ՀԱՅԿ ԱՄԱԼՅԱՆ
Բան. գիտ. դոկտ., պրոֆ.
Ա.
Ե-Է դարեր
Բ.
Հունաբան դպրոց
Գ.
Է-Ը դարեր
Դ.
Թ դար
Ե.
Ժ դար
Զ.
ԺԱ-ԺԲ դարեր
Է.
ԺԳ դար
Ը.
ԺԴ դար
Թ.
ԺԶ-ԺԷ դարեր
Ա. Ե-Է դարեր
Հինգերորդ դարի սկզբին (405 թ.), Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերով, հայերենը՝ արդեն որպես գրավոր լեզու, սկսեց իր գործառությունը։ Աստվածաշնչի, ապա կրոնա-դավանաբանական մյուս բնագրերի թարգմանությունը կատարվեց բովանդակության ճշգրտությամբ և լեզվաոճական կատարյալ արվեստով։ Սակայն այդ հաջող թարգմանությունների լեզուն՝ մեսրոպյան կամ դասական գրաբարը, արդեն չէր կարող լիովին բավարարել հայ մշակույթի մեջ նոր հիմնավորվող փիլիսոփայական, տրամաբանական, քերականական և այլ գիտությունների հունարեն բնագրերը պատշաճ լեզվական մակարդակով հայերեն թարգմանելու պահանջները՝ իր բառակազմում գիտական տերմինների ու մասնագիտական բառերի բացակայության պատճառով։ Բառային միավորների այդ պակասը խոչընդոտում, դժվարացնում էր թարգմանչական աշխատանքը։ Հինգերորդ դարի կեսերին կազմավորվեց գիտական-մշակութային նոր ուղղություն՝ հունաբան դպրոցը։ Այդ դպրոցի ներկայացուցիչները (Մովսես Խորենացի, Դավիթ Քերական, Մամբրե Վերծանող և ուրիշներ) եռանդուն լեզվաշինարարական գործունեություն ծավալեցին, որի արդյունքում ձևավորվեց հունաբան հայերենը։ Հունարենի հետևողությամբ գրաբարի համակարգում՝ գլխավորապես բառապաշարում և ձևաբանության մեջ, մտցվեցին քերականական նոր կարգեր (սեռ, երկակի թիվ), բառակազմական ու բառափոխական մասնիկներ, բայի նոր ժամանակներ, կրավորականի, դերբայների, դասական թվականների նոր ձևեր և այլն։ Սակայն հայերենին անհարազատ նորամուծությունները՝ արհեստական կազմություններն ու պատճենումները ժամանակի ընթացքում, բնականաբար, մերժվեցին ու դուրս մղվեցին, իսկ հայերենին անհրաժեշտ լեզվամիավորները՝ հատկապես նախածանցները և գիտական տերմինները, արմատավորվեցին և գործածվում են նաև այժմ։Որպես ինքնուրույն գիտակարգ՝ քերականությունը հայ մշակույթի մեջ հաստատվել է 5-րդ դ. կեսերին և ճարտասանության ու գրչության արվեստի հետ ունեցած աղերսներով անցել է իր զարգացման հունատիպ (5-րդ-17-րդ դ. սկիզբ), լատինատիպ (17-րդ դ. սկիզբ 18-րդ 3-րդ քառ.) քերականությունների շրջանները, մինչև ինքնատիպ քերականությունների հանդես գալը։
Բ. Հունաբան դպրոց
Հունաբան դպրոցը կարևոր դեր խաղաց ոչ միայն քերականական արվեստի զարգացման, այլև հայ մատենագրության հարստացման գործում. հանդես եկան նոր թարգմանական ու հեղինակային աշխատություններ։ Այդ դպրոցի գործունեության երախայրին Արիստարքոսի աշակերտ Դիոնիոս Թրակացու (Theory of grammar) մեծահամբավ երկի հայերեն թարգմանությունն է, այն հիմքը, որի վրա շուրջ մեկ հազարամյակ հենվում է քերականական մեկնությունների և գրչության արվեստի երկերի հաջորդական շարքը՝ հայ հին ու միջնադարյան քերականական մտքի ամբողջ ձեռքբերումը։ Հայերեն թարգմանվեցին նաև ճարտասանական բնագրեր՝ Թեոն Ալեքսանդրիացու և Ափթոնիոսի «նախակրթությունների» (progymnasmata) ժողովածուները, ինչպես նաև իմաստասիրական, տրամաբանական և այլ աշխատություններ։Հայագիտության մեջ տարակարծություններ կան Թրակացու քերականության թարգմանության ստույգ ժամանակի և հեղինակի վերաբերյալ։ Սակայն ակադեմիկոս Գ. Ջահուկյանի փաստերը, լեզվաբանական և բանասիրական հանգամանալից քննություններով, ցույց են տալիս, որ թարգմանությունը կատարվել է 5-րդ դարի երկրորդ կեսում, որ թարգմանիչը, նաև առաջին մեկնիչներից մեկը Դավիթ Քերականն է։
