ԾՐԱԳՐԵՐ: ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մատենադարանում պահպանվող ձեռագրերը պարունակում են տասնյակ հազարավոր գրավոր հուշարձաններ գիտության ամենատարբեր ճյուղերի մասին՝

  պատմության և գրականության, հին հայկական բժշկության, մաթեմատիկայի, քիմիայի-ալքիմիայի, աստղագիտության, փիլիսոփայության, իրավունքի և քաղաքականության, արվեստի և երաժշտության և այլ գիտաճյուղերի։ Մատենադարանի, Գիտությունների Ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների, Համալսարանի և աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական հաստատությունների հարյուրավոր գիտնականներ ուսումնասիրում են այդ ձեռագրերն ու իրենց հրատարակություններով ու հրապարակումներով աշխարհի հանրությանը հասցնում հին և միջնադարյան անգնահատելի արժեքները, դրանով հարստացնելով մարդկության հիշողության գանձարանն ու ներկայացնում հայ մշակույթը աշխարհին։ Ներկայումս, ցավոք  դժվարացել է գիտական ուսումնասիրությունների հրատարակման գործը։ Այսպիսով՝ երկարատև ու տքնաջան գիտական աշխատանքները դարակների վրա դրված սպասում են, թե երբ բախտը կժպտա, կգտնվի տվյալ գրքի հրատարակության ծախսերը հոգացող բարերար, և «լույս աշխարհ» գալով կհասնի ընթերցողին, վեր հանելով մագաղաթյա մատյանների էջերում ամփոփված նյութերը։

ՄԲԲՀ-ն՝ այսօր, հարյուրավոր նվիրատուների աջակցությամբ, ուժերի ներածի սահմաններում իրականացնում է թե գիտահետազոտական աշխատանքների և թե դրանց հրատարակության ծրագրերի իրականացման քարոզչություն և հավաքագրված միջոցների նպատակային ֆինանսավորում։ Մասնակից թե աջակից, բարեգործ թե բարերար, պատվո թե մեկենաս անդամների նվիրատվություններն ուղղորդվում են զանազան ծրագրերի իրականացմանը, յուրաքանչյուր նվիրատուի անունն արձանագրելով ըստ պատշաճի թե «Մատենադարան» տարեգրքում և թե հրատարակվող գրքերի «ընծայական էջերում»։

ՄԲԲՀ-ն սկսել է հրատարակության պատրաստել մի շարք մատենաշարեր՝

    ա) «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց» մատենաշարը,
    բ) «Ցուցակ ձեռագրաց»  մատենաշարը,
    գ) «Մաշտոցյան Մատենադարան» մատենաշարը,
    դ) «Հայ քաղաքական միտք» մատենաշարը,
    ե) «Հայկական հնագրություն» մատենաշարը,
    զ) «Հայկական մանրանկարչության գանձարան» մատենաշարը։

Հրատարակության են պատրաստվել երկու տասնյակից ավելի գրքեր, ալբոմներ և մատենագիտական ցուցակներ։ Այդ թվում բնագրագիտական, աղբյուրագիտակն և առանձին մենագրություններ։
 


2007-02-03