ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
բան. գիտ. դոկտ.
Ա. ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՈՒՄԸ
ա. Դասական թարգմանություններ (ողջ Ե դ.)
բ. Հունաբան դպրոցի թարգմանություններ (Ե դ. վերջ - Ը դ. սկիզբ)
գ. Կիլիկյան շրջանի թարգմանություններ (ԺԲ - ԺԳ դդ.)
դ. Միարարական (ունիթոռական) միջավայրի թարգմանություններ (ԺԴ դ.)
ե. Ուշմիջնադարյան թարգմանություններ (ԺԷ-ԺԸ դդ.)
Բ. ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ
ա. Ե - Ը դարերի թարգմանիչներ
բ. ԺԲ - ԺԳ դարերի թարգմանիչներ
գ. ԺԷ - ԺԸ դարերի թարգմանիչներ
Գ. ՓՐԿՎԱԾ ՄԱՏՅԱՆՆԵՐ
Դ. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՈՒՄԸ
Հայ թարգմանական գրականության պատմությունն իրենից ներկայացնում է մի անընդհատ շղթա, որը, բնականաբար, ունեցել է իր վերելքի և վայրէջքի դարաշրջանները՝ պայմանավորված մշակույթի ընդհանուր զարգացման օրինաչափություններով։ Ընդգրկած երկերի բնույթով, հետապնդած նպատակներով և թարգմանչական սկզբունքներով իրարից որոշակիորեն տարբերվում են հայ թարգմանական գրականության ծաղկման հետևյալ հինգ շրջանները, որոնց պարբերացումը կատարված է մի կողմից ժամանակագրական, մյուս կողմից՝ պատմամշակութային հատկանիշների հաշվառման հիման վրա։ա. Դասական թարգմանություններ (ողջ Ե դ.)։
բ. Հունաբան դպրոցի թարգմանություններ (Ե դ. վերջ - Ը դ. սկիզբ)։
գ. Կիլիկյան շրջանի թարգմանություններ (ԺԲ - ԺԳ դ.դ.)։
դ. Միարարական (ունիթոռական) միջավայրի թարգմանություններ (ԺԴ դ.)։
ե. Ուշմիջնադարյան թարգմանություններ (ԺԷ - ԺԸ դ.)։
Ինչպես տեսնում ենք, սույն դասակարգումից դուրս են մնում Ը դարի սկզբից մինչև ԺԱ դարն ընդգրկող ժամանակահատվածը և ԺԵ - ԺԶ դարերը, որոնք կարելի է բնորոշել որպես թարգմանական գրականության անկման շրջաններ։
Դասական շրջանի թարգմանությունները կոչված էին բավարարելու սկզբնավորվող հայ մատենագիտության առաջնահերթ պահանջները, ապահովելու եկեղեցու գաղափարական և արարողական գործունեությունն ու կրթական գործի կազմակերպումը։ Այդ պատճառով առաջին հայ թարգմանիչների գործերում նկատվում է մի այնպիսի նպատակասլացություն, որը, գերմանացի հայագետ Ֆ. Ֆինկի բնորոշմամբ, իրավացիորեն կարելի է անվանել «մշակույթի փոխանցման գիտակցված ծրագիր»։ Այդ ծրագիրը պահանջում էր թարգմանել նախ և առաջ Աստվածաշունչը, այնուհետև արարողական գրքերը, հայրաբանական երկասիրությունները, մեկնողական և ջատագովական աշխատությունները, եկեղեցական պատմություններն ու կանոնները, վարքերն ու վկայաբանությունները, այսինքն՝ քրիստոնեական գիտելիքների այն ամբողջությունը (բիբլիկա, լիտուրգիկա, պատրիստիկա, հերմենևտիկա, ապոլոգետիկա, հիստորիա, կանոնիկա, հագիոգրաֆիա), որն անհրաժեշտ էր հայոց եկեղեցու անմիջական կարիքների բավարարման և հայ ազգային մատենագրության զարգացման համար։
ա. Դասական թարգմանություններ