Դավիթը (5-6-րդ դդ.) Թրակացու երկի բնագիրը ստրկորեն վերարտադրող, միամիտ պատճենող չէ, այլ լեզվական իմացություն ու ճաշակ ունեցող հմուտ թարգմանիչ է։ Նա հընթացս թարգմանության ինքնուրույն մոտեցումով և ըմբռնումներով դիտողություններ է անում, փոփոխություններ ու հավելումներ է կատարում լեզվական առանձին երևույթների, դրանց հեղինակային մեկնությունների ու սահմանումների վերաբերյալ։ Այդ թարգմանությունը որպես դասագիրք տարածվեց հայկական դպրոցներում և քերականական մեկնությունների առարկա դարձավ։
Թրակացու համար քերականությունը հմտություն է, մինչդեռ Դավիթը կարևորում է բանականության գործոնը՝ առավելություն տալով տառին («ոգի»), որի մարմնավորումը գիրն է («գործնական»), մարդկային ձայնը բնութագրում է որպես ներդաշնակ և հոդաբաշխ ձայն, որի ներդաշնակմանն են ծառայում բաղաձայններն ու ձայնավորները, շոշափում է տառերի դասավորության, փոփոխության, լծորդության, կրկնակ բաղաձայների հարցերը։ Դավիթը չի բավարարվում հայ մատենագրության մեջ հանդիպող ժողովրդական, դեռևս ոչ գիտական ստուգաբանություններով և տալիս է իր տեսությունը. ա) ստուգաբանութիւն յիրէն (առարկայի ձևը), բ) յարուեստէն (գործողի և ներգործությունը կրողի հարաբերությունը), գ) իձայնէ բնաձայնային ծագում ունեցող անուններ)։ Բառը համարվում է բանի գլխավոր միավոր, որի իմաստն արտահայտվում է բանի մեջ՝ իր տարբեր դրսևորումներով։ Վերացականորեն քննվում են խոսքի մասերը՝ անուն, բայ, դերանուն, մակբայ, հոդ, շաղկապ, առաջնային է համարվում անունը, մեկնաբանվում են հոլովման, խոնարհման և այլ հարցեր։
Անանուն մեկնիչը (5-րդ կամ 7-րդ դդ.) հստակ ու որոշակի չի մեկնաբանում բառ և բան տերմինները. բառը դիտում է որպես վանկերի, իսկ բանը՝ որպես բառերի հաջորդական շարք։ Նա անվան և առարկայի (իրի) կապը պայմանական է համարում, անունը և բայը իրենց անվանողական դերով «նշանակիչ» են, սակայն որպես խոսքի մասեր հակադրվում են։ Բարբառների մասին խոսելով՝ Անանունը նշում է լծորդ բաղաձայնների փոխարինման (տեղաշարժի) իրողությունը (բազուկ-պազուկ-փազուկ)։ Արծարծվում են ներքին և արտաքին թեքման հոլովումների, դերանվանական հոլովման, բայի խոնարհման և այլ հարցեր։ Իր հայացքներով՝ Անանունը զգալիորեն տարբերվում է Դավթից և Մովսեսից։
Մովսես Քերթող - արվեստի (մասնավորապես քերականական արվեստի) աղբյուր է համարում «միտքը» և «հանճարեղ խորհուրդը», նշում է արվեստի և մտքի փոխազդեցության, լեզվի լավ իմացության, բանականությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը։ Մովսեսը տարբերում է «քերթութիւն» (իմա՛ չափածո ստեղծագործութիւն), «շարադրութիւն» (արձակ ստեղծագործություն), «քերթողութիւն» (քերականություն) արվեստները, սակայն, ըստ ամենայնի, չի ըմբռնում քերականության և փիլիսոփայության տարբերությունը։ Նա քննում է հնչյունաբանական հարցեր (երկար ու կարճ ձայնավորներ, երկբարբառներ, բաղաձայններ, շեշտում է անվան առավելությունը բայի նկատմամբ, Դավթի նման՝ ուղղականը հոլով չի համարում, բայի ժամանակներից հիմնական է ճանաչվում անցյալը և ապառնին, կարևոր դիտողություններ է անում քերականության տարբեր հարցերի վերաբերյալ։
