են կենսունակություն ու զգացմունքային լիցքեր հաղորդելու պատմությանը և պատմական դեմքերին, որոնք կցկտուր ու հապճեպ ներկայացվելու դեպքում անգամ հանդես են բերում կերպարային հ&