Ե դարից մեզ հասած բազմաքանակ և տարաբնույթ թարգմանական հուշարձանները ցույց են տալիս, որ հայ մատենագրության հիմնադիրները լիովին իրագործել են իրենց առջև դրված խնդիրը՝ թարգմանություններ կատարելով բյուզանդական և ասորական քրիստոնեական գրականությունների նշված բոլոր բնագավառներից։ Հայ թարգմանական գրականության հնագույն, պատմամշակութային և գիտական տեսակետից՝ ամենակարևոր հուշարձանը Աստվածաշունչն է, որը, ինչպես պարզված է, իր վերջնական տեսքն ստացել է Ե դարի 30-ական թվականներին։ Թափանցելով հայ ժողովրդի հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ Աստվածաշնչի թարգմանությունն իր որոշակի կնիքն է դրել ողջ հայկական մշակույթի՝ գրականության, արվեստի, գիտության և նույնիսկ ժողովրդական բանահյուսության վրա։
![]() |
| Երզնկայի Ավետարան, ձեռ. 10359, էջ 9բ, 1201 թ. |
Աստվածաշնչից հետո առաջին հայ թարգմանիչները հայերեն են թարգմանել քրիստոնեական եկեղեցու ամենաականավոր հեղինակությունների, այսպես կոչված՝ սուրբ հայրերի երկերը, որոնց թվում կարելի է հիշատակել Աթանաս Աղեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եվսեբիոս Եմեսացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Սեբերիանոս Գաբաղացու, Կյուրեղ Աղեքսանդրացու, Եվագրոս Պոնտացու, Կյուրեղ Երուսաղեմացու մեկնությունները, ճառերը և կանոնները, Արիստիդես Աթենացու, Հիպողիտեսի և Եպիփան Կիպրացու ջատագովություններն ու հակաճառությունները, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ն ու «Քրոնիկոն»-ը, Ափրահատ Զգոնի, Զենոբ Ամդեցու, Այիթալա Եդեսացու քարոզներն ու թղթերը, Մարութա Նփրկերտցու վկայաբանական ժողովածուն, ինչպես նաև մի շարք ծիսական գրքեր՝ Պատարագամատույց, Ժամագիրք, Ճաշոց և այլն։
Այս պարզ թվարկումն իսկ որոշակի պատկերացում է տալիս առաջին հայ թարգմանիչների
![]() |
| Եվսեբիոս Կեսարացի «Քրոնիկոն» (Ժամանակագրություն), ձեռ. 1904, էջ 61բ, ԺԳ դ. |
Ե դարի հայերեն թարգմանությունները կատարվել են բացառապես երկու լեզվից՝ ասորերենից և հունարենից, ընդ որում՝ ասորերենից կատարված թարգմանությունները ժամանակով նախորդել են հունարենից կատարված թարգմանություններին, թեև իրենց ընդգրկմամբ և ծավալով բավականին զիջում են վերջիններիս։ Ասորերենից և հունարենից կատարված թարգմանություններն իրենց լեզվամտածողությամբ, ոճով և բառապաշարով նկատելիորեն տարբերվում են իրարից, որ հիմք է տվել որոշ հետազոտողների Ե դարում զանազանել թարգմանական երկու դպրոց՝ ասորական և հունական։ Սակայն պատմագիրների կողմից հավաստված այն փաստը, որ միևնույն հեղինակները՝ Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին և ուրիշներ, թարգմանություններ են կատարել և՛ հունարենից, և՛ ասորերենից, ավելորդ է դարձնում նման հարցադրումը։ Իսկ հունարենից և ասորերենից կատարված թարգմանությունների աչքի ընկնող ոճական տարբերությունները բացատրվում են ոչ թե զանազան թարգմանական դպրոցների առկայությամբ, այլ այդ երկու լեզուների որոշակի առանձնահատկություններով։