Առաջին մեկնիչների լեզվաբանական գործունեությամբ՝ քերականությունը դարձավ հայ մշակույթի մի հարուստ ու հիմնական բնագավառ, դպրոցներում դասավանդվող կարևոր առարկա։ Թրակացու քերականության մեկնություններում աստիճանաբար ավելացան հայերենի լեզվական միջոցների վկայակոչումները՝ հունարենի համեմատությամբ հայերենի տարբերությունները ցուցադրող օրինակներն ու փաստերը՝ դրանց հետաքրքիր մեկնություններով։ Առաջին մեկնությունները հիմք հանդիսացան քերականական մտքի տարածման ու հետագա զարգացման համար։
Գ. Է-Ը դարեր
Ստեփանոս Սյունեցի (7-8-րդ դդ.) - լեզվի փոփոխությունները նա դիտում է որպես աղավաղումների գործընթաց և այդ երևույթի կասեցման ու հին ձևերի վերականգնման միջոց է համարում քերականությունը, որի նպատակն է ուղղախոսության ուսուցումը՝ ուղիղ գրելն ու խոսելը, խոսքը զգացմունքային՝ ազդեցիկ ու գեղեցիկ դարձնելը։ Դրա համար պետք է լավ իմանալ գրական լեզուն ու բարբառները, նաև օտար լեզուներ, որոնք օգտակար են ստուգաբանությունների համար։ Թրակացու տեսության համաձայն` Սյունեցին քերականությունը համարում է գրականության՝ բանասիրության (ֆիլոլոգիայի) բաժիններից մեկը, որի հիմնական առարկան խոսքի մասերի քննությունն է, ընդ որում` ուշադրության առնելով վերծանության արվեստի, մասնավորապես առոգանության ու տրոհության նշանների հարցը։ Քերականական երևույթների մեկնություններն ուղեկցվում են մեկնիչի դիտողություններով և կարծիքներով. նրա համար տառը ձայնի մի տեսակ է՝ հնչյունի ձայնային (ֆիզիկական) և արտաբերական (ֆիզիոլոգիական) պահերով։ Ստեփանոսն անդրադառնում է բաղաձայնների և ձայնավորների դասակարգմանը, տարբերակում է բանն ու բառը` վերջինս համարելով բանի մեջ իր իմաստային արժեքը դրսեվորող հիմնական կառուցային միավոր, խոսքի մասը հատկացնում է շարահյուսությանը, անունը նույնացնում է ենթակայի, իսկ բայը՝ ստորոգյալի հետ և, որը շատ կարևոր է, փորձում է առաջին անգամ կատարել հայերենի բարբառների դասակարգում՝ բարբառները բաժանելով երկու խմբի՝ ոստանիկ և եզրական (առաջին խմբում առանձնացնելով յոթ բարբառ), քննում է հատուկ անուններին, դերանուններին վերաբերող հարցեր և այլն։Սյունեցին կարևոր ներդրում ունի Հայաստանում քերականական մտքի զարգացման գործում, աչքի է ընկնում հատկապես հայերենի առոգանությանը, բարբառներին և այլ հարցերին վերաբերող դիտողություններով ու տեսակետներով և հետագա մեկնիչների վրա թողած իր ազդեցությամբ։
Դ. Թ դար
Համամ Արևելցի (9-րդ դ.) - «Վերլուծութիւն քերականին» այլաբանական բնույթի աշխատության մեջ Համամը, գիտելիքների սահմանափակությամբ, տալիս է քերականական հասկացությունների ու երևույթների աստվածաբանական, կրոնա-դավանաբանական մեկնություններ, բառերի ձևական ու կամայական բացատրություններ՝ Աստվածաշնչից և այլ կրոնական բնագրերից քաղված դրույթներով և օրինակներով։Ե. Ժ դար
