ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ: ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

«Մատենադարանի բարեկամներ» Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվո նախագահությամբ։ Այն արդեն երեք տարի գործում է և արդեն իրականացրել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի գործունեությանն աջակցող մոտ 120,000 ԱՄՆ դոլարի ծրագրեր։

Նման հաստատություն ստեղծելու գաղափարը շուրջ 40 տարվա պատմություն ունի։ Նախորդ դարի 60-ական թվականներին Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը, սիրիահայ գրասեր, հասարակական գործիչ Վարուժան Սալաթյանը, ամերիկահայ գրող Զավեն Սյուրմելյանը, եգիպտահայ գրող Սարուխանը, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների մի խումբ հայագետներ Մատենադարանի ֆոնդերի պահպանության և հարստացման ծրագրերին աջակցելու նպատակով նախաձեռնել էին «Մատենադարանի բարեկամներ» ընկերակցության ստեղծման գործը։

Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը սիրահոժար ստանձնել էր ընկերակցության պատվո նախագահությունը։ Ֆրանսիայում մասնաճյուղ ստեղծելու գործը հանձն էր առել ֆրանսիացի հայագետ պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդին։

Այս գեղեցիկ նախաձեռնությունը մի շարք պատճառներով իրականություն չդարձավ, սակայն չվերացավ նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Հայաստանի անկախության հռչակումից հետո, երբ պատերազմի, շրջափակման, տնտեսության ու հասարակության անցումային գործընթացի պայմաններում վատթարացավ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, կրկին հրատապ դարձավ Մատենադարանին աջակցող կառույց ստեղծելու գաղափարը։

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը` Մատենադարանը, պետական հաստատություն է և ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Պետության հատկացրած միջոցները, սակայն, թույլ են տալիս հոգալ միայն ֆոնդերի պահպանման ու գիտական անձնակազմի գործունեության ընթացիկ ծախսերը։ Խորհրդային տարիներին պետական բյուջեից Մատենադարանին հատկացվում էր 370,000 ԱՄՆ դոլարին համարժեք սովետական ռուբլի։ Ներկայում պետբյուջեն հայագիտական այս հզոր կենտրոնին տարեկան հատկացնում է 80,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այսինքն` մոտ չորսուկես անգամ պակաս։

Լինելով հնագույն մշակութային արժեքների շտեմարան, Մատենադարանը կենդանի օրգանիզմ է և նրա ամենօրյա պահանջների անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի կորուստների։ Խոսքը վերաբերում է ֆոնդերի պահպանությանը, ձեռագրերի հիգիենային և այլ խնդիրների, որոնք չեն կարող սպասել երկրի տնտեսության բարելավմանն ու պետական պատշաճ հոգածությանը։ Բացի այդ, համաշխարհային գիտության առաջընթացը ստիպում է մտածել եթե ոչ համաքայլ լինելու, ապա գոնե հետ չմնալու մասին։ Իսկ դրա համար պետք է խթանել գիտահետազոտական աշխատանքը, պետք է միջազգային չափանիշների հասցնել այդ աշխատանքի ձևերն ու մեթոդները։

Այս նպատակով է ստեղծվել «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը։ և ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է գրել իր կոնդակում «Մատենադարանը պիտի պահպանենք իբրև հոգու սրբազան տաճար, գիտութեան ու արուեստի լուսեղէն կաճառ` միշտ մնալով շարունակողները մեր նախնիների իմաստասէր վարքի։ «Զի ուր գանձք ձեր են` անդ և սիրտ ձեր եղիցին»,-ասում է Քրիստոս մեր Փրկիչն ու Տէրը։ Մեր գանձերը կշարունակեն ապրել, կշարունակեն իրենց առաքելութիւնը, քանի դեռ մենք նրանց հնաբոյր, բազմախօս էջերում կփնտրեքն մեր հոգին և էութիւնը»։


2007-07-27