Դասական շրջանի գլխավոր թարգմանչական սկզբունքը եղել է բնագրի հարազատ, բայց ոչ ստրկական վերարտադրությունը, որը հնարավորություն էր տալիս առանց մեղանչելու հայոց լեզվի օրինաչափությունների դեմ ճշգրիտ կերպով արտահայտել բնագրի բովանդակությունը և իմաստային երանգները։ Ե դարի հայկական թարգմանությունները, որպես կանոն, աչքի են ընկնում լեզվի հարստությամբ ու մաքրությամբ և սահուն, նրբաճաշակ ոճով։
Ուսումնասիրողներից շատերը հայ թարգմանական գրականության դասական շրջանը սովորաբար սահմանափակում են 405-406 թվականներով՝ առաջնորդվելով, այսպես կոչված՝ ոսկեդարյան հայերենի գործածության ընդունված շրջանակներով։ Սակայն, իրականում, դասական բնույթի թարգմանությունները շարունակվել են ոչ միայն ընդհուպ մինչև Ե դարի վերջը, այլև, ամենայն հավանականությամբ, գոյատևել են նաև հետագայում՝ հունաբան դպրոցի թարգմանություններին զուգահեռ։
Հայ թարգմանական գրականության զարգացման երկրորդ շրջանում եկեղեցական երկերն իրենց տեղը զիջում են ավելի տեսական՝ դավանաբանական և փիլիսոփայական բնույթի հուշարձանների թարգմանություններին, ինչը կապված էր հայ իրականության նոր պահանջմունքների՝ անտիկ փիլիսոփայության և գիտության նվաճումների յուրացման անհրաժեշտության հետ։ Այդ շրջանում հունաբան դպրոցի ներկայացուցիչների ջանքերով հայերեն են թարգմանվում Դիոնիսիոս Թրակացու «Քերականությունը», Աֆտոնիոսի «Պիտոյից գիրքը», Թեոն Աղեքսանդրացու «Ճարտասանական վարժությունները», Պորփյուր Փյունիկեցու «Արիստոտելի ստորոգությունների ներածությունը», Արիստոտելի և Պլատոնի աշխատությունները, նորպլատոնական իմաստասերների՝ Յամբլիքոսի և Դավիթ Անհաղթի փիլիսոփայական մեկնությունները, Գրիգոր Նյուսացու և Նեմեսիոս Եմեսացու մարդակազմական երկերը, Փիլոն Եբրայեցու, Իրենեոս Լուգդոնացու, Տիմոթեոս Կուզի, Դիոնիսիոս Արեոպագացու դավանաբանական և աստվածաբանական երկասիրությունները և այլն։ Նշված թարգմանական հուշարձաններն ընդգրկում են գիտությունների դասակարգման միջնադարյան ըմբռնման բոլոր բնագավառները՝ քերականությունը, ճարտասանությունը, փիլիսոփայությունը, բնագիտությունը և աստվածաբանությունը, որ վկայում է հունաբան դպրոցի ներկայացուցիչների հետևողական և նպատակադրված գործունեության մասին։
Հայագիտության մեջ զգալի աշխատանք է կատարվել հունաբան դպրոցի թարգմանությունների դասակարգման և թվագրման ուղղությամբ։ Նորագույն դասակարգումը, որը պատկանում է փիլիսոփայության պատմաբան Ս. Արևշատյանին և որտեղ հաշվի են առնված նախորդ հետազոտողների հիմնական եզրակացությունները, ներկայացնում է հունաբան թարգմանությունների հաջորդականության հետևյալ պատկերը. I ենթաշրջան (450-480-ական թթ.), II ենթաշրջան (480-510-ական թթ.), III ենթաշրջան (510-600-ական թթ.), IV ենթաշրջան (610-710-ական թթ.)։ Հունաբան դպրոցի հնագույն թարգմանությունն է համարվում Դիոնիսիոս Թրակացու «Քերականություն»-ը, իսկ ժամանակով վերջինը՝ Դիոնիսիոս Արեոպագացու աստվածաբանական-փիլիսոփայական երկասիրությունների թարգմանություններն են։