Գրիգոր Պահլավունի Մագիստրոս (985-1058 թթ.) - հայ միջնադարյան պետական-հասարակական գործիչ, գաղափարախոս, գիտնական։ Նրա «Մեկնութիւն քերականի» աշխատությունը բանքաղային բնույթ ունի, կազմված է նախորդ մեկնիչների՝ Դավթի, Անանունի, Մովսեսի, Ստեփանոսի մեկնությունների համադրումով, դիտողություններով ու հավելումներով՝ նկատի ունենալով նաև դասագրքին ներկայացվող նոր պահանջները։Մագիստրոսը նույնպես քերականությունն ընբռնում է լայն իմաստով՝ որպես բանասիրություն և, Թրակացու սահմանումով, քերականության վեց մասերի բաժանումը կատարելություն համարելով՝ ընդունում է նույնությամբ։ Նրա համար քերականությունը դեպի փիլիսոփայությունն ուղղված արվեստ է, ստորադաս, սկզբնական իմացությունների բնագավառ։
Մագիստրոսի մոտ ստուգաբանությունն ավելի գիտական բնույթ ունի, մասնավորապես փոխառյալ բառերը փոխատու լեզվի իմացությամբ լեզուների համեմատության տվյալների հաշվառումով կատարված ստուգաբանությունները։ Նա կարծիքներ է հայտնում նաև հնչյունական երևույթների, անվան սեռի, հոլովման վերաբերյալ. հայերենի համար ընդունում է հինգ հոլով։ Մեկնություններում կան նաև թերություններ, ինչպես՝ հնչյունաբանական հարցերում պատմական մոտեցման բացակայությունը, գրության և հնչման ոչ հստակ տարբերումը և այլն։ Սակայն նշելի է հատկապես ստուգաբանության մագիստրոսյան տեսությունը, որն այժմ էլ հետաքրքիր է լեզվի ուսումնասիրության՝ համեմատական և զուգադրական մեթոդների պատմական ընթացքին հետևելու տեսակետից։ Մեծ է մագիստրոսի ավանդը հայ մատենագրության ասպարեզում թե տեսական և թե գործնական առումով։
Միջնադարյան մատենագրությունը ձեռագրերի գրության ու ընդօրինակման հրատապ խնդիրներ էլ ուներ. բառապաշարի, ձևաբանության, ոճական և գլխավորապես ուղղագրության հարցերը պահանջում էին նոր, ինքնուրույն, հունարենի ազդեցություններից ազատ լուծումներ, և բնականաբար հանդես եկան գրչության արվեստին նվիրված աշխատություններ՝ մատենագրության լեզուն իր նախահունաբան շրջանի գրաբարի վերականգնումով, միասնական ուղղագրություն ու կետադրություն հաստատելու տեսական սկզբունքների ու կանոնների մշակումով։ Այդ կարևոր ձեռնարկումների ոլորտում առաջին քերականն Արիստակես գրիչն է։
Զ. ԺԱ-ԺԲ դարեր
Արիստակես գրիչ (12 դ.) - 11-12 դդ. հայ մատենագրության մեջ հանդես են գալիս միջին հայերենով գրված երկեր, փոփոխություններ են կատարվում ուղղագրության մեջ։ Արիստակեսը գրեց իր «Վերլուծութիւն բացերևապէս բազմազան բայից և բառից» երկը, որը գրչության արվեստի անդրանիկ աշխատությունն է հայ մատենագրության մեջ։ Դրա նպատակն է վերականգնել հին ուղղագրությունը, հիմնականում Յ-ի գրության կանոնները, որոնք աղավաղվել էին «յանվարժից և յանհանճար գրչաց»։ Հեղինակը՝ իրեն մտահոգող հարցերի վերլուծությամբ, մշակում է ուղղագրական կանոններ՝ դրանց կիրառության դեպքերը ցուցադրող օրինակներով։Արիստակեսի աշխատությունը կազմված է խրատական-ուսուցողական բնույթի տասը կանոններից, որոնցից վերջինն ուղղագրական բառարան է։ Կանոնները վերաբերում են Յ-ի գրության, բացթողման, հնչյունափոխման դեպքերին՝ բառավերջում, բառասկզբում, բառամիջում, հատուկ անուններում, հոլովական և բայական ձևերում և այլ դիրքերում։
