ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՄԻ ՔԱՆԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՄՈՒՇՆԵՐ

ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Հայ գրչության հնագույն նմուշները պատկանում են 5-6-րդ դարերին։ Այդ ժամանակներից ամբողջական ձեռագրեր չեն պահպանվել, դրանք մեզ են հասել պատառիկների տեսքով։ Յուրաքանչյուր պատառիկ չպահպանված ձեռագիր հուշարձանի վկան է։ Պատառիկների մի մասը պահպանվել է որպես ձեռագրերի կազմերին կցված պահպանակ։ Ձեռագրերը կազմելիս հաճախ կազմի ներսից փակցվել են ավելի հին և այլևս անօգտագործելի ձեռագրերից վերցրված թերթեր, որպեսզի դրանով բնագիրը պաշտպանեն մշտական շփման մեջ գտնվող կազմից։ Այսպիսի պատառիկ-պահպանակներով մեզ են հասել հայ և օտար հեղինակների աշխատությունների հնագույն ընդօրինակությունների նմուշներ, որոնք գիտական մեծ նշանակություն ունեն։ Պատառիկների մի մեծ մասը պահպանվել է ձեռագրից անկախ. նրանք հաճախ գտնվել են պատահաբար այս կամ այն վայրում, ավերակների մեջ, քարայրներում, հողի մեջ թաղված և այլն։

Կան հարյուրաւոր տարիներ առաջ ձեռագրերից պոկված առանձին թերթեր, որոնք խնամքով պահվել և, սերնդից սերունդ փոխանցվելով, հասել են մեզ։ 0րինակ, Մատենադարանում պահվում են 4-րդ դարի հույն մատենագիր Կյուրեղ Երուսաղեմացու աշխատության հայերեն թարգմանության 17 թերթ-պատառիկ, որոնք ընդօրինակվել են ավելի քան հազար տարի առաջ և պոկվելով այժմ անհետ կորած ձեռագրից՝ հասել են մեզ։

Թերթերից մեկը Մատենադարանում եղել է դեռ շատ վաղուց, երկու թերթ բերվել են Անիի թանգարանից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, չորս թերթ կարված է եղել 1916թ. Վարագից բերված մի ձեռագրի կազմին, ուրիշ չորս թերթ կցված են 1904թ. Վասպուրականում ընդօրինակուած մի ձեռագրի, որը Մատենադարան է բերվել Աղթամարից 1916թ., երկու թերթ կարված է Այրի Ձորում 1311թ. ընդօրինակված մի ձեռագրի կողերին։ Այս թերթերը երկար ժամանակ պահվել են Կեսարիայի Բենդուսայ գյուղում, այնուհետև տեղափոխվել են Բեյրութ, որտեղից էլ 1953թ. բերվել Մատենադարան։ 1959թ. Մոսկվայից ստացված մի ձեռագրի մէջ հայտնաբերվեց ևս չորս թերթ, որոնք կարված էին 1452թ. Մոկաց երկրում ընդօրինակված ձեռագրերի կողերին։ Այսպիսով, միևնոյն ձեռագրի թերթերն ընկել են բոլորովին տարբեր վայրեր։

ՀՆԱԳՈՒՅՆ ԿԱԶՄ ԵՎ ՄԱՆՐԱՆԿԱՐ

Մատենադարանի հնագույն կազմն ու մանրանկարները 6-րդ դարից են։ Ձեռագիրը պահվում է 2374 համարի ներքո։ Այն երկար ժամանակ պահվելով Էջմիածնում՝ ստացել է «Էջմիածնի Ավետարան» անունը։ Բուն Ավետարանը գրվել է 989թ. Նորավանքում։ Գրիչը Հովհաննեսն է, ստացողը՝ Ստեփաննոս քահանան։ Ձեռագիրն ունի 37x30,3 սմ մեծություն, 233 թերթ. թերթերը մագաղաթ են՝ գրությունը երկսյուն, գիրը՝ բոլորգիծ երկաթագիր, ունի 7 մանրանկար, որոնցից 4-ը 6-րդ դարից են։ Կազմը փղոսկրից է, տերունական քանդակներով, պատրաստուած 6-րդ դարում։