Քերականական և փիլիսոփայական աշխատությունների թարգմանության ընթացքում, բնականաբար, ի հայտ է գալիս համապատասխան գիտական հասկացությունների հայերեն համարժեքների ստեղծման խնդիրը, որը հունաբան դպրոցի թարգմանիչները լուծում են արհեստական ճանապարհով՝ բառապատճենումների և նորաստեղծ նախածանցների օգնությամբ։ Դրանով հունաբան թարգմանությունները, Հայաստանում անտիկ մշակույթի տարածմանը և հայ միջնադարյան փիլիսոփայության ու գիտության զարգացմանը նպաստելուց բացի, նշանակալից դեր են խաղացել նաև հայոց լեզվի գիտական տերմինաբանության ստեղծման գործում։ Այնպիսի նախածանցներ, ինչպիսիք են, օրինակ՝ ապ, առ, գեր, ենթ, հակ, ստոր, մակ, տար, տրամ, փոխ, ներ և այլն, որոնք այնքան սովորական են ժամանակակից հայերենում և այսօր էլ կազմում են նրա գիտական բառաստեղծման էական տարրը, առաջին անգամ հունարենի նմանողությամբ շրջանառության մեջ են դրվել հունաբան դպրոցի գործիչների կողմից։
բ. Հունաբան դպրոցի թարգմանություններ
Հունաբան դպրոցի ներկայացուցիչները` ի տարբերություն դասական շրջանի թարգմանիչների, առաջնորդվում էին բնագրի բառացի, նյութական վերարտադրության սկզբունքով, այդ պատճառով նրանց կատարած թարգմանություններին բնորոշ են խրթին ոճը և հայոց լեզվին խորթ շարադասությունը։ Սակայն հայ մշակույթը, յուրացնելով հունաբան դպրոցի բերած դրական արդյունքները, ժամանակի ընթացքում կարողացավ ազատվել նրա բոլոր ծայրահեղություններից։
Ինչպես վերը նշեցինք, Ը-ԺԱ դարերը հայ թարգմանական գրականության պատմության մեջ բնորոշվում են որպես անկման դարեր։ Դա բացատրվում է ոչ միայն այդ շրջանից մեզ հասած թարգմանությունների համեմատաբար փոքր քանակով, այլև միասնական
![]() |
| Եվկլիդես «Երկրաչափություն», ձեռ. 8132, էջ 182բ, ԺԴ դ. |
Ժ դարի թարգմանություններից հիշատակության արժանի են Հովհաննես Դամասկացու «Իմաստասիրության ներածություն» աշխատությունը (թարգմանիչ՝ Բագրատ Մամիկոնյան) և Հովսեփ Կոստանդնուպոլսեցու թարգմանած բյուզանդական Հայսմավուրքը, որի հիման վրա հետագայում կազմվեցին հայկական Հայսմավուրքի զանազան խմբագրությունները։ ԺԱ դարում թարգմանության բնագավառում զգալի աշխատանք է կատարում Գրիգոր Մագիստրոսը՝ հունարենից հայերեն թարգմանելով Եվկլիդեսի «Երկրաչափություն»-ը և Պլատոնի «Ֆեդոն» և «Տիմեոս» տրամախոսությունները։ Իսկ ԺԱ դարի վերջում և ԺԲ դարի սկզբում թարգմանչական լայն գործունեություն է ծավալում նրա որդին՝ հայոց կաթողիկոս Գրիգոր Վկայասերը, հունարենից և ասորերենից թարգմանելով տասնյակ վարքեր ու վկայաբանություններ և դրանցով հարստացնելով հայկական վարքագրական գրականությունը։
գ. Կիլիկյան շրջանի թարգմանություններ
