ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ: ԿԱՌՈՒՅՑԸ


«Մատենադարանի Բարեկամներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է։ Հոգաբարձուների խորհրդի պատվո նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, նախագահը` Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը։

Հոգաբարձուների խորհուրդը քննարկում և ընդունում է Մատենադարանի տնօրինության և գիտական խորհրդի առաջարկած ծրագրերը, որոշում դրանց առաջնահերթությունը։ ՄԲԲՀ ծրագրերի իրականացումը կազմակերպում և վերահսկում է գործադիր գրասենյակը։ Գործադիր գրասենյակի տնօրենը տարին մեկ անգամ ծրագրային և ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդին։ Գրասենյակի տնօրենն է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը։

ՄԲԲՀ հոգաբարձության անդամ կարող են դառնալ այն անհատները և ընկերակցությունները, որոնք բացառիկ ծառայություն են մատուցել Մատենադարանին, ձեռագրերի պահպանությանը կամ արել են համապատասխան նյութական ներդրում՝ դառնալով ՄԲԲՀ Մեկենաս, Պատվո կամ Բարերար անդամներ։ Հոգաբարձուների խորհուրդն ունի նախագահություն, որին անդամակցում են ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մատենադարանի փոխտնօրեն, ՄԲԲՀ տնօրեն Արշակ Բանուչյանը, Փարիզի «Նուպարյան գրադարանի» տնօրեն Հարություն Գևորգյանը, «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանը, Մատենադարանի գիտական քարտուղար Շուշանիկ Խաչիկյանը, Փարիզ-XIII համալսարանի աշխատակից Արմեն Մութաֆյանը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Հոգաբարձուների խորհրդի անդամներ են Սիրիայից Վարուժան Սալաթյանը, Մեծ Բրիտանիայից Հովիկ Էդգարյանը, Հայաստանից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Նվեր Մխիթարյանը։


2007-07-27