Այդ աշխատությունը շատ կարևոր դեր կատարեց հայերենի ուղղագրության նորմավորման և կայունացման գործում, հիմք ծառայեց հետագա մշակումների, դպրոցներում լեզվի և ուղղագրության ուսուցման համար՝ չկորցնելով իր նշանակությունը ընդհուպ մինչև մեր ժամանակները։
Է. ԺԳ դար
Գևորգ Սկևռացի (13-րդ դ., վախճ. 1301 թ.) - 13-րդ դարի հայտնի մատենագիր, քերական, երաժիշտ-տեսաբան։ Գրել է գրչության արվեստի երեք աշխատություններ՝ «Խրատ վասն հանգամանաց հեգից», «Խրատք վասն առոգանութեանցն», «Խրատք յաղագս գրչութեան արուեստի»։ Սկևռացին ծանոթ էր Արիստակեսի աշխատությանը և օգտվել է նրանցից։ Իր երրորդ՝ «Խրատք յաղագս գրչութեան արուեստի» երկի մեջ քննում է վանկատման և տողադարձի հարցեր, մշակում է կանոններ, որոնք հարատևեցին մինչև մեր ժամանակները և առանձին փոփոխություններով ընդունվեցին։ Վանկը («հեգ», «փաղառութիւն») տառերի շարք է, որի մեջ հիմնական միավորը ձայնավորն է։ Առոգանության նշանների մասին խոսելիս՝ Սկևռացին մասնավորապես նշում է, որ բանավոր խոսքում առոգանությունը տարբեր արտահայտություն ունի, մինչդեռ գրավոր խոսքում այն դրսևորվում է առոգանության նշանների միջոցով։ Նա գրեթե բան չի ավելացնում առոգանության նշանների վերաբերյալ անցյալից ավանդված աղքատիկ տեղեկություններին՝ բավարարվելով Թրակացու քերականության հավելվածում և Սյունեցու աշխատության մեջ եղած կարծիքներով։Վարդան Արևելցի - (13-րդ դ. սկիզբ - 1271 թ.) - խոշոր գիտնական, թարգմանիչ, քերական, մանկավարժ, հեղինակ քերականական երկու երկերի՝ «Յաղագս մեկնութեան քերականին», և «Վասն բանին մասանց»։ Գրում է պարզ ու մատչելի լեզվով, առանց հունաբան հեղինակներին հատուկ խրթնաբանությունների՝ ամենից առաջ նկատի ունենալով իր աշխատության բովանդակությունը սովորողներին դյուրությամբ, պատկերավոր խոսքով մատուցելու կարևորությունը, չխուսափելով խոսակցական լեզվի ձևերի գործածումից, խոսակցական լեզուն հավասար համարելով գրաբարին։ Նա հետաքրքիր, մանրամասն տեղեկություններ է տալիս բարբառների մասին, մերժում է հունաբան դպրոցի շինծու ձևերը՝ հատկապես երկակի թիվը, ընդունում է քերականության «հմտություն» լինելու Թրակացու կարծիքը՝ գտնելով, որ «հմտություն» անվանումը բնավ չի խանգարում քերականությունը՝ որպես գիտություն ըմբռնելուն և «Վասն բանին մասանց» երկում, վճռական քայլ է անում այդ գիտությունը փիլիսոփայությունից, ճարտասանությունից և պոետիկայից ազատելու ուղղությամբ։
Վարդանը քերականության նպատակ է համարում խոսքը հղկելը, կոկելը, լեզվի լավ միջոցների ու ձևերի ընտրությունը։ Նա տառը պատկերացնում է Թրակացու և Դավթի բնորոշումներով՝ անկախ սահմանումների տարբերություններից, հայերեն գրերի շատության պատճառ է համարում բարբառները և լեզվի հարստությունը, յուրովի է դասակարգում բաղաձայններն ու ձայնավորները։ Խոսքի մասերը ներկայացվում են իրենց իմաստաբանական ու ձևաբանական հատկանիշներով և տարբերակվում են ըստ շարահյուսական նշանակության՝ նախադասության մեջ կատարած դերով։ Ամփոփ շարադրումով քննվում են ածականների, բայի, խոնարհման, դերանունների, մակբայի, շաղկապի, առոգանության և այլ հարցեր։