Կիլիկյան շրջանում դժվար է բացահայտել թարգմանչական գործունեության նույնպիսի հետևողականություն և նպատակադրված ընդգրկում, ինչպես դասական և հունաբան թարգմանությունների դեպքում, սակայն որոշ յուրահատկությունների առկայությունը հիմք է տալիս այն առանձնացնելու՝ որպես հայ թարգմանական գրականության զարգացման մի նոր հանգրվան։ Այս շրջանի ամենաբնորոշ երևույթը գործնական գիտելիիքների՝ քաղաքացիական իրավունքի, բժշկության, գյուղատնտեսության նկատմամբ եղած հետաքրքրությունն է, որը բխում է Կիլիկյան պետության անմիջական կարիքներից։ Այդ կարիքները բավարարելու նպատակով ԺԲ-ԺԳ դարերում ասորերենից, հունարենից, հին ֆրանսերենից և արաբերենից հայերեն են թարգմանվում Ասորա-հռոմեական դատաստանագիրքը, Բյուզանդական օրենքների ժողովածուն, «Անտիոքի ասիզները», Աբուսայիդի և Իշոխ քահանայի արևելյան աղբյուրների հիման վրա կազմված բժշկագիտական և մարդակազմական աշխատությունները, միջնադարի գյուղատնտեսական գիտելիքների հանրագիտարան հանդիսացող «Վաստակոց գիրքը», Ֆարաջ Ասորու «Բժշկարան ձիոյ» անասնաբուծական ձեռնարկը և այլն։ Ըստ մի թանկարժեք ձեռագրական հիշատակարանի՝ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի պատվերով հայերեն են թարգմանվում նաև պողպատաձուլությանը, ձիադարմանությանը, թրագործությանը և աստղագիտությանը նվիրված գրքեր։
Մասամբ շարունակվում են նաև դասական շրջանի թարգմանական ավանդույթները. թարգմանվում են նորանոր վարքեր, վկայաբանություններ, ճառեր և մեկնություններ։ Շարունակելով Գրիգոր Վկայասերի գործը՝ Ներսես Լամբրոնացին, հին և նոր թարգմանությունների խմբագրությամբ, կազմում է «Վարք հարանց» ժողովածուն և հունարենից թարգմանում Գրիգոր Պապի «Իտալիայում գործած զանազան հայրերի վարքի մասին» համաբնույթ գրվածքը։ Լամբրոնացին կատարել է նաև եկեղեցական կանոնների, թղթերի, մեկնությունների ու ծիսական գրքերի մի շարք այլ թարգմանություններ։ ԺԲ դարում թարգմանական գրականության բնագավառում աչքի ընկնող դեր են խաղում նաև Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսը և նրա եղբայր Ներսես Շնորհալին։
Ասորիքի անմիջական հարևանությունը և Կիլիկիայում ասորի բնակչության առկայության հանգամանքը նպաստում են ասորական գրականության բազմաթիվ հուշարձանների, այդ թվում՝ Հակոբ Սրճեցու տասնյակ ճառերի ու ներբողյանների, Միքայել Ասորու «Ժամանակագրության», Դանիել Սալախացու «Սաղմոսաց մեկնության», Եփրեմ Ասորու, Բարսումա Ճգնավորի, Սարգիս զորավարի վարքերի ու վկայաբանությունների թարգմանությանը։ Ասորական գրականության որոշ նմուշներ այս շրջանում հայերեն են թարգմանվում նաև հունարենից, ինչպես Եփրեմ Ասորու «Կտակը» և նրա ճառերից մի քանիսը։
Կիլիկիայում կիրառության մեջ է մտնում թարգմանական գործունեության մի նոր եղանակ, որի սկզբնավորումը կապվում է Գրիգոր Վկայասերի անվան հետ։Թարգմանությունները սովորաբար կատարվում են օտար և հայ հեղինակների համագործակցությամբ, այսինքն՝ հույն և ասորի թարգմանիչները կատարում են բնագրերի տողացի թարգմանությունը, իսկ հայ խմբագիրներն իրագործում են դրանց գրական վերամշակումը։ Այդ պատճառով հայերեն թարգմանությունները բնագրական տեսակետից երբեմն բավականին հեռանում են իրենց նախօրինակներից և փաստորեն դառնում նրանց ազատ փոխադրությունը։