Ա փեղկ
Բ փեղկ
էջ 228ա
էջ 228բ էջ 229ա էջ 229բ

ՀՆԱԳՈՒՅՆ ԹՎԱԿԻՐ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐ

Ամբողջությամբ մեզ հասած թվակիր մատյաններից հնագույնը «Լազարյան Ավետարանն» է՝ ընդօրինակված 887թ.։ Այն պահվում է 6200 համարի ներքո։ Երկար ժամանակ պահվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Գրիչն է Սահակ Վանանդեցին։ Ձեռագիրն ունի 37x27,5 սմ մեծություն, 229 թերթ. թերթերը մագաղաթ են՝ գրությունը երկսյուն, գիրը՝ բոլորգիծ երկաթագրով։ Կազմը շագանակագույն պարզ կաշվից է։
Լազարյան Ավետարան Հնագույն թղթե ձեռագիր

ՀՆԱԳՈՒՅՆ ԹՂԹԵ ՁԵՌԱԳԻՐ

Մատենադարանում պահվող հնագույն թղթե ձեռագիրն ընդօրինակվել է 981թ., որը պահվում է 2679 համարի ներքո։ Գրիչն է Ղուկասը, ստացողը՝ գրչի հայր Դավիթ քահանան։ Ձեռագիրն ունի 28x19 սմ մեծություն, 359 թերթ. գրությունը միասյուն է, բոլորգիր տառատեսակով։ Կազմը տախտակե միջուկով դրոշմազարդ կաշվից է։

ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌԱԳԻՐԸ

Չափերով ամենամեծ ձեռագիրը կշռում է 27,5 կգ և հայտնի է «Մշո Ճառընտիր» անունով,
Մշո Ճառընտիր
որը պահվում է 7729 համարի ներքո։ Ձեռագիրը գրվել է 1200-1202թ. Երզնկայի Ավագ վանքում։ Գրիչը Վարդան քահանա Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը, կազմողը՝ Ստեփանոսը (1205թ.), հետագայում վերակազմել է Կիրակոս վրդ. Աղբեցին (1828թ.), ստացողն է Բաբերդի ռայիս Պատրոն Աստվածատուրը։ Ձեռագիրն ունի 70,5x55 սմ մեծություն, 603 թերթ. թերթերը մագաղաթ են՝ գրությունը եռասյուն, գիրը՝ ուղղագիծ երկաթագիր, 3 տերունական մանրանկար, 1 խորան։ Այժմ անկազմ է՝ բաժանված երկու մասի, որոնք պահվում են առանձին։

ԱՄԵՆԱՓՈՔՐ ՁԵՌԱԳԻՐԸ

Չափերով ամենափոքր ձեռագիրը կշռում է 19 գրամ. բովանդակությամբ «Տոնացույց» է, որը պահվում է 7728 համարի ներքո։ Ձեռագիրը գրվել է 1434թ. Կաֆայում։ Գրիչը Ավգսենտ կրոնավորն է, ստացողը՝ Հակոբ քահանան։ Ձեռագիրն ունի 4x3 սմ մեծություն, 104 թերթ. թերթերը մագաղաթ են՝ գրությունը միասյուն, գիրը՝ բոլորգիր։ Կազմը տախտակե միջուկով դրոշմազարդ կաշվից է։
Ամենափոքր ձեռագիրը Առաջին համարի ձեռագիրը

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ ՊԱՀՎՈՂ ՁԵՌԱԳԻՐԸ


Մատենադարանի հարուստ հավաքածուի առաջին համարի ներքո պահվող ձեռագիրը բովանդակութբ Ժողովածու է, գրվել է 1632-1633թ. Թոխաթում։ Գրիչը Սահակ երեցն է։ Ձեռագիրն ունի 20,5x15 սմ մեծություն, 123 թերթ. թերթերը թուղթ են՝ գրությունը միասյուն, գիրը՝ բոլորգիր, նոտրգիր գրատեսակներով։ Կազմը տախտակե միջուկով դրոշմազարդ կաշվից է։ Ձեռագիրը պարունակում է Առաքել Սյունեցու Ադամագիրքը, Առաքել Սյունեցու, Կարապետ Բաղիշեցու, Առաքել Բաղիշեցու, Ստեփաննոս Գոյներիցանցի և ուրիշների տաղերը, զրույցներ, ախտարք, գուշակություններ:


2007-01-25