Հովհաննես Պլուզ Երզնկացի (մոտ 1230-1293 թթ.) - 13-րդ դարի հայ մատենագրության և մանկավարժության նոր խնդիրների լուծումը տեսական ու գործնական նշանակություն ունեցող նոր աշխատանքների կարիք ուներ։ Մագիստրոսի «Մեկնութիւն քերականին» երկը, շուրջ մեկ դար օգտագործվելով, արդեն հնացել էր, և դրան 1293 թ. փոխարինելու եկավ Երզնկացու «Հավաքումն մեկնութեան քերականի» բանքաղային աշխատությունը։ Հեղինակն ամփոփել է գոյություն ունեցող քերականական երկերը, և դրանց հնարամիտ ու բանիմաց համադրումով, խմբագրումով, հավելումներով ու դիտողություններով, ստեղծել է մի ամբողջական, համակարգված և մշակված ծավալուն աշխատություն՝ առաջաբանով հանդերձ։
Երզնկացին քերականությունը դիտում է որպես «բանական արհեստ», որը կապված է գրականության, փիլիսոփայության, տրամաբանության, ճարտասանության և երաժշտության հետ, խոսում է գրերի գյուտի մասին, կարևորում է գրերի միջոցով հաստատվող գրականության և քերականության դերը լեզուն խեղաթյուրումից զերծ պահելու գործում։ Լեզուների ծագման ու դասակարգման հարցերում նա բավարարվում է աստվածաշնչական ավանդումներով, լեզվի դերը գնահատում է Ստեփանոսի և Մագիստրոսի ըմբռնումներով, լեզվական տարբերությունները բացատրում է իրերի և արտաքին աշխարհի՝ մարդկային տարբեր ընկալումների փաստով։
Երզնկացին հնչյունաբանական հարցերը լուծում է ըստ ձայնային հատկանիշների, ընդունում է հնչյունների ավանդական դասակարգումը, համառոտակի ներկայացնում է վանկատումն ու տողադարձն ըստ Սկևռացու։ Հիմնական խոսքի մասերը նա համարում է անունը, ապա բայը, որոնք, Ստեփանոսի հետևողությամբ, նույնացնում է ենթակայի և ստորոգյալի հետ, դերանունները բնութագրում է դրանց՝ լայն ընդհանրացում արտահայտելու հատկանիշով, նախդիրները, նախադրությունները նաև նախածանցները «նախադրություն» է անվանում, նշում է լծորդների կիրառության ոլորտները՝ տաղաչափություն, ստուգաբանություն, բարբառներ, բայաձևեր, գրչության արվեստ։
Հովհաննես Ծործորեցի (1283-1340 թթ.) - Ծործորեցու «Համառօտ տեսութիւն քերականին» աշխատությունը նույնպես բանքաղություն է՝ Մագիստրոսի, Երզնկացու, Նչեցու երկերի համադրումով։ Սակայն իր այդ աղբյուրներից տարբերվում է նյութի մատուցման ձևով, հորինվածքով, լեզվաոճական առանձնահատկություններով։ Շարադրված է 14-րդ դ. գրաբարով։ Ծործորեցին իր օգտագործած աղբյուրներին՝ հատկապես Նչեցու և Երզնկացու մեկնություններին, տեսական առումով բան չի ավելացնում, բայց շատ արժեքավոր է նրա աշխատության վերջին մասը՝ «Թելադրութիւն ի խոնարհմունս բայի»։ Այդ հատվածը հայերենի բայական համակարգին նվիրված մի նոր տեսական շարադրանք է։ Հեղինակը նոր մոտեցումով, ստեղծագործորեն է քննում իր ժամանակի հայերենի բայական համակարգը. առանձնացնում է բայի հինգ եղանակներ՝ «աներևոյթ» (իմա անորոշ դերբայ), սահմանական, հրամայական, ըղձական և ստորադասական։ Ծործորեցին հրաժարվում է Թրակացու հայերեն թարգմանությամբ դարեր շարունակ հայ մատենագրության մեջ արմատավորված օտարաձև ու շինծու, հայերենին խորթ բայաձևերից և խոնարհման եղանակային ու ժամանակային հարացույցների մեջ է մտցնում խոսակցական լեզվի բայաձևեր, դրանց թվում կա եղանակիչով կազմվող (սահմանական ներկա և անցյալ անկատար) ձևեր։