Կիլիկյան շրջանի թարգմանություններն աչքի են ընկնում ևս մի ուշագրավ առանձնահատկությամբ. եթե եկեղեցական գրականության հուշարձանները՝ վարքերը, վկայաբանությունները, ճառերն ու մեկնությունները թարգմանվում են դասական գրաբարով, ապա գործնական կիրառության համար նախատեսված թարգմանությունները, ինչպես՝ «Անտիոքի ասիզները», «Վաստակոց գիրքը», Ֆարաջ Ասորու «Ձիաբուծարանը», բժշկագիտական աշխատությունները և այլն, կատարվում են ժողովրդին հասկանալի միջին հայերենով։
ԺԳ դարում թարգմանական գործի որոշ աշխուժացում է նկատվում նաև բուն Հայաստանի հյուսիսային նահանգներում, որոնք գտնվում էին վրաց պետականության ազդեցության ոլորտում։ Սիմեոն Պղնձահանեցու ջանքերով վրացերենից հայերեն են թարգմանվում Պրոկղ Դիադոխոսի «Շաղկապք աստվածաբանականք», Հովհաննես Դամասկացու «Աղբյուր գիտության», Հովհաննես Սինայեցու «Սանդուղք աստվածային ելից» երկերը, ինչպես նաև «Վրաց պատմությունը» և «Հունական ժամագիրք»-ը։ Վրացադավան հայերի միջավայրի գրական այս արտադրանքները, սակայն, իրենց բնույթով և հետապնդած նպատակներով որոշակիորեն տարբերվում են կիլիկյան թարգմանություններից և կապվում հաջորդ՝ միարարական շրջանի թարգմանությունների հետ։
դ. Միարարական (ունիթոռական) միջավայրի թարգմանություններ
Միարարական միջավայրի թարգմանությունները՝ ի տարբերություն նախորդ շրջանների թարգմանությունների, որոնք բխում էին հայոց հոգևոր մշակույթի ներքին պահանջներից, օտարների նախաձեռնությամբ և օտար նպատակների ծառայելու կոչված ձեռնարկում էին հանդիսանում։ Անժխտելի է, իհարկե, որ միարարական շարժման ծագումը Հայաստանում կապված էր քաղաքական դրդապատճառների՝ պապականության օգնությամբ հայ ժողովրդի ազատագրման սին երազանքների հետ։ Բուն գործունեության մեջ, սակայն, միարարությունը ոչ միայն որևէ դեր չկատարեց այդ նպատակի իրականացման ուղղությամբ, այլև պատճառ հանդիսացավ հայ ժողովրդի մի զգալի հատվածի օտարացմանը։ Այնուամենայնիվ, չնայած իր խաղացած խիստ բացասական գործնական դերին, միարարական շարժումը ուշադրության արժանի որոշ հետք է թողել հայ մշակույթի, մասնավորապես բնագիտական և փիլիսոփայական մտքի զարգացման պատմության մեջ։
Հայաստանում միարարական շարժման մշակութային կենտրոններն էին Արտազ գավառի Ծործոր բնակավայրում հիմնադրված հայ-ֆրանցիսկյան և Նախիջևանի Քռնա գյուղի հայ-դոմինիկյան վանքերը, որտեղ քարոզչական և գրական բուռն գործունեություն են ծավալել եվրոպացի միսիոներներից Ֆրա Պոնցիուսը, Բարթողիմեոս Բոնոնացին կամ Մարաղացին և Պետրոս Արագոնացին, իսկ հայ միարարներից՝ Հովհաննես Ծործորեցին, Հովհաննես Քռնեցին և Հակոբ Քռնեցին։ Հիմնականում այս անձնավորությունների ջանքերով շատ կարճ ժամանակի ընթացքում՝ ԺԴ դարի 20-40-ական թվականներին, լատիներենից հայերեն են թարգմանվում մեծ թվով ծիսական, քարոզչական, աստվածաբանական և մեկնողական գրքեր, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական և գիտական աշխատություններ։