Եսայի Նչեցի (մոտ 1260-1338 թթ.) - Նրա «Վերլուծութիւն քերականութեան» աշխատությունը նույնպես բանքաղություն է՝ Դավթի, Համամի, Արիստակեսի և մյուսների քերականական մեկնությունների և, հատկապես, Երզնկացու երկի համադրությամբ։ Ի տարբերություն Թրակացու՝ Նչեցին քերականությունը սահմանում է ոչ թե որպես հմտություն, այլ արվեստ՝ «դուռն ամենայն իմաստութեան և կրթութեան»։ Ըստ Նչեցու՝ քերականության հիմնական խնդիրը խոսքի մասերի քննությունն է՝ համեմատությունների միջոցով, հայերենի նախնական, արդեն փոփոխված ձևերի վերականգնումը և լեզվի հին ու նոր վիճակների միջև անջրպետի վերացումը։ Նա հնչյունաբանական, ձևաբանական և այլ հարցերը քննում է Երզնկացու հետևողությամբ։
Առանձնապես արժեքավոր է նրա ինքնուրույն աշխատանքով կազմված բայերի խոնարհման աղյուսակը՝ գրաբարի խոնարհման հարացուցային ձևերի զուգադրությամբ։
Հովհաննես Քռնեցի (մոտ 1290-92-1347 թթ.) - Քռնեցու «Համառօտ հաւաքումն յաղագս քերականին» աշխատության համար աղբյուրներ են եղել նախորդ քերականների՝ հատկապես Վարդան Արևելցու, Երզնկացու, Նչեցու և, հիմնականում, լատիներենի քերականական երկերը։ Նրա աշխատությունը հատկանշական է իր ուրույն բնույթով ու կառուցվածքով. բաղկացած է վեց մասերից. 1) «Յաղագս պարզ գիտութեանց» (գիր, վանկ, բառ, անուն…), 2) «Յաղագս գիտութեան բաղդատելոց» (բան, կառավարութիւն…), 3) «Յաղագս շարամանութեանց» (կատարեալ շարամանութիւն, սեռական, արական…, 4) «Յաղագս առոգանութեան», 5) «Յաղագս ներչափական տառից», 6) «Յաղագս վերծանութեանց»։ Թրակացու սահմանումների հետ ունեցած նմանություններով, ինչպես նաև բազմաթիվ շեղումներով ու նոր մեկնաբանություններով՝ Քռնեցին հանգամանորեն քննում է բոլոր հարցերը, կերտում է հայերեն ձևաբանական և շարահյուսական տերմիններ, մասնագիտական բառեր, մշակում է խոսքի մեջ բառերի կապակցությունների տեսությունը։
Քռնեցուն է պատկանում առաջին անգամ հայերենի շարահյուսության գիտական նկարագրության պատիվը։ Նրա Երկը հայ քերականական մտքի զարգացման և առաջընթացի նոր վկայություն է, լատինատիպ քերականությունների նախանմուշը և մեծ ազդեցություն է թողել հաջորդ քերականների վրա։
Ը. ԺԴ դար
Գրիգոր Տաթևացի (1346-1410 թթ.) - Մեկնաբանում է Արիստակես գրչի աշխատությունը։ Նրա «Գրիգորի աշակերտի Յովհաննու Որոտնեցւոյ լուծումն համառօտ դժվարիմաց բանից ի գիրս գրչութեան, որ Յարիստակեսէ հռետորէ» խորագրով աշխատությունն սկսում է գրիչ և գրչություն բառերի իմաստների բացատրությամբ՝ առանձին հատվածների մեջ ամփոփելով Արիստակեսի մտքերը։Տաթևացին գտնում է, որ քերականությունը և տրամաբանությունը սերտորեն կապված են։ Արիստոտելի նման՝ նույնացնելով քերականական և տրամաբանական հասկացությունները. անունը և բայը համարում է բանի՝ նախադասության (դատողության) անդամներ, ջնջում է անվան և բայի սահմանները, հոլովի կարգը վերագրում է այդ երկու խոսքի մասերին էլ՝ նկատի ունենալով դրանց գործառական հատկանիշները (որպես ենթակա և ստորոգյալ)։ Ձևաբանական և ուղղագրական հատկանիշների հաշվառումով՝ սեռական և բացառական