Միարարական միջավայրի կարևորագույն թարգմանություններն են Ջիլբբերտոս Պոռետացու «Վեց սկզբունքների մասին», Ալբերտուս Մեծի «Աստվածաբանական ճշմարտության համառոտ շարադրանք», Թովմա Աքվինացու «Եկեղեցական խորհուրդների մասին», «Աստվածաբանության ամփոփում» և «Առաքինությունների գիրք», Նիկողայոս Լյուրացու «Հովհաննու ավետարանի մեկնություն» և «Եբրայեցիների թղթի մեկնություն», Բարթողիմեոս Մարաղացու «Վեցօրյա արարչության մասին», «Դիալեկտիկայի համառոտ շարադրանք» և «Քարոզգիրք», Պետրոս Արագոնացու «Հռոմեական եկեղեցու կանոնների դատաստանագիրք», «Արիստոտելի Ստորոգությունների համառոտ վերլուծություն», «Պերիարմենիաս գրքի վերլուծություն», «Պորփյուրի ներածության համառոտ շարադրանք» աշխատությունները և այլն։ Հայ միարարներն ունենում են նաև իրենց պատմագիրը՝ հանձին Ներսես Պալիանենցի, որը 1340-ական թվականներին Կաթոլիկ եկեղեցու՝ ժամանակավորապես Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում հաստատված հոգևոր կենտրոնում, էական լրացումներով, լատիներենից հայերեն է թարգմանում Մարտինոս Օպավիացու «Գավազանագիրքը»՝ Հռոմի պապերի գահակալության ամփոփ շարադրանքը։
Վերոհիշյալ թարգմանությունները, սակայն, չեն լճանում միարարական միջավայրի նեղ շրջանակներում, այլ, շուտով դուրս գալով նրա սահմաններից, թափանցում են բուն հայկական ուսումնական կենտրոններ՝ նպաստելով իմաստասիրական և բնագիտական գրականության հետագա զարգացմանն ու Հայաստանում եվրոպական սխոլաստիկայի բովով անցած անտիկ գիտության նվաճումների տարածմանը։ Մասնավորապես անուրանալի է նրանց բարերար ազդեցությունը հայ փիլիսոփայության Գլաձոր-Տաթևյան դպրոցի վրա, որի հոգևոր առաջնորդները՝ Եսայի Նչեցին, Հովհան Որոտանցին և Գրիգոր Տաթևացին, վճռական ու անզիջում պայքար մղելով կաթոլիկության աղետաբեր գաղափարների դեմ, միաժամանակ կարողացան լայնախոհաբար գնահատել և յուրացնել միարարական միջավայրի դրական գիտա-մշակութային արգասիքները։
ե. Ուշմիջնադարյան շրջանի թարգմանություններ
ԺԵ-ԺԶ դարերի անկման ժամանակներից հետո հայ թարգմանական գրականությունը թևակոխում է իր զարգացման վերջին՝ ուշմիջնադարյան շրջանը։ Թարգմանական գործի զգալի աշխուժացումը, որը նկատվում է ԺԷ-ԺԸ դարերում, պայմանավորված էր հայկական գաղթավայրերի աճող կենսունակությամբ, միջազգային առևտրի մեջ հայ վաճառականների խաղացած նշանակալից դերով և հայ մշակույթի ընդհանուր վերելքով։ Հայ ժողովուրդը Արևելքի ժողովուրդների մեջ թերևս առաջինն էր, որ թարգմանությունների միջոցով հաղորդակից էր դառնում եվրոպական գիտության՝ աշխարհագրության, մաթեմատիկայի, քերականության, բնագիտության նորագույն նվաճումներին։ Տպագրական գործի ծավալումը հնարավորություն էր տալիս այդ գիտելիքներն անմիջապես տարածելու գրասեր հասարակության մեջ, ինչը, անշուշտ, նպաստում էր հայ մշակույթի զարգացմանը և ժողովրդի կրթական մակարդակի բարձրացմանը։
ԺԷ դարում հայ թարգմանական գրականության ասպարեզում աչքի ընկ



